A1plus.am-ը գրում է.
Քաղաքագետ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի զարմացել Սահմանադրական դատարանի կողմից դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու որոշումից: Ըստ նրա՝ սա ակնհայտ ապօրինության շարունակությունն էր:
Քաղաքագետին այսօր ամենաշատը հուզում է ապագայի հարցը: Ըստ նրա՝ այստեղ 2 տարբերակ կա. «Կամ վերջապես տապալվելու ենք, կամ քաղաքական փոփոխություններ ենք ունենալու»:
«Ա1+»-ի այն հարցին, թե նա ինչ քաղաքական փոփոխություններ է ակնկալում, պարոն Ղուկասյանը մեկնաբանեց`արտահերթ ընտրություններ. «Այսօր Սերժ Սարգսյանը ուժեղ է ոչ թե Հանրապետական կուսակցության շնորհիվ, այլ որ ընդդիմությունը ծախված է: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ժամանակին ասում էին, թե մենք կգնանք ԱԺ`ժողովրդի շահերը պաշտպանելու: Այսօր դա այդքան էլ իրական չէ, միակ ելքը մանդատները վայր դնելն է ու ստիպելն է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Բայց այսօր ընդդիմությունը դա էլ չի անում`կամ հիմար են, կամ շահարգրռված՝ իրենց մանդատներով»,- հավելեց նա: