Newsbook.am-ը գրում է.
Նախագահականի կայքում զետեղված հաղորդագրությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին, պարունակում է նաև լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են դերասաններ Տիգրան Ներսիսյանը և Արմեն Էլբակյանը հովանոց պահում Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի գլխավերևում: Լուսանկարները բուռն քննարկումների պատճառ են դարձել Facebook սոցիալական ցանցերում: Օգտատերերը խիստ քննադատության են ենթարկել դերասաններին՝ հիմնականում ընդգծելով, որ անթույլատրելի է երկրում առկա բազմաթիվ խնդիրների հիմնական պատճառ հանդիսացող ու ժողովրդի կողմից չընտրված Սերժ Սարգսյանին ծառայելը: NewsBook-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասաց, որ ինքը չի կարդացել Facebook-ում իրենց հասցեին հնչեցված քննադատությունը, քանի որ այդ գրառումներն իրեն չեն հետաքրքրում: «Նախ, դա կոչվում է ամպհովանի, ոչ թե հովանոց: Երկրորդ՝ ինչ ուզում են, թող գրեն: Ինձ դա չի հետաքրքրում»,- ասաց Էլբակյանը: Հարցին՝ արդյո՞ք ամպհովանին Սարգսյանի և կաթողիկոսի գլխավերևում պահելը Էլբակյանի ցանկությունն է եղել, թե՞ իրեն նախօրոք առաջարկել են անել դա, Էլբակյանը պատասխանեց, որ իրեն առաջարկել են, ինքն էլ համաձայնել է, այլ մեկնաբանություններով էլ հանդես գալ չի ցանկանում: