Կուպերոզ կամ ռոզացեա կոչվող մաշկային հիվանդության ախտանիշներն են երեսի վրա հայտնվող կարմիր հետքերը: Այս հիվանդության հարուցիչները միկրոսկոպիկ լուերն են, որոնք ապրում են մեր մաշկի խոռոչներում:

Այս միկրոսկոպիկ լուերը կոչվում են դեմոդեքսեր: Դրանք ապրում են մեր դեմքի վրա, ձվադրում ու իրենց բնական կարիքներն են հոգում մեր մաշկի խոռոչներում: Ռոզացեա հիվանդությունը հիմնականում հանդիպում է 35-50 տարեկան կանանց մոտ և հիմնականում էսթետիկ բնույթի անախորժություններ է պատճառում: Ահա մի քանի փաստ այդ հիվանդության հարուցիչ մակաբույծի` դեմոդեքսի մասին:

Այս լուերը, որոնցից հայտնի է 48.000 տարբեր տեսակ, մեզ քաջ հայտնի սարդերի ու կարիճների ցեղակիցներն են: Դրանցից 65 տեսակը պատկանում է դեմոդեքս տիպին, իսկ 2-ը` Demodex folliculorum և Demodex brevis, որոնք ապրում են բացառապես մարդկային մարմնի վրա: Այս էակներին բացահայտեցին 1841 թվականին, երբ նոր-նոր էին սկսել միկրոսկոպների տակ ուսումնասիրել մարդու դեմքի պզուկները:

 

 

Այս լուերը ամենատարածված մարդկային էկտոմակաբույծերն են, այսինքն դրանք ապրում են մարդկանց մարմնի մակերեսին` անկախ մարդկանց էթնիկ պատկանելոիթյունից: Դրանք ժառանգաբար չեն փոխանցվում, այլ, ամենայն հավանակնությամբ, ուղղակի կոնտակտների միջոցով են անցնում այլ մարդու: Հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ մեծանում է այս մակաբույծներից ունենալու հավանականությունը:

Դեմոդեքսերը հիմնականում բնակվում են մեր մազերում, կոպերի, ճակատի և ծնոտի վրա: Որպես կանոն, դրանք գերադասում են յուղոտ մաշկը, ինչով էլ պայմանավորված է դրանց՝ ամռանն ակտիվացումը, երբ մեծանում է մաշկային ճարպի արտադրությունը:

Լուերը հիմնականում սնվում են մաշկային ճարպով և բջիջներով: Բացի դրանից, նրանք տեղաշարժվում են և սեքսով են զբաղվում, իսկ երբ մահանում են, իրենց մարմիններից դուրս են հանում արտաթորանքները: Եթե այսքանը կարդալուց հետո դուք պատրաստվում եք վազել բաղնիք` օճառի և այլ մաքրող միջոցների հետևից, ապա պետք չէ շտապել:

Որքան էլ տարօրինակ հնչի՝ այս լուերը անվնաս են և օգնում են մեզ ձերբազատվել մեր ֆոլիկուլներում բնակվող միկրոբներից ու բակտերիաներից, բայց ինչպես և այլ միկրոսկոպիկ էակների դեպքում, դրանց պոպուլյացիաներն աճում են ու վտանգավոր են դառնում առողջության համար, երբ մեր օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է:

Հետազոտող Քեվին Քավանան պարզել է, ռոզացեա ունեցող մարդկանց մոտ այս լուերի քանակն անհամեմատ ավելի շատ է, քան առողջ մաշկ ունեցող մարդկանց մոտ: Կա ենթադրություն, որ Bacillus oleronius կոչվող բակտերիան առաջացնում է իմունային ռեակցիա այն մարդկանց մոտ, ովքեր ունեն այս հիվանդությունը, ինչը առաջացնում է մաշկի մակերևույթի գրգռվածություն:

Ռոզացեայի բուժման համար հատկացվող հակաբիոտիկները սպանում են այդ բակտերիաներին, բայց ոչ լուերին: Հիվանդության դեպքում օգտակար է նաև օգտագործել թեյի ծառի յուղ և մետրոնիդազոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել