Գազային պայմանագրի վավերացումը, դրանից հետո ընդմիջումը երեք ժամով և ցուցարարներին տուն ուղարկելը՝՝ մտորումների տեղիք է տալիս:
Հասկանալի էր, թե ինչու ձեռքով քվեարկեցին, քանի որ քարտեր չունեին:
Հասկանալի է նաև, թե ինչու քվեարկեցին մի բանի համար, որը չէին էլ կարդացել և արդյունքում, 72 անձով չկարողացան նույնիսկ ճիշտ հաշվել, թե քանիսով են հակապետական որոշում կայացրել, քանի որ ՀՀԿ-ականների 90% նույնիսկ դպրոցը չի վերջացրել, իսկ իրենց միակ կարդացածը և հաշվածը՝ դա թղթադրամներն են:
Անհասկանալի է, թե ինչո՞ւ ընդմիջեցին 3 ժամով, որից հետո շատերը շատ արագ հեռացան ԱԺ-ից, որպեսզի երեք ժամ անց հավաքվեն, շատ արագ ևս մեկ հակապետական որոշում կայացնեն և ավարտեն աշխատանքը:
Կարծում եմ, որ իշխանությունը սպասում էր ավելի բուռն արձագանքի, բայց երբ վավերացմանը դեմ խմբակցությունները իրենց կողմնակիցներին ԱԺ-ի մոտ հավաքվելու կոչեր չարեցին, այլ սկսեցին իրենց բազմամյա փորձով ուժեղ լոլոներ կարդալ, կոտրել հավաքված երիտասարդների ոգին, խոստացան ՍԴ դիմել ու վազեցին համատեղ հայտարարություն ստորագրելու, արդեն բոլորին էլ պարզ դարձավ, որ ոչ մի վտանգ պետք չէ սպասել բողոքներից:
Ափսոսում եմ Զարուհու ջանքերը, ով քաջաբար արեց մաքսիմումը, որ տապալի ԱԺ աշխատանքը, բայց արդյունքում նրան և Նիկոլին մեկուսացրին «ընդդիմադիր դինոզավրները» ու ներքաշեցին ձախողման դատապարտված գործընթացի մեջ, իսկ ՀՀԿ մեծամասնությունն էլ երեք ժամ անց հավաքվեց, «ՀայՌուսգազարդ»-ին մի հատ էլ հարկային արտոնություններ տվեց, ու Սերժիկը հանգիստ խղճով հեռացավ:
Ինձ մոտ նաև հարց է առաջանում, թե ինչու էին ակտիվիստները գնացել Բաղրամյան, այլ ոչ թե Դեմիրճյան և թույլ տվել, որ պատգամավորները անխոչընդոտ ներս ու դուրս անեին: