Երբ ես դեռ երեխա էի, ինձ սովորեցնում էին բարի գործեր անել: Դրանք կարող էին փոքրիկ և հեշտ գործեր լինել, սակայն միշտ բարի էին՝ փողոցում երբ գետնին գցած թուղթ էի տեսնում՝ վերցնում և գցում էի աղբամանի մեջ, ուտելուց հետո լվանում էի ափսես, օգնում էի ծերունիներին փողոցն անցնել, խնայողաբար էի վերաբերվում բնությանը: Ինձ դուր էր գալիս բարի լինել: Մի անգամ փողոցում զբոսնելիս մի վիրավոր շուն տեսա՝ նստած փողոցի մեջտեղում: Նրան մեքենա էր հարվածել, և նա չէր կարողանում շարժվել՝ նրա երկու ոտքերը կոտրված էին:
Մեքենաները նրանից շատ մոտ էին անցնում և ես վախենում էի, որ նրանցից մեկը նորից կհարվածի և հաստատ կսպանի նրան: Ես ցանկացա մի նոր բարի գործ կատարել և որպես լավ տղա, ես կանգնեցրեցի երթևեկությունը ու մոտեցա շանը, որպեսզի նրան տեղափոխեմ մի անվտանգ վայր՝ դրանով փրկելով նրա կյանքը: Ես արդեն մտածում էի թե ինչպես պետք է ամրացնեմ նրա կոտրված թաթերը, որ անշարժեցնեմ, կռացա և մեծ սիրով ձեռքերս մեկնեցի որպեսզի բարձրացնեմ կենդանուն: Սակայն հենց նրան ես բարձրացրեցի, նա կծեց իմ ձեռքը: Ինձ անմիջապես տարան հիվանդանոց և պատվաստում կատարեցին կատաղության դեմ:
Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչու այդ շունը ինձ կծեց: Ախր ես միայն ցանկանում էի օգնել նրան՝ փրկել նրա կյանքը: Ես նրան ոչ մի վնաս չէի պատրաստվում պատճառել: Ես ուզում էի դառնալ նրա ընկերը, բուժել նրան, լողացնել, պահել մեր տանը և հոգ տանել նրա մասին: Սա իմ կյանքում առաջին դեպքն էր, որ ես ուզում էի բարի գործ անել, իսկ ինձ նեղացնում էին, ու ես չէի հասկանում թե ինչու:
Երբ ինչ որ մեկը վնաս է տալիս մյուսին այն պատճառով, որ վերջինս վատ է վերաբերվում՝ հասկանալի է: Բայց երբ ուզում ես օգնել՝ անհասկանալի: Անցան շատ տարիներ, և ես հասկացա, որ շունն ինձ չի կծել: Ինձ կծել է նրա վերքը՝ նրա վախն ու ցավը: Հիմա ես դա հոյակապ եմ հասկանում: Երբ ինչ որ մեկին վատ է, նա իր հոգու խորքում վիրավորանք է զգում և ինչ-որ մեկից սեր ու լավ վերաբերմունք ստանալով՝ կծում է: Սակայն դա ինքը չէ ատամները սեղմում կծելու ժամանակ, այլ իր վերքը: Պետք է ջանալ հասկանալ վատ տրամադրությունը, որում գտնվում են մարդիկ: Միշտ չէ, որ մարդը, ով գոռում է, մեղադրում, քննադատում, վիրավորում, անպատվում կամ վնաս պատճառում, դա անում է այն պատճառով, որ սիրում կամ ատում է Քեզ: Միգուցե նա ուղղակի վիրավոր է՝ հոգու մեջ վերք ունի, կամ էլ վատ է իրեն զգում, կամ մի ինչ որ վատ բան է կատարվում իր կյանքում: Մի պաշտպանվի, մի հարձակվի, մի քննադատի, փորձիր հասկանալ, ընդունել և օգնել: Հիմա ես հասկանում եմ դա:
Ալեքս Ալեմանի