Այս պատմությունը սկիզբ առավ անհեթեթ եզրերով ու մոխրացած թղթի նման փշրվեց իմ աչքերում:
Հարկավոր էր լքել երկիրը, սակայն գործնականորեն դա հնարավոր չէր. այն ժամերը, որոնք օգտակար պետք է լինեին, արդեն անցել էին: Քաղաքից դուրս գալու և որևէ գյուղ իր մեջ վերցնելու խղճուկ առաքելությունը մնացել էր չորս ժամվան:
Մարմնիս զսպվածությունը չէր անցնում, շարժումներս կամքիս հակառակ՝ դանդաղ էին ու ձգված: Մի՞թե մեռավ…
…Ոտքերս դղրդում էին, մարմնիս անդամները կիսվում էին. մեկ տեսնում էի նրանց հեռվում, մեկ `շատ մոտ՝ քթիս տակ. գույնը խավար էր, հիվանդանոցային դեղնած լույսի նման: Հիվանդանոցի լույսերից միշտ մահվան հոտ եմ առել. գուցե դեղերի, սրվակների միախառնված սուր հոտերը արդեն սպանել են շատերին ու ինձ երբեք վստահություն չեն ներշնչել:
Նույն զգացողությունը պատեց այստեղ: Հասկացա, որ գնացքի մեջ եմ: Ակնթարթում վառվում էին լույսերն, ու երևում էին ծանոթներիս` ինձ վրա չռված երկար ու ծորուն դեմքերը: Սրանք սառն էին, լուռ ու նորից մեռած, ինչպես իմ ամբողջ երազը…
Արթնացա քունքիս ծակոցից, որը կրկնվեց արդեն լվացվելիս: Ջրի կաթիլ էր, թե՞ արյան գնդիկ, ամեն դեպքում ուղեղս կծկվեց, ու հիշեցի երազս, որին բացատրություն չգտա: Պատկերները հարազատ էին, դրանք արդեն ապրել էին իրենց գոյությունն ու գիտակ էին կյանքի ելքից մինչ մահվան դուռը: Հասկացա, որ միակ բացատրությունը դա էր, ինչն էլ հենց ատում ու հարց եմ տալիս ինձ: Ինչու՞ պետք է ինձ նայեն կյանքս ապրածի խորհրդավորությամբ, չէ՞ որ իմ բոլոր երազներում զգում եմ դա, չեմ ուզում նայել ճակատագիրս իմացողի աչքերին. դա ինձ չի թողնում ապրել…Միայն այս պատճառով արդեն ատելի են երազներս:
Հեռախոսի զանգը համաչափորեն արագացնում էր սրտիս զարկերը: Ձայնը գալիս էր բազմոցի տակից: Փռվեցի գետնին, որ վերցնեմ, բայց միայն դաստակս մտավ: Առաջին անգամ՝ երևի ինը տարեկանում ծխախոտի համն այնտեղ էի փորձել, մտածեցի, որ տարիքի չափման համար սա կարող է հետաքրքիր մեթոդ դառնալ. երբ նորից կարողանամ առանց նեղվելու սողոսկել ու անգամ կիսանստել, այդ ժամանակ պարզ կլինի, որ արդեն ծերացել եմ, իսկ թե ինչպես էր հեռախոսը հայտնվել այնտեղ, դրա պատասխանատվությունը կրում են միայն երազի պատկերները:
Հեռախոսը վերցրի. ընկերներիցս էր: Ասաց, որ երկու ժամից հանդիպելու ենք… Հանդիպման վայրի մասին մի քանի մանրամասն ճշտելուց հետո հեռախոսն անջատեցի:
Ամեն ինչ որոշված էր: Շունչս բացվեց, երակներս աշխատեցին, գիտեի մի բան, թե ինչ` այդպես էլ խորթ մնաց գիտակցությանս: Այդ պահին պատշգամբի գոգին դրված փշոտ կակտուսի իրանը շոյելուց հարմար բան չգտա…
Նորից պառկեցի: Ձեռքերս գլխիս տակ ագահորեն կլանում էին քունքիս թփթփոցը: Աչքերս փակվեցին: Եթե հնար լիներ, քառասուն օր կքնեի, գուցե և գտնեի անապատի Տիրոջը:
…Երեկ էր: Ընկերոջս այրին զանգեց ու լալով հայտնեց դժբախտությունը: Բակում խաղալիս փոքրիկ աղջնակին՝ Էլիզային, մեքենան հարվածել ու ջարդել էր ոտքն ու կողոսկրերը: Աղջնակը հրաշքով փրկվել էր, սակայն հաշմված: Հիվանդանոցում ինձ գտա ցցի պես խփված փոքրիկի տխուր աչքերի դեմ: Նարինեն՝ ընկերոջս կինը, բռնել էր աղջնակի նվաղող ձեռքն ու նայում էր ինձ: Ընկերոջս մայրը կիսաքուն դանդաղկոտությամբ աթոռ մոտեցրեց: Բերանս ցամաքել էր: Շատ էի սիրում այդ շեկ ու հասկացող աչքերով փոքրիկին: Հայացքս չէր կտրվում Նարինեի ձեռքից, որը ցավեցնելու չափ սեղմում էր Էլիզայի հետ քաշվող մատները. դա գնալով խենթացնում էր ինձ: Խղճիս շեմին իր ոտքերն էր ուրախ մաքրում վրեժի զգացումը…
Երկու կանանց գլուխները փոքրիկի տնքոցների տակ ծանրացել էին սրտիս: Ընկերոջս մայրը ներքին բնազդով կառչեց մտքերիս ընթացքից ու խոսեց.
-Ոչինչ պետք չէ…ծնողներն էին եկել, արագ է վարել…-Մի վայրկյան լռեց ու նորից շարունակեց, -մեր երկրացի է, տղա՛ ջան, ինչ եղել, եղել է…,- ու ափերը խփվեցին ծնկներին (որը արևելյան վշտի ու, հակառակը, ուրախության արտահայտման ձևերից ամենախոսունն էր):
Խոսքերի ծանրությունից, բայց ավելի շատ փեշերի տնքոցից ոտքի ելա.
-Դա ինձ թողեք…
Հետո լքված օրերիս մեջ հաճախ էի տեսնում նրանց տխուր ու որբացած դեմքերը, երևի բորբոքված էի շպրտել բառերս: Արդեն երեք տարի էր, ինչ ընկերս չկար, բայց դեռ թաց էր նրա հողը…
…Նորից հեռախոսը: Մղձավանջից դուրս չեկած, որն այդպես էլ շարունակվեց մինչ հաջորդ առավոտ, լսեցի ընկերոջս ձայնը.
-Ու՞ր ես, հազար անգամ զանգեցի:
-Գալիս եմ…
Աչքս ընկավ խավարասերին, որը կողքի թեքված վազում ու կանգնում էր, վազում ու քարանում: Հողաթափը զգուշությամբ շրխկացրի գլխին, ցնցվող ոտքից բռնելով գցեցի մոխրամանիս մեջ ու մոռացա նրա հոգեվարքը: Ժամն էր արդեն, ու միայն նոր հիշեցի նրան, որը դեռ շարժվում էր. «Սրանք իրոք անմահ են…էսօր ամեն ինչ մեռնելու է»,- մտածեցի, ու սիգարետս մոխրացրեց բարու վերջին ճիգը:
Հագնվեցի, ձեռքս ինքնաբերաբար երկարեց բարձի տակ, եթե այնտեղ օձ լիներ, գուցե և թույնը մեղրով ընդունեի, բայց դանակ էր: Մտաբերեցի, որ հիվանդանոցից վերադարձել ու անմիջապես խցկել էի բարձիս տակ: Բանականությանս հետ անհաղորդ գաղտնիքն ասես պարզվեց: Այս ամբողջ մղձավանջի պատճառը դու էիր, դու՛, որ գլխիս տակ սրվում ու կանչում էիր ինձ…
Մեքենայի մեջ լուռ էինք: Չգիտեմ՝ ինչու ընկերներիցս մի տարօրինակ դաշտ էր փոխանցվում՝ սպասողական, ակնկալիքներով ու խորհրդավոր լռությամբ…
Հասանք պայմանավորված տեղը: Հանդիպեցի թշնամուս: Երեսունին մոտ կլիներ, մազերը հարդարված, թարմ ժպիտի ծալքերը մինչև վերջ չէին հասցրել փակվել, որն ավելի էր սրանում՝ երեքի մեջտեղում իրեն պաշտպանված զգալով:
Հիմա, երբ վերհիշում ու մանրացնում եմ այդ պահը, փորձում եմ գտնել պատճառի ու հետևանքի միջև գոյություն ունեցողին, որը վերերկրային ինչ- որ ուժ է, բավականին անհեթեթ մի տեղից կարող է մարդու հոգին բաժակի պես փշուրների վերածվել:
Մի բան ակնհայտ է. եթե չլինեին նրա կշտացած, փքված ու զզվանքի հասցնող շրթունքները, գուցե և ուրիշ տարբերակով ելք փնտրեի:
Շրթունքները բավականությամբ փքվել ու կարմրել էին, իսկ նրանց տերը նման էր գառան դմակի, որը թռչկոտում է, երբ մատաղի սեղանից վերցնում են նրան:
Չեմ հիշում` ինչ խոսեցինք, որովհետև համակ ուշադրությունս մեխվել էր յուղոտ շրթունքներին: Մի պահ դրանք խոսող արարածների նմանվեցին, զզվանքից սիրտս խառնեց, հետո դանակիս փոխանցած կրճտոցից ուշքի եկա: Անմիջապես փնտրեցի շուրթերը, որոնք տրորված փափուկ որդերի պես կծկվել էին ոտքերիս տակ…
Ճանապարհին ընկերներիցս մեկը արագ-արագ ինչ-որ բան էր ասում: Մյուսը հայելու մեջ էր նայում համոզվելու համար, որ չեն հետևում: Երբ հանդիպեցի հայելու աչքերին, դատարկությունս ողողվեց մեղավոր հրճվանքով. «Հերոսացրիք ինձ, ընկերնե՛ր, երազի՛ս միջի ծանոթներ, բոլորդ ձեր գարշելի լռությամբ հերոսացրիք ինձ…»: Աչքերս թրթռացին, հոգնած ջղերս զորասյան պես ձիգ քուն մտան:
Արթնացա: Արդեն մթնել էր: Հարցրի` ուր ենք հասել: Ընկերներիցս մեկը պատասխանեց, որ մտնում ենք N-գյուղը: Ասաց, որ այստեղ է իրենց պապական տունը, որտեղ արդեն ինը տարի է՝ մարդ չի ապրում, միայն հարևան պառավն է ժամանակին տիրություն արել…
Գիշերով հասանք, շների ոռնոցի տակ մի կերպ լսեցի ընկերոջս խոսքերը, որը տոպրակները շալակած ասում էր, թե մի շաբաթվա կերակուր ունեմ մինչև իրենց գալը: Երբ ուզում էի շեմը կտրել, կողքովս մի պառավ անցավ: Ի զարմանս ինձ` չլսեցի ոչ մի խոսք, որը սովորաբար վերածվում է փնթփնթոցի: Հետևից նայեցի, շաղախվեց մթան հետ…Հետո նորից տեսա սենյակներից մեկից դուրս գալիս: Մինչ որևէ բան պարզ կդառնար, որոշ ժամանակ պետք է մնայի այստեղ, չնայած գիտեի, որ կորած եմ գլխովի: Դրանում համոզվեցի, երբ մի քիչ նստելուց հետո ընկերներս լռիկ ազդարարեցին իրենց գնալու մասին: Հիշեցի բորոտի առակը. մի՞թե ձեզնից մեկը կվերադառնա…
Ընկերներս գնացին, պառավը` նույնպես: Ես, առանց տարբերակելու և ըմբռնելու շրջապատող առարկաները, մեկնվեցի հնամաշ բազմոցին…
Առավոտ վաղ վեր կացա, չգիտեմ` գիշերը արցունքներ էին թափվել, թե ոչ, սակայն աչքերս ճպուռներից ուղղակի փակվել էին, իսկ դրանք քանդելը կուրացածի վիրակապը արձակողի ցավն ու հապճեպությունն ուներ:
Պառավը եկավ ու, առանց ուշադրություն դարձնելու գոյությանս, պղնձե մեծ բաժակով կաթ ու լավաշ դրեց սեղանին: Ես էլ առանձնապես խոսելուն պատրաստ չէի, ապրումներս քարացել էին մեջս, ամենաքիչը հրեշտակի քացին ինձ ուշքի կբերեր, որն այդպես էլ ուշանում էր:
Պառավը քչախոս էր երևում: Մյուս օրը պարզեցի, որ ընդհանրապես չի խոսում, բացի մի քանի բնական բառերից, որոնք էլ քթի մեջ սատկում էին:
Տունը հին էր, ոչ մի նոր առանձնատուն իրեն թույլ չի տա պառավի նման անխոս մեկի ներկայությունը: Պատերը հողից էին, դռները՝ կավի գույնի, ամեն ինչ հող էր: Ինքս էլ էի թաղված հողի մեջ…
Օգոստոս ամիսն էր, չոր արև. ամոթխած կույսերի նման գլուխները կախել էին ցորենի հասկերը: Մրգերի աշխարհում էի: Տան կողքին թթի, խնձորի, ծիրանի ծառեր կային: Հարևան տները հեռու էին, համենայն դեպս այդ տպավորությունն էին ստեղծում տան շուրջբոլորն աճած վայրի մոշն ու եղինջը: Նստեցի ծառի տակ, ու խնձորը հալվեց բերանումս. թթու էր, իսկը իմ ուզածը: Երջանիկ էի, որ թթուն տարբերակեց ներսիս` իրար հոշոտող քաղցր ու դառը համերը:
Մյուս օրերին պառավը բանտապահի անտարբերությամբ լուռ բերում էր կաթն ու հացը: Սկսեցի բարևել` հույս ունենալով դրանով շփման եզր գտնել, որպեսզի հասցնեմ նրա գիտակցությանը, թե ինչու էր երեկոյան թափում իր բերած կաթը: Չեմ սիրում, երբեք չեմ սիրել այդ սպիտակ լուծույթը. դա ինձ հիշեցնում է կյանքի մասին, իսկ ես մորիցս հետո առժամանակ մոռացել եմ այն:
Միտքս հայտնելու համար պառավից արձագանք չստացա: Ու պառկած, վերածննդի դարում ապրած գրողի կամ նկարչի մանրակրկիտությամբ սկսեցի ինքս ինձ համար բնութագրել պառավ ստնտուիս: Գլուխը փարթամ գանգուրներով էր: Իսկը անապատի գզգզված ուղտափուշ: Աչքերը ձկան նման անշարժ ու ջրոտ էին: Պարանոցը՝ հոսանքալարի կծիկի պես ուռած մկաններով, ոտքերը, ձեռքերը` չոր, հանց ծառերի չորացած ոստեր:
Երրորդ օրն սկսեցին տանջել այն մտքերը, որոնց ամեն վայրկյան նույն դանակի հարվածներով սպանում էի՝ մի՞թե մեռավ…Գիտեի՝ եթե զղջամ, խելագարվելու եմ այս անծանոթ պատերի մեջ: Բայց այն գալիս էր ու թթվի քարի նման սեղմելով՝ ծանրանում մտքիս: «Ի՞նչ եղավ…գոնե զանգեին»: Չնայած զանգելն անհնար էր, եթե չէի ուզում մոշի փշերի մեջ տեսնել ոստիկանի խուսանավող կուզը:
Չորրորդ օրն ինձ բռնացրի չարագույժ մտքի մեջ. ցանկացել եմ պառավին ուժով խոսեցնել՝ գտնելու համար գեթ մի ձայնալար: Հեռու վանելով միտքը` դուրս եկա տնից: Եթե բռնվելու եմ` լինի այսօր թե վաղը, գոնե պատժիս օրերը կլրացնեմ դատարկության փոխարեն: Քայլեցի փողոցի կողմը: Հասկացա, որ իզուր էի խուսափում, այստեղ ամայի էր կովբոյական հին թաղամասերի նման: Փաստորեն իմ պառավատունը գտնվում էր գյուղի վերևում, մի քանի տուն անցնելուց հետո հայտնվեցի երանելի դաշտերի մեջ: Հիշեցի, որ սիգարետս վերջանում է, իսկ դա դանդաղ ցնորում էր բերելու ինձ: Գիտեի, որ չէի դիմանալու ծխելու պահանջին և ծխելու էի տան թոնիրը, վերջին հաշվով կմագլցեի տների կտուրներն ու վառարանների փայտածուխը ներս կանեի: Այս գարշելի միտքը զվարճացրեց ինձ. իսկ ինչո՞ւ ոչ…
Երբ վերջին տունն էի ուզում շրջանցել, նկատեցի, որ ինչ-որ մեկը թեքված ցանկապատի արանքից հետևում է ինձ: Քաղաքաբնակի անկաշկանդ շարժումներով, որը պատահում է գյուղում շեշտը դնելու համար, թե գետնի փշերից պատրաստ եմ անգամ թռվռալու, առաջ անցա:
Դաշտերը գեղեցիկ էին, հարթ, ու ամեն ինչ տեսանելի էր այդ հարթության վրա: Ուրիշ բան է անտառը, որտեղ ծառերի ստվերները զգուշություն են պարտադրում, և թվում է՝ ամեն ծառի հետևում քեզ է սպասում, ասենք, թևատակը քորող արջը: Բայց դաշտերը ավելի գաղտնապահ են ու հետաքրքիր: Բաց տարածության մեջ որսացողի աներևույթ ձեռքը միայն վերևից է իջնում…Արագիլին տեսնում ես մի քանի քայլ այն կողմ, իսկ նա վաղուց նկատել է քեզ: Չկա անտառային խորամանկ թաքստոցը, որովհետև նա գիտի, որ կարող է ցանկացած պահի թռչել: Դու նույնպես հասկանում ես նրա կամքը, այդ պատճառով դաշտը մարմնավորում է ազատության վերելքը…
Թափառումներս կտանեին ինձ Հնդկաստան, եթե միջօրեի խամրող երկինքը չիջներ փակվող աչքերիս: Վերադարձին դիմացս ելավ հետևող աչքերի տերը՝ մի տասներկու տարեկան աղջնակ, որը, երևում էր՝ ամբողջ ընթացքում նստել ու սպասել էր ինձ: Զգացվում էր, որ կամքի ուժ էր գործադրել, որ վերջապես դիմացս ելնի: Դեմքի թրթռացող դիմախաղը խոսուն էր ու երազկոտ: Երբ հավասարվել էի նրան, ասաց.
-Բա՛րև ձեզ:
-Ողջու՛յն,-պատասխանեցի: Նա շեկ էր ու հիշեցրեց փոքրիկ Էլիզային…
Մի քանի քայլ անցնելով` կտրուկ շուռ եկա: Նրա լարված մկաններն ավելի կարմրեցին.
-Մի հարցով օգնիր ինձ, -ասացի:
Ակնթարթում տեսնելով նրա ձեռքերի ճրթճրթոցը, շարունակեցի.
-Բարեկամներս պետք է գան, բայց մինչ նրանց գալը առանց սիգարետի չեմ դիմանում, իսկ պառավս խուլ ու համր է երևում, եթե կարողանաս մի քանի հատ գտնել ինձ համար, շնորհակալ կլինեմ,
- Կփորձեմ գտնել, բայց` թութուն: Իսկ ի՞նչ պառավ՝ չգիտեմ…
-Հա՛, հա՛, ավելի լավ, թեկուզ կեղև լինի, միայն թե սիգարետի տեսք ունենա, շնորհակալ եմ: —Այստե՞ղ ես ապրում, – շարունակեցի ես:
Հարցս բթության չափ անմիտ էր, բայց աղջնակը գիտեր կամ դեռ չէր լսել քաղաքաբնակների թեթևամտության մասին ու մատով շատ լուրջ ցույց տվեց կողքի տունը.
-Այստեղ եմ ապրում…
Երեկոյան աղջնակը ինձ հանձնեց երազած թութունը, փաթաթելու համար դեղնած երեսներով թերթից նայող մարդկանց նկարների հետ: Հետո ծանոթացանք, զրուցեցինք, ասաց, որ ծնողները սար են բարձրացել, իսկ ինքը մնացել է խնամելու հիվանդ եղբորը:
Աղջնակի անունը Նուշիկ էր, բայց առանց նեղացնելու նրան, երևի թխության պատճառով կոչում էի Սենեգալցի: Սենեգալցին առաջարկեց գնալ երրորդ սարի թիկունքում գտնվող եկեղեցի` մատաղ անելու: Այնքան մենակ էի, որ դա ինձ թվաց երկարատև ու թարմացնող ճամփորդություն, սակայն, հիշելով եկեղեցու մատնող լռությունը, հրաժարվեցի:
Գիշերը չկարողացա քնել, հենց աչքերս փակում էի, մատաղի արյունը դանակի վրայից հոսում էր սրտիս: Սրտիս կծկումը ահավոր ցավ էր պատճառում՝ մի՞թե մեռավ…պետք է գնայի երրորդ սարի…
Մյուս օրերին ընկա խոր թմրության մեջ: Երևի հոգնել էի, հոգնել սպասումից, ամեն ինչից: Պառավը անթաքույց հետաքրքրություն էր ձեռք բերել, հիմա նայում էր ինձ ու թույլ ժպիտը ջրոտ աչքերին մաղձ էր արթնացնում: Նուշիկը սկզբում չէր երևում, մտածեցի՝ երևի վախենում է այլանդակ պառավից: Հետո սկսեց ցերեկները պատուհանից հետևել ու զրուցել հետս: Երևի ալարկոտ ու անմիտ պատասխաններ էի տալիս նրան, որովհետև էլ չերևաց, կամ ես չէի տեսնում:
Մի օր թմրությունս վերջակետ էր դրել ընթացքին, գլուխս կաղամբի պես ծալ-ծալ մաքրվում էր մտքերից. թույլ էի ու անշարժ: Երևի մրսել էի, տաքությունս չափեցի ինքնաներշնչմամբ. Մտածեցի՝ եթե իրականությունից անջատվում եմ այս հանգստությամբ, ուրեմն հասել է ամենավերջին թվին:
Դեռ փոքր հասակից մտովի կարողանում էի դուրս գալ մարմնիցս ու թափառել հարազատ վայրերում: Այդ օրը սիրտս թթու խնձոր ուզեց:
Մարմնիցս դուրս եկա ու շրջեցի տան կողքերով, մագլցեցի խնձորի ծառը, ու սիրածս թթուն քիմքս բռնեց…. Մի բան խլվլտաց մեջս, վերադարձա ու տեսարանից սարսափեցի: «Այո՛, կասկածներս ճիշտ էին. հենց իմ ծանոթներն ու ընկերներն էին գիտակցաբար ուղարկել այս վհուկի մոտ…»: Պառավը ծնկել էր մարմնիս կողքին ու չորուկ ձեռքերը դողդողացնելով ՝ զարկերակս էր բռնել, կարծես ջերմությունս էր կլանում, իսկ ձեռքի սուր նշտարով երակներիս ճյուղերն էր շոշափում…Փորձեցի գոռալ, բայց ձայն դուրս չեկավ: Աչքերս կիսաբաց էին, կուրծքս ելնում-իջնում էր, դեռ հույս կար, մանավանդ, որ չէի ուզում մեռնել…Սիրտս կտոր – կտոր էր լինում, բայց վախենում էի մոտենալ վհուկին: Հանկարծ աչքս ընկավ պատշգամբի մոտ ծնկած սենեգալցի աղջկան, նա հետևում էր պառավի շարժումներին: Պատուհանների կեսը հողի մեջ էին, մի փոքր մասն էր դուրս մնացել: Կյանքը հորդեց մեջս, ոտքերիս մատների վրա կամաց քայլերով մոտեցա լուսամուտին՝ անընդհատ թիկունքիս զգալով պառավի ներկայությունը: Ասացի.
-Փրկի՛ր, Սենեգալցի՛, փրկի՛ր ինձ…
Չգիտեմ` աղջիկը տեսավ ստվերս թե չէ, բայց ցնցվելով ետ ընկավ ու վեր կենալով վազեց: Շուռ եկա, պառավը երկար քրքիջ արձակեց: Մոտեցա անշնչացող մարմնիս, աչքերս կիսաբաց էին: Այնտեղ պատկեր էր գոյացել՝ զղջման բերկրանքը դեմքին…
…Աչքերս բացվեցին, քահանայի վեղարը հպվում էր ճակատիս: Արցունքից խտացած տեսարանը վեհ էր, իմ որոնածը…
Եվ ասացի.
-Երրոդ սարի հետևու՞մ…
Աղջիկն ասաց.-Այո՛…