ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է հետազոտություն «Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով՝ պարզելու այս խնդրի խորացվածության աստիճանը մեր երկրում: 

Հղիության արհեստական ընդհատման նպատակով բուժհաստատություններ դիմած կանանց շրջանում իրականացվել է հարցում, որի նպատակն էր ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատման պատճառները՝ այդ թվում սեռով պայմանավորված աբորտի դիմելու որոշման կայացումը, մանկաբարձական անամնեզի առանձնահատկությունները, ընտանիքում տղա/աղջիկ երեխաների առկայությունը և վերարտադրողական վարքագիծը: Քանակական հարցման են ենթարկվել հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի ծննդօգնության հիմնարկներ հղիության արհեստական ընդհատման նպատակով 2011թ. հուլիս-օգոստոս ամիսներին դիմած կանայք, ովքեր համաձայնել են մասնակցել հարցմանը:

Այն հարցին, թե ով է իրենց ընտանիքում որոշում, թե քանի տղա և քանի աղջիկ պետք է ունենաք, քանակական հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը պատասխանել է, որ որոշումը կայացնում են ամուսիններով` միասնաբար (77.8%): Կանանց միայն 6.6 տոկոսն է ինքնուրույն որոշում, թե ինչ սեռի երեխա պետք է ունենա, իսկ ընտանիքների 10.6%-ում որոշումը կայացվում է բացառապես ամուսնու կողմից: Ինքնուրույն որոշում կայացնող կանանց մոտ կեսը ամուսնացած է (40.2%) կամ ապրում են համատեղ (4.7%):

Ֆոկուս խմբերի և խորացված հարցազրույցների մասնակիցներին հարցազրույցների ընթացքում առաջարկվել էր պարզաբանել ընտանիքներում երեխաների թվի ընտրության հիմքում ընկած գործոնները: Թե՛ ֆոկուս խմբային, և թե՛ անհատական խորացված հարցազրույցների մասնակիցները գտնում են, որ ներկայումս ընտանիքները երեխաների թիվը սահմանափակում են մեկ կամ երկու երեխայով: Բոլոր ֆոկուս խմբերի մասնակիցները նշում են, որ երեխաների փոքր թիվը առաջին հերթին պայմանավորված է երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակով: Այնուհետև որոշ մասնակիցների կողմից օրինակ են բերվում գյուղական բնակավայրերի ընտանիքները, ուր, անկախ սոցիալական կարգավիճակից և անգամ ամենաաղքատ ընտանիքներում, մեծ թվով երեխաներ են ծնվում: Նշվում է նաև, որ գյուղական բնակավայրերում երեխաները ֆիզիկական ուժ են, ընտանիքին օգնող օղակ, և այդ տեսանկյունից նույնպես կարելի է բացատրել տարբերությունը: Քաղաքային բնակավայրերի պարագայում նշվում է, որ ընտանիքներում ունենում են այնքան թվով երեխա, որքան ընտանիքը ի վիճակի կլինի պահել, տալ կրթության և բնակարանային հարցեր լուծել: 

 

- Եթե նախկինում երկու երեխա էին ուզում ունենալ, հիմա, եթե առաջինը տղա եղավ՝ երկրորդ երեխան էլ չեն էլ ունենալու, քանի որ մտածում են՝ մեկն ունենան ու լավ պահեն: Բայց չեն մտածում երեխայի համար էլ, որ ինքը հետո մեծացավ, մենակ ա լինելու, դժվարություններ են լինելու:

(Չամուսնացած աղջիկների խումբ)

- Հայկական ընտանիքներում այնպես չի, որ երեխաներ ունեցան, միևնույն լինի, թե ինչ կլինի ու ոնց կլինի նրանց հետ: Ավելի հարմար է, որ քիչ լինի ու երեխաներին ամեն ինչի հասցնեն:

(Տղամարդկանց խումբ)

- Ես, օրինակ, եթե մի տղա ու մի աղջիկ ունենայի՝ երրորդը չէի բերի: Էդ հաստատ ամեն առումով, ասենք, պետք չի էլի:

(Ամուսնացած կանանց խումբ)

Խորացված հարցազրույցների մասնակից բոլոր կանայք նույնպես առաջին հերթին շեշտադրում են սոցիալ-տնտեսական գործոնները: Ֆոկուս խմբերի հարցազրույցների մասնակիցները կարծում են, որ ներկայումս երեխաների թիվն ընտանիքներում ամեն դեպքում սահմանափակվում է երկուսով, ի տարբերություն նախկինի, երբ ընտանիքներն այնքան երեխա էին ունենում, մինչև տղա ծնվի:

-Մեր բարեկամներից մեկը 10 տարի ա պայքարում է, իհարկե, արհեստական ընդհատումներով: Էնքան ընդհատեց, որ տղա ունենան, ու հիմա սպասում են տղայի: Բայց աղջիկներ ունեին:

(Չամուսնացած աղջիկների ֆոկուս խումբ)

-Հասարակությունում չգիտեմ, բայց կոնկրետ ես գտնում եմ, որ այսօրվա պայմաններում դժվար է պահել երկուսից ավել: Մեր սերունդների ընտանիքներում երեք-չորս երեխա ենք եղել, այժմյան հասարակությունում խուսափում են. ինձ թվում է, որ դա սոցիալական պայմաններից ելնելով է այդպես: 21-րդ դար է, ու երեխայի պահանջներն ավելի շատ են: Եթե նախկինում կարող էին երեխա ունենալ, ու երեխան առանց որևիցե խմբակի ուղարկելու պահել, քանի որ դպրոցը լավ մատչելի գիտելիք էր տալիս, իսկ այսօր պետք է քոլեջներ ու խմբակներ տանել երեխային, իսկ դրա համար արդեն պայմաններ են պետք: Իսկ այսօր ոչ բոլորն ունեն այդ պայմանները:

(1-ին խորացված հարցազրույց, 35 տարեկան, բարձրագույն կրթություն)

Խորացված հարցազրույցի մասնակից կանանցից մեկը նշում է նաև, որ այսօրվա հասարակությունում աղջիկ երեխաների և կանանց վրա, դեռևս նորմերով և արժեքներով պայմանավորված, որոշակի ճնշումներ կան, ինչի արդյունքում ընտանիքներում խուսափում են աղջիկ երեխաներից և սահմանափակվում մեկ կամ երկու տղայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել