Ղազախստանի անփոփոխ ղեկավար և ազգի հայր Նուրսուլթան Նազարբաևի հատուկ կարծիքը Հայաստանի ՄՄ լիիրավ անդամ դառնալու հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ չկարգավորված լինելու փաստի՝ որպես խոչընդոտ ներկայացնելու վերաբերյալ, կարծում եմ չպետք է ընկալվի ինչ-որ անսպասելի կամ անկախատեսելի մի իրողություն: Եթե ռետրոսպեկտիվ հայացք նետենք վերջին տարիներին Նազարբաևի խիստ ընդգծված պրոադրբեջանական և պրոթուրքական հայտարարություններին և նախաձեռնություններին, ապա պատկերն առավել հստակ ու ամբողջական կդառնա: Ակնհայտ է, որ Ղազախստանը կորցնում է հայկական երկու պետությունների նկատմամբ հավասարակշռված դիտորդի իր երբեմնի ունեցած դիրքը` խախտելով այն Ադրբեջանի և Թուրքիայի օգտին: Այս շրջադարձը քաղաքական վերլուծաբանները հիմնականում պայմանավորում են տնտեսական շահերով, սակայն խիստ կարևոր է նաև քաղաքական գործոնների հաշվառումը: Ձգտելով դառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի և, ինչու չէ, նաև Ադրբեջանի շահերի գերագույն պաշտպանը՝ Նազարբաևը փորձում է էապես բարելավել իր դիրքերը այդ երկրների մեգապրոյեկտներում, որոնց անկյունաքարը, անշուշտ, պանթյուրքիզմի ծավալման իրական հնարավորություններն են, որն առաջին հերթին լուրջ հարված է հենց Ռուսատանի կենսական շահերին: Ակնհայտ է, որ այս գաղափար-նպատակի իրացման ճանապարհին Ռուսատանը նույնպես կորցնելու շատ բան ունի:
Հաշվի առնելով այս իրողությունները կարող ենք որոշ կարևոր եզրահանգումներ անել.
• Ակնհայտ է, որ ՄՄ-ի և Եվրասիական միասնական տնտեսական տարածքի շրջանակներում մեզ դյուրին կյանք չի սպասվում, և խնդիրն այստեղ միայն Ղազախստանի քաղաքական կեցվածքը չէ,
• Այնքան էլ հստակ չէ Բելառուսի դիրքորոշումը, որը փորձում է, գոնե, այս փուլում հանդես բերել կառուցողական մոտեցում, և հղում անել այդ միությունների տնտեսական բաղադրիչին, սակայն մենք այդ «կառուցողականությունը» խախտելու որոշ դրվագների ոչ հեռու անցյալում ականատես եղել ենք,
• Վերջապես` ճիշտ է, ներկայում Ռուսաստանը կարողանում է հավասարակշռել այդ միություններում այս կամ այն կերպ ներգրավված բոլոր երկրների շահերը, բայց թե ինչ կլինի մի քանի տարի հետո` նրա դիրքերի որոշակի թուլացման պարագայում` դժվար է միանշանակ կանխատեսել:
Այս ամենը, ինչ խոսք, չի նշանակում, որ մեր խնդիրներն այսուհետ ավելի կմեծանան կամ կավելանան, քան կան հիմա: Պարզապես պետք է մեր ձեռքը մշտապես պահենք այս առումով հնարավոր զարգացումների զարկերակին: Իսկ ինչ վերաբերում է այս համատեքստում Ղազախստանի հնարավոր դերակատարմանը, ապա պետք է փաստել, որ Նազարբաևը այլևս խաղում է բաց խաղաքարտերով, ըստ էության, գործելով Թուրքիայի նախապայմանների քաղաքականության ուղեգծի շրջանակներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/269649653189038?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել