Tert.am-ը գրում է.

Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:

Այս ստորագրահավաքը մաս է կազմում թուրք ժխտողականների երկարատև ջանքերի՝ փոխելու համար Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհրդի (TDSB) 2008 թվականի որոշումը, որի համաձայն աշակերտներին դասավանդում էին Հայոց, Հրեական և Ռուանդական ցեղասպանությունների մասին: TDSB-ի որոշումը հաջորդեց 2002 թվականին Կանադայի Սենատի և 2004 թվականին Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, 2006 թվականից Կանադայի վարչապետները հաջորդաբար հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման տարեկան պաշտոնական հայտարարություններով՝ չնայած թուրքական կառավարության կողմից բուռն քաղաքական ճնշման ու տնտեսական շանտաժի:

Դեռևս 2008 թվականին թուրքական մեկ այլ նմանատիպ ստորագրահավաքով չհաջողվեց ստիպել TDSB-ին փոփոխելու Ցեղասպանության ուսումնական ծրագիրը՝ ավելի քան 11 հազար ստորագրություն հավաքելուց հետո, հիմնականում Թուրքիայից: Իսկապես, Անկարայի կառավարությունը և Տորոնտոյում նրա թուրքական կամակատարները վերջին յոթ տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն ինչ այս ուսումնական ծրագիրը խափանելու համար:

Ստորև մեջբերված են թուրքական դիմումնագրով ներկայացված անհիմն բողոքները TDSB-ի Ցեղասպանության ուսումնական ծրագրի դեմ՝ դրանց հաջորդող իմ հերքումներով.

-- Թուրքական դիմումնագիր . «Որպես Տորոնտոյի դպրոցներ հաճախող աշակերտների թուրքախոս ծնողներ, մենք խորապես մտահոգված ենք «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ ներկայիս ուսումնական ծրագրի և 2008 թվականից TDSB-ի կողմից ընդունված ուսումնական նյութի բացասական ազդեցությամբ»:

Իմ պատասխանը. Տորոնտոյի դպրոցներում ՈՉ մի բռնություն կամ ճնշում չի կիրառվել որևէ թուրք աշակերտի նկատմամբ, չնայած որ Ցեղասպանության ուսումնական ծրագիրը մի քանի տարի դասավանդվում է: Պատճառն այն է, որ հայերն այսօրվա անհատ թուրքերին պատասխանատու չեն համարում այն ոճրագործությունների համար, որոնք Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրագործվել են գրեթե հարյուր տարի առաջ, բացառությամբ նրանց, ովքեր ժխտողականությամբ իրենց շաղկապում են այդ ոճիրների հետ: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետությունը որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքների համար: Ցեղասպանության փաստերի ժխտումը շատ ավելի լուրջ բացասական հոգեբանական ազդեցություն ունի հայերի վրա, քան ուսումնական ծրագրում դրա ընդգրկումը՝ թուրքերի վրա: Ավելին, ճշմարտությունը չի կարելի թաքցնել միայն այն պատճառով, որպեսզի այն չվիրավորի նրանց զգացմունքները, ովքեր ուզում են քողարկել պատմական իրողությունները: Կարելի՞ է արդյոք պաշտպանել հրեական Հոլոքոստի ջնջումը պատմության դասագրքերից ժամանակակից գերմանացիներին չվիրավորելու համար:

-- Թուրքական դիմումնագիր. «Հայերի Ցեղասպանության վերաբերյալ դասագիրքը և այլ գրքեր, ինչպիսին է Բարբարա Քոլորոսոյի «Արտասովոր չարիքը», անընդհատ վարկաբեկում են մի համայնքի նկարագրությունը մյուսների նկատմամբ և բացասական ազդեցություն ունենում Տորոնտոյի դպրոցների թուրքական ժառանգությամբ աշակերտների վրա»:

Իմ պատասխանը. Չի կարող երկու տարբերակ կամ երկու վարկած լինել Հայոց ցեղասպանության ապացուցված փաստերի վերաբերյալ: Կա միայն մեկ ճշմարտություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել