Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 16-17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը, որի շրջանակներում տեղի են ունեցել Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները:
Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ`4 տարի ժամկետով:
Tert.am-ը զրուցել է դեսպան, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանի հետ՝ կոմիտեի անդամ ընտրվելու արդյունքում Հայաստանին ընձեռված հնարավորությունների, մեր կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին:
-Պարոն Կաժոյան, առաջին անգա՞մ է, որ Հայաստանն ընտրվում է կոմիտեի անդամ և դա ի՞նչ հնարավորություններ է ընձեռում:
-Հայաստանը կոմիտեի անդամ նախկինում չի եղել, սակայն մեր հետաքրքրությունը կոմիտեի հանդեպ մշտապես կար: Լինելով կոնվենցիան վավերացրած երկիր, սակայն չլինելով կոմիտեի անդամ, մենք լիարժեք հնարավորություն չունեինք՝ մասնակցելու կոմիտեի աշխատանքներին, նոր պատրաստվող փաստաթղթերի գործընթացներին, և նաև՝ տարին մեկ գումարվող նիստերի ժամանակ ունեինք ընդամենը մեկ րոպե ելույթի հնարավորություն, որի ընթացքում պիտի ներկայացնես քո դիրքորոշումները: Կոմիտեն ունի 12 անդամ և անդամակցելով՝ օգտվում ես, բնականաբար, այն բոլոր հնարավորություններից, առանց սահմանափակման ելույթների իրավունքից և նաև ակտիվ մասնակցություն ես ունենում կոմիտեի կողմից պատրաստվող բոլոր փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքներին:
-Ադրբեջանը երբևէ եղե՞լ է Կոմիտեի անդամ, և արդյո՞ք դրված էր նրա թեկնածությունը:
-Ադրբեջանը կոմիտեի անդամ է, ընտրվել է 2011 թվականին և կոմիտեի անդամ կլինի մինչև 2015-ը:
-Իր աշխատանքի ընթացքում Ադրբեջանն ի՞նչ հարցեր է բարձրացնում, ենթադրվում է, որ կլինեն ինչ-ինչ հավակնություններ Հայաստանի նկատմամբ, բայց ի՞նչ տեսքով:
- Ինչպես տարբեր միջազգային կազմակերպություններում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կոմիտեում ևս իր անդամակցության ընթացքում Ադրբեջանը փորձում է առաջ մղել իր շահերը: Անցած տարի հատկապես Ադրբեջանի գործունեությունը կոմիտեի աշխատանքների համար պրոբլեմատիկ դարձավ և այն Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների կողմից նկատվեց իբրև բացահայտ խախտում և կոմիտեում անդամության չարաշահման փորձ: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ կոմիտեի յուրաքանչյուր անդամ կոմիտեի՝ տարին մեկ գումարվող աշխատանքների շրջանակներում ստանձնում է որոշակի պարտավորություններ՝ փաստաթղթեր, առաջարկներ, բանաձևեր նախապատրաստելու և ներկայացնելու համար: Դրանք պիտի կրեն ընդհանուր բնույթ, հիմնված լինեն այս կոնվենցիայի դրույթների վրա, և դառնալով իրավական փաստաթուղթ՝ բնականաբար չպետք է ունենան որևէ մասնավոր հղումներ: Ադրբեջանն անցած տարի պետք է նախապատրաստեր փաստաթուղթ, որը վերաբերելու էր մշակութային արժեքների պաշտպանությանը աշխարհով մեկ գրավյալ տարածքներում: Բայց ի զարմանս կոմիտեի անդամների Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի եզրափակիչ հատվածը պարունակում էր բազմաթիվ հղումներ, որոնցում հղում էր կատարվում այսպես կոչված՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներին» (այս տարածքում ադրբեջանական մշակութային հուշարձաններ ոչնչացման մասին): Սա առաջացրեց ինչպես Հայաստանի, այնպես էլ կոմիտեի մյուս անդամների զայրույթը: Մենք բողոքարկեցին՝ ունենալով մեկ րոպե ժամանակ: Մեզ հետ միասին նմանօրինակ տեքստին արտահայտվեցին նաև կոմիտեի մյուս բոլոր անդամները: Կոմիտեի նիստին նախորդած մեկ ամսվա ընթացքում մեր կողմից աշխատանք տարվեց կոմիտեի անդամների հետ՝ կոմիտեին անդամակցելու Ադրբեջանի իրական ձգտումները ցույց տալու համար: Մեր կողմից հարց բարձրացվեց, որ անթույլատրելի է նման ձևով Ադրբեջանի նախագիծն առաջ տանել: Արդյունքում՝ բանաձևն ամբողջությամբ վերափոխվեց և ընդունվեց այն տեսքով, որն ընդունելի էր և՛ մեր, և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար՝ համապատասխանում էր և՛ կառույցի Սահմանադրությանը, և՛ Հաագայի կոնվենցիային:
Անցած տարվա այդ բանաձևով որոշվում էր, որ կոմիտեն նույնպես պետք է անդրադառնա այդ հարցին՝ ավելի մանրամասնորեն քննարկելով այդ որոշումը, և այս տարի Ադրբեջանը կրկին ներկայացրեց բանաձևի նախագիծ, որը զերծ էր անընդունելի ձևակերպումներից և ընդունելի էր կոմիտեի համար, բայց մենք դիտարկեցինք որոշակի իրավաբանական բացթողումներ, որոնք առաջացնում էին խնդիրներ՝ կոմիտեի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի գործունեության հետ կապված: ՀՀ պատվիրակության ջանքերի շնորհիվ բանաձևն իր վերջնական տեսքով ամբողջությամբ համապատասխանում է Կոնվենցիայի և 2-րդ արձանագրության տառին և ոգուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



