1in.am-ը գրում է

Անվտանգությունը միայն խոսքեր չեն. պետք է ամեն ինչ անել այդ ճանապարհն արժանավայել անցնելու և այն բանի համար, որ ավելի շահենք, քան կորցնենք: Դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը նշեց, որ ընթացիկ տարվա ամենամեծ ձեռքբերումը (իսկ որոշ մարդկանց կարծիքով՝ կորուստը) միայն այդ համաձայնագիրը չէ. ընթացիկ տարվա ձեռքբերումները բազմաթիվ են: 

Ըստ նրա՝ «Մենք հստակեցրինք մեր քաղաքական կուրսը՝ միանալով Մաքսային միությանը. մեծ աշխատանք է սպասվում պատասխանատուներին: Հեշտ է քննադատելը: Նույն այդ գազային համաձայնագիրը ինքս էլ եմ կարդացել, համոզված եմ՝ կան վիճարկելի դրույթներ, բայց այնպես չէ, որ ԱԺ-ում մի կողմում նստած են հերոսներ ու պատրիոտներ, մյուս կողմում՝ դավաճաններ: Այն պահին, երբ ՀՀ նախագահը մեկնում է Մոսկվա՝ բանակցելու, մենք նման ձևով ենք ընդդիմանում (ես դեմ չեմ բողոքի դրսևորումներին, բայց ո՛չ այս ձևով): Կարծում եմ՝ դա ևս դավաճանական արարք է»,- ասաց նա: 

Աճեմյանը նշեց, որ իրենք կառավարության ղեկավարին և էներգետիկայի նախարարին շատ հարցեր են տվել, ստացել պատասխաններ, և կարծում է՝ այս համաձայնագիրը սպառողի վրա դրված բեռը որոշակիորեն թեթևացնում է: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ պատասխանատու է իր քվեարկության համար, կարծում է՝ պիտի ավելի գլոբալ նայել խնդիրներին, հասկանալ՝ ուր ենք գնում և ում հետ: 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, արձագանքելով Աճեմյանի խոսքին, նկատեց. նախարարները, որ ամենայն ջանասիրությամբ չորս տարի համոզում էին՝ պիտի գնանք ԵՄ ինտեգրացիայի, հանկարծ միանգամից սալտո մորտալե են անում, ուրեմն արդյոք այդ մարդիկ կարո՞ղ են վստահելի լինել: Սարգսյանը համոզված է՝ նրանք սկզբունք չունեն, ուստի նրանց չի կարելի պահել կառավարությունում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել