Հայաստանի ապագայի հարցում իր ունենալիք նշանակության առումով 2013-ի դեկտեմբերի 23-ը կարող է համեմատվել երևի թե միայն 1990-ի օգոստոսի 23-ի և 1999-ի հոկտեմբեր 27-ի հետ: Սակայն, կարծես թե քչերի մոտ կասկածներ կան դեռ, թե վաղվա օրը ինչպես է ավարտվելու։ Հայաստանում իշխող ժամանակավոր իշխանությունը իր կոտրած ձեռքով ստորագրելու է Հայաստանի անկախությանը վերջ դնող ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնագիրը։  

Թե ինչպես այստեղ հասանք, կարծում եմ՝ ոչ ոք ավելի լավ չի բացատրի, քան արել է լուսահոգի ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը իր «Հաշվետու եմ...» վերնագրով`վերջերս լույս տեսած ինքնակենսագրության մեջ։ Ի վերջո, լավ կլինի, որ բոլորս հասկանանք, թե ինչ եղավ, բայց հիմա դրա մասին չի խոսքս։ Հիմա ուզում եմ տեսնենք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, եթե, իհարկե, այդ ցանկությունն ու արժանապատվությունը մեր մեջ վերջնականապես չեն բթացել։   

Հանրապետական տականքը վաղը կայացնելու է ազգի ապագայի համար խայտառակ մի որոշում` ոչ միայն իր անձնական շահերից ելնելով, այլ նաև` իր անձեռնմխելիության մեջ վստահ լինելու պատճառով։ Եթե անգամ մտքներով անցնում է, որ մի օր դատարանի առաջ են կանգնելու, կարծում են, թե «շուստրիությամբ» կամ այլ կերպ պլստալու են։ Ոմանք, օրինակ, կարծում են, թե կպլստան`ասելով. «Ռուսները ստիպեցին, մենք այլընտրանք չունեինք», իսկ ոմանք էլ կասեն. «Ես արհեստավարժ էի, կատարում էի ֆինանսների/արդարադատության/սոցապ նախարարի իմ պարտականությունները և կապ չունեի քաղաքական որոշումների հետ»։ Արդյունքում ոչ միայն ձևացնելու են, թե չեն տեսնում իրենց անձնական մեղքը արվածի մեջ, այլև ամբողջովին հերքելու են իրենց պատասխանատվությունը այդ և մի շարք այլ որոշումների մեջ, որոնք, անկասկած, կատարվեցին կամ ընդհանուրի կողմից, կամ նրանց լուռ աջակցությամբ։ Ցավոք, այսօր տեսնում եմ պատուհասների և ռեժիմի խամաճիկների մի մեծ բանակ, որը պատրաստ կլինի հավատալ և ազատ արձակել «արհեստավարժ» տղաներին։ Իրոք, մեզանում դեռ չի ձևավորվել «ընդհանուր պատասխանատվության» մտածելակերպ, էլ չասեմ` համապատասխան ինստիտուտներ։ Սակայն կան օրինակներ, որոնցից մեկի մասին կուզեի ձեզ և հանրապետական տականքին հիշեցնել։ 

Նյուրնբերգյան դատավարությունը 1945-46-ին մարդկության դատաստանի առաջ կանգնեցրեց նացիստական Գերմանիայի ղեկավարությանը։ Վերջնական դատավճիռները, իհարկե, տարբեր էին` ըստ ոճրագործների ապացուցված մեղքի աստիճանի, սակայն նրանք բոլորը դատարանի առաջ էին կանգնած և կրեցին «ընդհանուր պատասխանատվությունը» իրենց արածի ու չարածի համար։ 

Ինչպես Նյուրնբերգում պատասխանատվության կանչվեց նացիստական Գերմանիայի ամբողջ վերնախավը (իր քաղաքական, զինվորական և տնտեսական բաղադրիչներով), այնպես էլ հայկական Նյուրնբերգը պետք է դատի Հայաստանի իշխանական բուրգն ամբողջությամբ։ Կասկած չունեմ, որ հայկական Նյուրնբերգում մեղադրյալի աթոռին պետք է նստեն առնվազն Մարտի 1-ից այս կողմ երկիրը ղեկավարած բոլոր պաշտոնյաները՝ «նախագահները», քաղաքական վերնախավը, վարչապետը, նախարարները, օլիգարխները, բոլոր բարձրաստիճան մենթերն ու մեր անկախության de facto կորուստի մեջ կարևոր դերակատարում ունեցող այլ տականքները։ 

Հարկավոր է նշել, որ Նյուրնբերգյան դատավարությունը դարձավ այն անհրաժեշտ քայլը, որը հնարավորություն տվեց Գերմանիային`կտրելու կապը իր խայտառակ անցյալի հետ և («Մարշալի ծրագրի» օգնությամբ) պատմության մի նոր, անհամեմատ ավելի հզոր էջ գրելու։ Հայկական Նյուրնբերգը իր հերթին հիմք կդնի հայկական Վերածնունդին, եթե չասեմ որ կլինի նրա անհրաժեշտ պայմանը։ Այլընտրանք չկա... որովհետև չկա տնտեսական զարգացում՝ առանց արդարության և օրենքի առաջ հավասարության։ Չի լինելու բարեկեցություն` առանց ազատ մտածելու և քաղաքացու`սեփական հողի վրա արարելու հնարավորությունների։ Չենք ունենալու անկախ Հայաստան առանց Հայկական Նյուրնբերգի։ 

«Ընդանուր պատասխանատվությունը» ունի նաև ժամանակային բաղադրիչ։ Հայկական Նյուրնբերգով դատապարտվածների զավակները ոչ միայն հնարավորություն չեն ունենալու վայելելու իրենց հայրերի գողացած հարստությունը (որի վերադարձնելու ուղղությամբ արդեն իսկ դրվել են կոնցեպտուալ հիմքեր)[1], այլև իրենց ամբողջ կյանքում, դժբախտաբար, թե բարեբախտաբար, ստիպված կրելու են «հայրենիքի դավաճանի զավակ» ծանր պիտակը։ Ահա թե ինչ ժառանգություն են թողնում իրենց որդիներին այսօրվա իշխանավորները։

Հայկական Նյուրնբերգի օրն անկասկած գալու է... եթե անգամ ստիպված լինենք սպասելու Ռուսաստանի վերջնական քայքայմանը։ Կույր է նա, ով սա չի տեսնում։

Կեցցե՛ ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը...որ վաղն է գալու։

[1] Policy Forum Armenia-ի «Կոռուպցիան Հայաստանում» զեկույցի վերջին (7-րդ) գլուխը քննարկման է ներկայացրել «Գողացված ունեցվածքի վերադարձման նախաձեռնություն» նախագիծը, որը կառուցվել է այլ երկների փորձի, ինչպես նաև`նշված ոլորտը կարգավորող միջազգային իրավունքի դրույթների հիման վրա: Նախաձեռնությունը առաջարկում է Հայաստանում և դրանից դուրս պահվող ապօրինի կերպով յուրացված ունեցվածքի բացահայտման, վերադարձմանև կառավարման և վերաբաշխման եղանակներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել