Ռուսաստանի ժողովրդագրական իրավիճակը տարեցտարի վատթարանում է: 2010թ. մարդահամարի բոլորովին վերջերս հրապարակված նախնական արդյունքները վկայում են, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր երկրի բնակչությունը մշտապես կրճատվում է: 2002թ. համեմատությամբ Ռուսաստանի բնակչությունը կրճատվել է 2,62 մլն-ով: (Վերջին մարդահամարի (2002թ.) պաշտոնական տվյալներով՝ երկրի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 145,2 մլն մարդ՝ նախորդ մարդահամարից (1989թ.) հետո կրճատվելով 1,8 մլն-ով): «Ռոսստատ»-ի կանխատեսումներով՝ երկրի բնակչությունը շարունակելու է նվազել առաջիկա 20 տարիներին՝ 2031թ.-ին կազմելով 126,9 մլն:
Միաժամանակ, զգալիորեն աճել է «մահմեդական» բնակչությունը: 2002թ.-ի համեմատությամբ Դաղստանում, օրինակ, բնակչության թիվն աճել է 15,6 %-ով, Չեչնիայում՝ 15 %-ով, Կարաչայեվո-Չերկեսիայում՝ 9 %-ով և այլն:
2002թ.-ի տվյալներով՝ Ռուսաստանում բնակվում էր 14,5 մլն մահմեդական: Եթե հաշվի առնենք, որ երկրի մահմեդական բնակչության աճի տեմպը մի քանի անգամ գերազանցում է էթնիկ ռուսների աճի տեմպը, ապա կարելի է ենթադրել, որ առաջիկա տասնամյակներում ռուսների տեսակարար կշիռը երկրի բնակչության թվակազմում 50 %-ից ցածր կլինի:
Տղամարդիկ միլիոններով են մահանում
Վիճակագրությունը փաստում է նաև, որ ալկոհոլի չարաշահումից Ռուսաստանում տարեկան մահանում է 0,5 մլն մարդ: 2010թ.-ի մարդահամարի նախնական արդյունքը փաստում է, որ յուրաքանչյուր 100 տղամարդուն Ռուսաստանում բաժին է ընկնում 116 կին: Ընդ որում՝ տղամարդկանց մահացությունը երկու անգամ գերազանցում է կանանց ցուցանիշը:
«Արժանի տղամարդկանց պակասության զգացողությունը սուր մրցակցություն է առաջ բերել ռուսաստանյան կանանց շրջանում, որոնք իրենց արժանի կողակից են փնտրում: Գրախանութները լեփ-լեցուն են գրքերով, որոնք խորհուրդներ են պարունակում, թե ինչպես ամուսին գտնել: Կանայք դասընթացների են հաճախում, որտեղ սովորեցնում են ինչպես հաղթել իդեալական ամուսնու համար մրցակցուհիների հետ մղվող պայքարում», – գրում է բրիտանական The Times պարբերականը:
Այս առումով չափազանց հետաքրքիր են Ռամզան Կադիրովի դիտարկումները: «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Քանի՞ երեխա Ռուսաստանում չգիտի, թե ով է իր հայրը, ի՞նչ ազգության է ինքը պատկանում: Փորձեք Ռուսաստանում կույս գտնել: Չեք գտնի: Բարոյականությունը դադարել է արժեք լինելուց, իսկ անառակությունն այլևս արժեք է: Եթե երկիրը պատերազմ չհայտարարի անառակությանը, Ռուսաստանը չի փրկվի: Անառակ պետություններն ու ժողովուրդները չեն գոյատևում»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանում թմրամոլների թիվը գերազանցում է 2,5 մլն-ը: Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության տվյալներով՝ ամեն օր թմրանյութերի օգտագործումից այդ երկրում մահանում է 80 մարդ, ևս 250 մարդ դառնում է թմրամոլ: Միայն 2010թ. 56 հազ. երեխա Ռուսաստանում հարկադրաբար առգրավվել է ընտանիքից և տարվել մանկատուն:
Կոռուպցիան օրհասական չափերի է հասնում
International Herald Tribune-ի փոխանցմամբ՝ կոռուպցիան, որ լայնորեն տարածված է հետխորհրդային երկրներում, առավել ծաղկում ապրեց Պուտինի իշխանության օրոք: Այսօր այն ռուսաստանյան առօրյայի անբաժանելի մասն է, որ վիթխարի բազմազանությամբ հանդես է գալիս ամենուր: «Ատկատներն» ու ձեռնարկությունների բռնագրավումը բարձրագույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների համար այլևս սովորական երևույթ են:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Մեդվեդևը ներդրումային մթնոլորտը երկրում «չափազանց վատ» է որակել: «Կոռուպցիան մնում է ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա ազդող էական գործոն», – հայտարարել է Մեդվեդևը՝ հավելելով. «Կոռուպցիայի վարքագիծը չի փոխվում. այն բռնել է տնտեսության կոկորդից ու բաց չի թողնում»:
Թերևս, օրհասական այս իրավիճակն ստիպեց Մեդվեդևին հռչակել Ռուսաստանի «արդիականացման» կուրսը, որը, սակայն, դեռ ոչ մի արդյունք չի տվել:
Կգոյատևի՞, արդյոք, Ռուսաստանը
Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի համոզմամբ՝ քրեական իշխանությունն անհամատեղելի է տնտեսության արդիականացման հետ, սակայն իշխանությունը չի հրաժարվի քրեական աշխարհի հետ ունեցած կապերից: Արդյունքում՝ տնտեսության արդիականացման փորձերն, ի վերջո, հանգում են իշխանության հետ առավել խորն սերտաճող կրիմինալի «արդիականացման»:
«Ռուսաստանյան պետությունը, որում իշխանությունն սերտաճել է կրիմինալի հետ, շարունակում է դեգրադացվել», – երկրի կառավարության օրգան՝ «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է պրն. Զորկինը:
«Քրեականացող համակարգն իր էությամբ չի կարող կայուն լինել», – Զորկինին մեջբերում է Պրայմ-ՏԱՍՍ-ը: Սահմանադրական դատարանի նախագահի համոզմամբ՝ քրեականացման դեմ պայքարի արդյունավետության խնդիրն այլևս հանգում է այն հարցին, թե կգոյատևի՞, արդյոք, Ռուսաստանն առաջիկա տասը տարիներին:
Գլոբալացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինն իշխանության ու կրիմինալի սերտաճման հետևանք է համարում, օրինակ, Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ի ու «Ռասպադսկայա» հանքահորի տեխնոգեն վթարները: «Այդ ամենն արդյունք է համատարած գողության ու կաշառակերության», – ասում է պրն. Դելյագինը:
Նմանատիպ վթարների հետևանքների վերացման թանկարժեք բեռն ստանձնում է պետությունը, ինչն, ի վերջո, դրվում է շարքային հարկատուների ուսերին: Իսկ հիշյալ ձեռնարկությունների մասնավոր սեփականատերերը ոչ մի պատասխանատվություն չեն կրում: «Սա հնարավոր է միայն բիզնեսի ու պետության կիսաքրեական սերտաճման դեպքում: Նման պայմաններում արդիականացման փորձերն անգամ դատապարտված են տապալման», – բխեցնում է փորձագետը:
Ըստ նրա՝ բանդիտական խմբավորումներն այսօր «հենց այն ուժն են, որն ապահովում է Ռուսաստանի հնազանդությունը գործող կոռուպցիոն բռնապետությանը: Եվ իշխանությունն այս պարագայում շահագրգռված չէ փոփոխությունների մեջ. կրիմինալը չինովնիկներին ապահովում է կաշառքի հիմնական մասը՝ նրանց բարեկեցությունը: Այդ իսկ պատճառով արդիականացմանը չինովնիկները գերադասում են հստակ գործող քրեական բիզնեսն ու վերջինիս արդիականացումը, այսինքն՝ իշխանության հետ դրա սերտաճման խորացումը»:
Եգիպտոսյան սցենարը հնարավոր է
«Ռուսաստանի քաղաքական ռեժիմը կարող է ավելի կոշտ վերջ ունենալ, քան Եգիպտոսինը», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Միխայիլ Գորբաչովը:
Խորհրդային վերջին առաջնորդը խստորեն քննադատում է Ռուսաստանի այսօրվա իշխանություններին՝ ասելով. «Տեսեք, թե ինչպես է ձևավորվում իշխանությունը՝ վերցնում են իրենց մտերիմներին, ում հետ սովորել են, ում հետ ապրել են նույն փողոցում, ում հետ ֆուտբոլ են խաղացել, ում հետ ինչ-որ գործեր են արել ու շարունակում են անել: Այսինքն՝ գլխավորը անձնական հավատարմությունն է, ծանոթությունը, մտերիմ հարաբերությունները»:
Միխայիլ Գորբաչովը Snob ամսագրին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ եթե երկրում ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացվեն, ապա Ռուսաստանը փլուզման վտանգի առջև կկանգնի:
Գորբաչովը «լճացման, անտարբերության և կաշառակերության ճահիճ» է անվանել Ռուսաստանը: Նրա խոսքով՝ իշխանություններն ի վիճակի չեն լուծել երկրի առջև ծառացած խնդիրները կամ ավելի լավ պայմաններ ստեղծել բնակչության համար:
«Երբ մարդիկ հասկանան, որ իրենց կարծիքը ոչ մի նշանակություն չունի և իրենցից ոչինչ կախված չէ, նրանք փողոց դուրս կգան», – նշել է պրն. Գորբաչովը:

Բանակը հետ է մնում 20 տարով
«Վերջին երկու տասնամյակում մեզ չհաջողվեց ռուսաստանյան բանակը հասցնել ժամանակակից մակարդակի: Գեներալներն այդպես էլ չկարողացան ձերբազատվել անցյալի կարծրատիպերից», – նման հայտարարությամբ օրերս հանդես եկավ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Նիկոլայ Մակարովը:
Նրա խոստովանությամբ՝ այն ժամանակ, երբ աշխարհը զարգացնում էր տիեզերական տեխնոլոգիաներ, տեղեկատվական կառավարման համակարգեր, ձեռք էր բերում նոր զինատեսակներ, Ռուսաստանում հաշվարկը զանգվածային բանակի ու հնացած զինամթերքի ձեռքբերման վրա էր:
Գեներալի խոսքով՝ վերջին 20 տարիներին պատերազմների բնույթն արմատապես փոխվել է: Իրաքյան երկու արշավանքները ցույց տվեցին, որ հաղթում է նա, ով գերճշգրիտ զինատեսակներով հագեցած նոր սերնդի շարժունակ բանակ ունի: Մակարովը նաև նշել է, որ ռուսաստանյան ռազմական գիտությունը չկարողացավ հայտնաբերել ու ճիշտ գնահատել ռազմարվեստի զարգացման արդի միտումները: Արդյունքում ռուսաստանյան բանակն այսօր հետ է մնում արևմտյան առաջավոր տերություններից:
Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը համակարծիք է գեներալ Մակարովի հետ: Ըստ նրա՝ ռուս գեներալներն այսօր էլ շարունակում են պատրաստվել անցյալի պատերազմներին:
«ԽՍՀՄ-ի փլուզման պահին զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող գրեթե բոլոր գեներալները ղեկավարվում էին Երկրորդ համաշխարհայինի փորձով: Շատերն անգամ կռվել էին: Ռազմական ամսագրերում տպագրվող մեր գիտական հոդվածների մի զգալի մասը մինչև վերջերս սկսվում էին «Ինչպես ցույց տվեց Երկրորդ աշխարհամարտի փորձը» խոսքերով», – նշում է պրն. Պուխովը:
Նյութը տպագրվել է «Պիոներ» շաբաթաերթում



