Մենք ապրում ենք ազատ երկրում, և ցանկացած մարդ ինչ-որ բան կարող է պահել ուրիշների գլխին, եթե վերջինները դեմ չեն։ Այս առումով Էլբակյանի և Ներսիսյանի արարքի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։
Բայց քանի որ մենք ազատ երկրում ենք ապրում՝ ցանկացած մարդ իրավունք ունի նաև հանրային միջոցառումը քննադատելու՝ անկախ երևելիների և սրբերի թվաքանակից։

ԳԱԼԱՅԻՆ տված իր հարցազրույցում պրն. Էլբակյանը հիմար է անվանում բոլոր նրանց, ում դուրը չի եկել իր արարքը։ Քանի որ ես հարգարժան դերասանի նման քրիստոնեության գիտակ չեմ, կխնդրեմ մեկնաբանել՝ բազում մարդկանց հիմար անվանելը արդյո՞ք քրիստոնեաբար է։



Պրն. Էլբակյանը նույն հարցազրույցում ասում է, որ այս իշխանությունները մեզ պատվել է Աստված, որովհետև նրանք կան։ Ուզում եմ հիշեցնել, որ աշխարհում շատ իշխանություններ են եղել, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել, այդ թվում միլիոնուկես մեր ազգից՝ անցած դարի սկզբին։ Փաստորեն, ըստ Էլբակյանի, քանի որ այս իշխանություններն եղել են, նրանց պատվել է ԱՍՏՎԱԾ։
Արդյո՞ք հակաքրիստոնեական չէ նման պնդումը։

Պրն. Էլբակյանը նաև ասում է՝ քանի որ ԱՍՏՎԱԾ է այս իշանություններին պատվել՝ յուրաքանչյուրս պետք է նրանց պատվենք։ Ուզում եմ հիշեցնել, որ միջնադարյան եկեղեցուն բնորոշ այս տրյուկից վաղուց հրաժարվել է նույնիսկ եկեղեցին։
Եվ եթե իշխանությանը պատվել է ԱՍՏՎԱԾ, ապա մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, հաստատ սատանան չի պատվել, և պատվելը պետք է լինի փոխադարձ։
Եթե իշխանությունը երկիրը աղքատացնում է, այնպիսի պայմաններ է ստեղծում, որ իր քաղաքացիները փախնեն, ինքն էլ հարստանում է դրան զուգահեռ՝ նման իշխանությանը պատվելը ոչ թե խորը քրիստոնեություն է, այլ մակերեսային քծնանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել