Kinoashkharh.am-ը գրում է.
Անցած տարվա նոյեմբերի սկզբին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Կինոգետների ու կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հրավերով Երևանում էր մոսկվացի կինոքննադատ Անտոն Դոլինը: Նա հանդես եկավ վարպետության դասով, որը գլխավորապես նախատեսված էր կինոփառատոների լուսաբանման հարցերով հետաքրքրված լրագրողների համար:
Ստորև ներկայացնում ենք նրա հոդվածն այժմ ընթացող Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մասին, որ ուշագրավ է իր ուրույն դիտարկումներով:
Ամեն տարի ՄՄԿՓ-ում տեղի է ունենում մոտ 20 պրեմիերա, որոնք հաճախ անցնում են դատարկ դահլիճներում: Փառատոնի վերջին 10 տարիների որևէ մրցանակակիր, բացի ռուսական ֆիլմերից, չի հայտնվում վարձույթում: Բայց հենց հիմնական մրցույթի գոյությունն է հնարավորություն տալիս ընդգրկելու ծրագրում Մոսկվայի համար արժեքավոր մի քանի հարյուր ցուցադրություն:
Մայրաքաղաքում ընթանում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը` նույն ինքը ՄՄԿՓ-ն: Լավ է ընթանում, բուռն, չթողնելով, որ կանգ առնես ու մտածես, թե ինչու է ընթանում և ուր է ընթանում: 364 ֆիլմ 10 օրվա մեջ, հանաք բան չէ: Իսկ ահա Կաննում` 50-ից քիչ ավելի:
Մինչդեռ մտորելու առիթ կարող էր տալ անգամ բացման ֆիլմը` «Z աշխարհների պատերազմը», որով էլ մեկնարկեց ՄՄԿՓ-ն: Ոչ, խոսքը գեղարվեստական որակների մասին չէ. ի՞նչ ասես, սովորական լավորակ բլոկբաստեր է, գլխավոր դերում` կինոաստղ: Անշուշտ, դրա պրեմիերան Մոսկվայում տեղի կունենար առանց փառատոնի էլ, բայց քանի որ համընկել է, ուրեմն ինչո՞ւ Բրեդ Փիթին չգցես Նիկիտա Սերգեևիչ Միխալկովի ջերմ գիրկը, ո՞ւմ ես վնաս տալիս: Այնտեղ, որտեղ եղել են «Հենքոքն» ու «Տրանսֆորմերներ-3»-ը, ցավալի չէ, որ հայտնվի նաև զոմբիի մասին մարտախառն աղետը: Հետաքրքիր է ուրիշ բան:
Կամա թե ակամա ՄՄԿՓ-ն ընտրել և աշխարհին ներկայացրել է իդեալական մետաֆոր` նկարագրելու այն ամենը, ինչ կատարվում է երկրի գլխավոր փառատոնում արդեն մի քանի տարի: Չէ՞ որ ՄՄԿՓ-ն փառատոների համերաշխ ընտանիքում տիպիկ զոմբի է:
Դատեք ինքներդ: Մի ժամանակ` շատ վաղուց, այն ապրում ու շնչում էր, բացում նոր անուններ մասնագետների համար, առաջադրում կողմնորոշիչների համակարգ հանդիսատեսի համար: Այսօր հանրությունը վարձույթ ունի, ամենծույլերն ու անօրինապահները` դեռևս վերջնականապես չոչնչացած տորրենտներ: Քչերն են, որ ցանկություն ունեն կտրվել տնից և հերթ կանգնել «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացառիկ ցուցադրության համար: Իսկ մասնագետները տեղեկատվությունը քաղում են անմիջականորեն Կաննից, Վենետիկից, Բեռլինից կամ Լոկառնոյից, Տորոնտոյից, Ռոտերդամից. փառք Աստծո, սահմանները բաց են: ՄՄԿՓ-ն մոլորեցնում է մեզ և վարակում իր վերամբարձ, տենդագին, անառողջ ու ժամանակ առ ժամանակ ագրեսիվ էներգիայով, որի հետևում երբեմն հայտնաբերվում է վախեցնող դատարկություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ