A1plus.am-ը գրում է.
«Պարտադիր Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործով քննությունը Սահմանադրական դատարանը կիրականացնի 2014թ. հունվարի 28-ին։
ՍԴ-ն այսօր աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների պատգամավորների դիմումի հիման վրա ներկայացված գործը։ Նրանք օրենքի որոշ դրույթներ համարում են հակասահմանադրական եւ վիճարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը:
Գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։
ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն, ոչ իշխանական պատգամավորների միջնորդությունը, որով պահանջել են, որ օրենքը ուժի մեջ չմտնի հունվարի մեկից, կքննվի մինչեւ 2014թ. հունվարի 25-ը։
Ըստ օրենքի, Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգը կկիրառվի հունվարի մեկից,- «Ա1+»-ին հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Այս պահի դրությամբ օրենքը գործելու է հունվարի մեկից, սակայն մինչեւ հունվարի 28-ը Սահմանադրական դատարանը կարող է օրենքի կասեցման մասին որոշում կայացնել։ Գործը քննելուց եւ օրենքում հակասահմանադրական դրույթներ հայտնաբերելուց հետո ՍԴ-ն իրավունք ունի հակասահմանադրական ճանաչել ողջ օրենքը»:
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ ՍԴ-ից մեզ հայտնել էին, որ եթե համապատասխան միջնորդություն լինի, ապա օրենքը կարող է չգործարկվել մինչեւ քննության ավարտը, իսկ միջնորդություն, փաստորեն, եղել է, պարզապես չի քննվել: