1in.am-ը գրում է.

Թուրքիայում շարունակվում է կոռուպցիայի գործով հետաքննությունը, որը կարող է խարխլել վարչապետ Էրդողանի գլխավորությամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերը: 

Նախորդ շաբաթ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը անցկացրել է «Մեծ կաշառք» օպերացիան՝ կոռուպցիայի, փողերի լվացման և ոսկու մաքսանենգության մեղադրանքով ձերբակալելով 89 մարդու: Հանգստյան օրերին շատերը ազատ են արձակվել, ձերբակալման օրդեր է տրվել 24 մարդու: Ձերբակալված գործարարների և պաշտոնյաների թվում են վարչապետի մերձավոր շրջապատի մարդկանցից՝ ՆԳ նախարար Մուամեր Գյուլերի և էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանի որդիները, Halkbank պետբանկի ներկայացուցիչ Սուլեյման Ասլանը, շինարարության ոլորտի մագնատ Ալի Աղաօղլուն:

Սուլեյման Ասլանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են կոշիկի տուփեր՝ 4.5 մլն դոլար կանխիկ գումարով: Երեկ հատուկ հայտարարությամբ բանկը հերքել է Իրանի հետ ապօրինի ոսկու առևտրի վերաբերյալ մեղադրանքները: Ըստ Hurriyet թերթի՝ հարցաքննության ժամանակ Ասլանը հայտարարել է, որ գումարները նախատեսված էին Թուրքիայում և Մակեդոնիայում իսլամական դպրոցների կառուցմանը նվիրատվություն կատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել