1in.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր արտահերթ նիստի ավարտին հայտարարեց, որ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» պայմանագրի քվեարկությունը կկազմակերպվի երկուշաբթի ժամը 12-ին: 

Քվեարկությունը տեղափոխվեց, քանի որ ԱԺ-ում քվորում ապահովելու համար չկար բավարար քանակով՝ նվազագույնը 66 պատգամավոր: Առավոտյան երբ նիստը սկսվեց, թե Հ. Աբրահամյանը, թե պատգամավորները հույս ունեին, որ այսօր կկարողանան կազմակերպել այդ համաձայնագրի և մի քանի այլ օրինագծերի ամբողջական քննարկումն ու քվեարկությունը: 

Պատգամավորներին նախ զգուշացվել էր, որ քվեարկությունը տեղի կունենա ժամը 15:00-ին, ապա Հ. Աբրահամյանը տեսնելով, որ հատկապես գազի և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու համաձայնագրի քննարկումը շատ բուռն է ընթանում, քվեարկությունը հետաձգեց ժամը 18:00-ին և խմբակցության ղեկավարներին զգուշացրեց ապահովել իրենց պատգամավորների ներկայությունը: 

Սակայն, ինչպես երևում է, հատկապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին չի հաջողվել ապահովել իրենց պատգամավորների ներկայությունը: Այդ ժամին ՀՀԿ-ի պատգամավորներն ավելի քիչ են եղել ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներից: Նման պարագայում Հ. Աբրահամյանը ռիսկի չէր դիմի և այդ համաձայնագրերը չէր դնի քվեարկության, քանի որ դրանց ընդունումը կտապալվեր: Իսկ դա արդեն Հայաստանի ներքին խնդիրը չէր, դա Ռուսաստանի հետ կապված խնդիր էր, և այդ համաձայնագրերի վավերացման տապալումը ՀՀ խորհրդարանում այդ երկրի կողմից չէր ներվի ՀՀ իշխանություններին: Իսկ Հ. Աբրահամյանին էլ խիստ զգուշացվել է՝ անխափան ապահովել դրանց ընդունումը: Այնպես որ, Հ. Աբրահամյանը նման պայմաններում չէր կարող չհետաձգել քվորումը:

«Խնդրելու եմ բոլոր պատգամավորները ներկա լինեն»,- ասաց նա, ապա, տեսնելով պատգամավորների դժգոհությունը, նշեց, որ իր համար այդ արձագանքն անհասկանալի է: «ԱԺ նախագահի դերակատարություն մի ստանձնեք, ես շատ լավ կատարում եմ այն, աշխատում ենք, արտահերթ նստաշրջան ենք հրավիրել»,- ասաց նա: Մի փոքր ավելի ուշ ԱԺ նախագահը հայտարարեց, որ Ազգային ժողովն աշխատանքները կշարունակի ոչ թե դեկտեմբերի 21-ին, այլ երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին: 

Քվեարկությունը հետաձգելու պատճառները ԱԺ նախագահը չմատնանշեց, սակայն, բոլորի համար էլ պարզ էր, որ հիմնական պատճառը քվորումի բացակայությունն էր, մասնավորապես՝ իշխող մեծամասնության մեծ մասի՝ նիստին ու քվեարկությանը ներկա չլինելը (հատկապես ԱԺ նախագահի բազմաթիվ հորդորներից հետո՝ գալ դահլիճ, մասնակցել քվեարկությանը): Իսկ ԱԺ-ում այդ ընթացքում շրջանառվում են լուրեր, թե հանրապետական պատգամավորներից շատերը ևս այս օրենքի կողմնակից չեն: 

Ի դեպ, դեկտեմբերի 20-ի քննարկումների ժամանակ անգամ ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը բավական սուր, քննադատական արտահայտություններ արեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել