Newsbook.am-ը գրում է.
Անցյալ դարի հանրահայտ 60-ականներին սկսվեց Օկուջավայի եւ Վիսոցկու` բարդերի դարաշրջանը: Երկրով անցավ ազատության քամին, ապաքինվեցին պատերազմից մնացած վերքերը, փրկվեցին գորշ առօրյայի մանր վազվզոցից: Ինչպես գուսանական եւ աշուղական արվեստները, այնպես էլ բարդն ու հեղինակային երգի ժանրերն են որոշակի կանոններով տարբերվում: Բարդը կոնկրետ կիթառի նվագակցությունն է, մեղեդային ոչ դասական շարադասությունը. բարդը չափորոշիչներ չունի, ազատ ոճի մեջ է: Եթե ուշադրություն դարձնեք, բարդերի 70-80 տոկոսը երաժշտական կրթություն չունի, ինչը բարդի պարագայում դրական անդրադարձ ունի: Երաժշտական կրթությունը հաճախ խանգարում է ազատ մտածելուն. օրինակ, հարմոնիկ շեղումներ կան, որ երաժշտական որեւէ օրենքով տգեղ է կամ չի կարելի կիրառել: Իսկ բարդը ազատ է որեւէ օրենքից, կաղապարից կամ նախապաշարումից, ինչպես զգում է` արտահայտում է «Ինքս ինձ բարդ չեմ համարում, համ էլ համարում եմ: Չեմ համարում այնքանով, որ երաժիշտ եմ եւ մեղեդի գրելիս ամեն դեպքում երաժշտական կոկիկության վրա աշխատում եմ: Ինձ բարդ համարում եմ այնքանով, որ երգեր ունեմ, որոնց խոսքերում բողոքը կա, խնդիրը բարձրաձայնել կա»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչ Դավիթ Ամալյանը: «Բարդի լավը գիտե՞ք որն է` այդ ժանրում վատ մարդիկ չեն լինում: Նրանք առաջին հերթին լավ մարդ են լինում, որից հետո ստեղծագործում են»,- ասաց Ամալյանն ու շարունակեց հետևյալ պատմությունը. «Համերգ են կազմակերպել: Կազմակերպիչին ասում եմ` «Էսինչ երգչին բերենք, թող երգի», ասում է` «Դավ, ասել են` մի քանի գերաստղեր լինեն, նոր մնացածը երգեն»: Ասում եմ` «Ցավդ տանեմ, ինձ հետաքրքիր է` էդ ասողն ո՞վ է, գերաստղի ու աստղի չափանիշները դնողն ո՞վ է»: Հայկոյի հետ շփվում եմ, շատ լավ տղա է: Բայց ո՞վ որոշեց, որ Հայկոն վաստակավոր արտիստ է, երբ Ռուբեն Հախվերդյանը վաստակավոր արտիստ չէ: Չեմ ասում` նա բարձր է, մյուսը` ցածր: Բայց եկեք ծուռ նստենք, դուզը խոսենք` որոշողներն ովքե՞ր են, որոշումները պրոպագանդողնե՞րն ովքեր են, որ էնքան լցրին «տելեվիզորի» մեջ ու չափանիշ ձեւավորեցին: Մի անգամ Ռուբոյենց տանն ենք, հեռուստացույցով մեր շոու բիզնեսից եսիմ ով էր երգում: Ռուբոն ասաց. - Ռադ արա, հա, էս Սյուզին որ երգում ա, ներվայնանում եմ: - Սյուզին ո՞վ ա: - Չգիտեմ, ես դրանց բոլորին Սյուզի եմ ասում: Վերջին մոհիկանը, ում եւ մեծերն են սիրում ու ճանաչում, եւ երիտասարդներն ու երեխաները, Ռուբեն Հախվերդյանն է: Նա, փառք Աստծո, համալիրի 2000 տեղանոց դահլիճը լցրել էր: Բայց պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ հեղինակային երգիչ 2000 տեղանոց դահլիճ լցնի: Հիմա մեր երկրում այդպիսի բան չի կարող լինել: Շատ վատ է, որ այդպես է, բայց` փաստ է: Նայեք, թե ովքեր են 5000 տեղանոց դահլիճը լցնում: Նախկինում ես նրանց նկատմամբ էի զայրույթով լցված, բայց հետո հասկացա, որ նրանք մեղավոր չեն: Մարդը փող է աշխատում, բա մեր նման երգի` փող չաշխատի՞: Ոչ մեկին չես կարող ասել` «Ինչո՞ւ ես էդպես երգում»: Կասի` «Ախպեր, լավ եմ անում, փող եմ աշխատում»: Կարող է տպավորություն ստեղծվի, թե ես «աբիժնիկ» եմ, դրա համար եմ էսպես խոսում, ու էնքան կուզեի տրակտորիստ լիներ»: 70-80-ականներին բարդերը հավաքվում էին «Կազերյոկում», «Պապլավոկում», Ռադիոտան երկրորդ հարկի սրճարանում, համերգներ էին ունենում գիտահետազոտական կենտրոններում, համալսարաններում, Ֆիզիկայի ինստիտուտի դահլիճում: Մեր ժամանակի բարդերին լսելու տեղը «Քլաբն» է, որտեղ հավաքվածների կեսից ավելին երիտասարդներ են: «Բարդերի վատը, բայց եւ լավը գիտե՞ք որն է: Էսօր նրանք նման են էն իմաստուն ծերունուն, որը խելոք է, բայց արդեն հոգնել է ասելուց: Այսինքն` ըմբոստությունը ինչ-որ առումով դարձավ խփնվածություն»,- կարծիք հայտնեց Դավիթ Ամալյանը՝ նշելով. «Ու որպեսզի «խփնված» չլինես, արդեն ալարում ես: Էներգիա արտադրող ցանկացած հատկանիշ մեր միջից կամաց-կամաց վերանում է: Հոգնած ենք: Բարդերը երբ իրար հարցնում են` «Ո՞նց ես», ասում են` «Երկրի նման»:
Մարինա Բաղդագյուլյան