Հունիսի 5-ին ժամը 12:00-ին Արարատի և Վայոց Ձորի Վեդի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ընտանեկան բռնության ենթարկված Մարիամ Գևորգյանի հերթական նիստը: Դատական նիստերը արդար ու բաց անցկացնելու պահանջով այսօր <<Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան>> և Մարիամին սատարողների մի մեծ խումբ բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի դիմաց: Նրանք իրենց ակտիվ մասնակցությունն էին ցուցաբերում` հոգեբանորեն աջակցելով Մարիամին:

Այնուամենայնիվ, նիստը հերթական անգամ հետաձգվեց, քանի որ այսուհետ սույն քրեական գործով դատավարությունը շարունակվելու է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում, որը հնարավորություն կստեղծի ձայնագրել ողջ դատավարության ընթացքը:

Նշենք նաև, որ այսօր դատական գործին հրավիրաված էին մի խումբ վկաներ, ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրող կողմի պահանջներով:

Հիշեցնենք, որ Մարիամը ենթարկվել էր ֆիզիկական և հոգեբանական բռնության իր սկեսուրի և ամուսնու` Դավիթ Զիրոյանի կողմից: Ամուսնանալով 2009 թվականին` նրանք մեկնել են Սանկտ-Պետերբուրգ, որտեղ բնակվում էր Դավիթի ընտանիքը: Մարիամը բռնության է ենթարկվել իր ամուսնու և սկեսուրի կողմից շուրջ 10 ամիս: Հայաստան վերադառնալուց հետո Մարիամը զանգահարել է ոստիկանություն, ինչի հետևանքով նրա ամուսինը ձերբակալվել է <<դիտավորյալ միջին ծանրության վնաս պատճառելու>> և <<ծեծ>> հոդվածներով, որոնց համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Սակայն 2011թ. դատարանի որոշմամբ՝ Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հայտարարած համաներմամբ: Այնուամենայնիվ, Դավիթի մոր` Հայկանուշ Միքայելյանի  դեմ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Այսպիսով, Մարիամ Գևորգյանի հերթական նիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 14-ին ժամը 12:00-ին Արտաշատ քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել