ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասում է՝ ցանկացած անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը պիտի պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար, եթե դատարանը սահմանված կարգով կհաստատի նրա մեղավորությունը: 

Իսկ ինչո՞ւ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի: 

Այսպես ասաց «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ՝ դատարաններին փայ չթողնելով: 

Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել՝ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ կիրառվող տեսակցությունների եւ նամակագրության արգելքը համարում եմ քաղաքական հաշվեհարդար:

Երեկ այցելել եմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Շանթին տեսել եմ, բայց նրա հետ շփվելու հնարավորություն ինձ չի տրվել: Շանթ Հարությունյանը հյուծված էր եւ հաստատակամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել