1in.am-ը գրում է.

Մաքսային միության շրջանակներում սահմանափակումների և արգելքների ցուցակը պետք է ձևավորվի մինչև 2014թ. մարտի 1-ը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում բացելով պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը:

Պուտինը նաև նշել է, որ ընդհանուր անդրսահմանային շուկայում մրցակցության չափանիշների հետևելու վերահսկողության հիմնական դերը կփոխանցվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: «Դրա հետ մեկտեղ մեր ընկերությունները կկարողանան ներդրումներ կատարել և իրենց բիզնեսը զարգացնել միասնական հակամենաշնորհային կանոններով»,- նշել է նա:

Ռուսաստանի նախագահի խոսքերով՝ «եռյակի» պետությունները՝ Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան, ձգտում են ընդլայնել փոխշահավետ և իրավահավասար համագործակցությունը այլ երկրների և հարևան տարածաշրջանների հետ:

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի և Ղրղըզստանի իշխանությունները ոչ միայն ցանկություն են հայտնել անդամակցել ՄՄ-ին, այլ նաև զգալի աշխատանք են կատարել այդ ուղղությամբ: Նա Երևանին և Բիշքեկին խոստացել է աջակցության բոլոր անհրաժեշտ միջոցները:

Միևնույն ժամանակ Պուտինն ուշադրություն է դարձրել, որ տվյալ աշխատանքում պետք է պահպանվի ՄՄ անդամ երկրների և թեկնածու պետությունների շահերի բնական հավասարակշռությունը:

«Համոզված եմ, որ եվրասիական միավորման անդամների թվի մեծացումը ոչ միայն կլինի հօգուտ մասնակիցների, այլ նաև ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանի, իհարկե՝ եթե նրանք պահպանեն մեր կազմակերպության բոլոր պահանջները»,- հայտարարել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել