1in.am-ը գրում է.
2014թ. մեր խնդիրն է նախապատրաստել հայկական հզոր ցունամին Սփյուռքում և Հայաստանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը` ամփոփելով անցնող տարին և խոսելով 2014թ. իր սպասելիքների շուրջ:
Նա նախ անդրադարձավ դեկտեմբերին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին, որի օրակարգում ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին նրա մասնակցությունն էր: Սասունյանի գնահատմամբ՝ Դավութօղլուն ամեն ինչ արեց ցույց տալու համար, որ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եզրեր գտնել, բարի կամեցողություն ցույց տալ, որն իմիտացիա է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:
«Սա ուղղված է վիժեցնելու 100-ամյակի հայկական նախաձեռնությունները»,- նկատեց նա, ապա ընդգծեց, որ անցած տարվա ընթացքում ողջ աշխարհի հայկական համայնքներում, ինչպես նաև Հայաստանում սկսեցին 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքները, որոնք կարելի է համարել այդ աշխատանքներին ուղղված հայկական առաջին քայլերը:
«Թեկուզ ոչ լիակատար և ամբողջական, ոչ շատ լավ ծրագրված, սակայն կարևոր: Եվ արդեն 2014թ., երբ 100-րդ տարելիցին մեկ տարի է մնացել, Սփյուռքում և հայրենիքում պետք է ամեն ինչ անեն, որ այս տարվա ընթացքում ամբողջացնեն կարևոր, այդ մեծ միջոցառմանն ուղղված մեծ ծրագրերը և ոչ թե կազմակերպեն այնպիսի միջոցառումներ, որոնք իրականացվում են ամեն տարի՝ նշելով Հայոց ցեղասպանությունը: Ունենք 12 ամիս, 100-ամյակը մոտենում է, թուրքական մամուլն անընդհատ խոսում է հայկական ցունամիի մասին: Ուստի պետք է ամեն ինչ անենք, որ թուրքերի վախն ու ակնկալիքները բավարարենք: Այսինքն՝ նրանց հուսախաբ չանենք, իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք իսկապես համարժեք կլինեն հայկական ցունամիին ու հարյուրամյակին, որովհետև մեր ժողովուրդն արդեն 100 տարի գրեթե սպասել է, որ արդարություն լինի իր պահանջներին և մեծ ոճիրի հանդեպ, որ կատարվել է իր դեմ: Հիմա ժամանակն է, որ այդ բարձրության վրա մնանք և համարժեք ծրագրեր պատրաստենք ու իրագործենք մինչև հաջորդ տարի:
Մենք պետք է մեր ճիգերը լարենք և ավելի լավ աշխատենք, ավելի կազմակերպված՝ համադրելով մեր աշխատանքները մի կողմից Հայաստանի ու Սփյուռքի միջև, որ մինչ այդ տեղի չի ունեցել, և որը մեծ բացթողում է, մյուս կողմից՝ սերտացնելով կապը 100-ամյակին ընդառաջ ձևավորված Սփյուռքի զանազան հանձնաժողովների միջև:
Սփյուռքի համայնքներն իրար հետ ավելի ամուր կապերի մեջ պետք է լինեն, և նրանք պետք է կապի մեջ լինեն 100-ամյակի համահայկական հանձնախմբի հետ»,- նման կարծիք հայտնեց Հարութ Սասունյանը:
Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի հայկական դիվանագիտությունը 100-ամյակին ընդառաջ՝ ասաց, որ Ցեղասպանությունը ամբողջ հայությանն է վերաբերում, ներառյալ պետություն, ընդդիմություն, կուսակցություններ, համայնքներ, անհատներ, միություններ, ուստի, նրա համոզմամբ, մեր ամբողջ ժողովրդի կորուստն է Հայոց ցեղասպանությունը: Եվ սա մի թեմա է, որի մեջ չպետք է հատվածական մոտեցումներ լինեն, պետք է լինի համահայկական մոտեցում՝ դիվանագիտական, քաղաքական, պատմական, մշակութային:



