1in.am-ը գրում է.

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մատենադարանում ներկայացրել է 2013-ի ՀՀ ԿԳ նախարարության հաշվետվությունը: Նա նշեց, որ ՀՀ կրթական համակարգի համար, անկախություն ձեռք բերելուց ի վեր, որևէ տարի հեշտ չի եղել, յուրաքանչյուր տարի համակարգի առաջ նոր մարտահրավերներ է դրել: Նախարարը նշեց, որ 2013-ին ավարտում են հետճգնաժամային տարիների՝ 2010, 11, 12թթ. շարքը, և ինչպես ասաց նախարարը՝ 2014-ին կարող ենք ակնկալել ավելի շատ ձեռքբերումներ՝ նաև բյուջեի առումով:


Արմեն Աշոտյանը նշեց հինգ կարևորագույն ձեռքբերումներ: Նախ՝ ընթացիկ տարվա ընթացքում մշակվել և կյանքի է կոչվել ուսանողների սոցիալական պաշտպանության նոր ծրագիր, որը ուսանողներին հնարավորություն կտա պետության կողմից ստանալ աջակցություն, շարունակել կրթությունը:

Երկրորդ ձեռքբերումը կրթության համակարգի միջազգայնացումն է: Նա առանձնացրեց Եվրախորհրդի կողմից տարածաշրջանային նախարարական գագաթնաժողովը: Միջազգայնացման շրջանակներում մյուս կարևոր ձեռքբերումը, նախարարի խոսքով, այն է, որ այս տարի Հայաստանի 18 բուհեր տեմպուսի ծրագիր են շահել:

Երրորդ կարևոր ձեռքբերումը ՀՊՃՀ-ում ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնումն է, որը կար նաև Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում: 

Չորրորդն այն է, որ պետությունը նախակրթարանների ստեղծումը դիտարկում է որպես գերակա ուղղություն: Այս տարի ստեղծվեցին 73 նախադպրոցական հաստատություններ:

Հինգերորդ. ըստ նախարարի՝ փայլուն կերպով իրականացրել են կրթության ոլորտում համաեվրոպական պարտավորությունները Բոլոնյան գործընթացում: 

Նա նշեց, որ 2013-ին առաջին անգամ հաստատվել և կյանքի է կոչվել դպրոցների վարկանիշային համակարգը, որի արդյունքները կներկայացվեն 2014-ին: Նախարարը նշեց, որ այս տարի շախմատի դասընթացներ են անցկացվում նաև չորրորդ դասարաններում:

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում ունենք 117 ներառական դպրոց, 15 միջազգային օլիմպիադաներից մեր աշակերտները վերադարձել են մեդալներով, ինչը նշանակում է, որ մեր երեխաների հաջողությունները պատահականություն չեն, այլ դրված են կայուն հիմքերի վրա: Նախարարը ակնկալում է, որ 2014-ին մեդալների թիվը կմեծանա: 

Արմեն Աշոտյանն անդրադարձավ այն հարցին, թե Հայաստանում քանի դպրոց կա, որտեղ ռուսերեն լեզվով խորացված ուսուցում է անցկացվում: Նա հայտնեց, որ Հայաստանում կա 60 դպրոց, որտեղ անցկացվում է ռուսերենի խորացված ուսուցում, իսկ ռուսական դասարաններ կան 40 դպրոցներում, ավելացել է մեկ դպրոց` Սլավոնական համալսարանն իրեն կից դպրոց է ստեղծել:

Նախարարի խոսքով՝ կրթության ոլորտում կրթական որևէ ծրագիր չի ձախողվել, բայց իրականացվող բարեփոխումների տեմպը միշտ չէ, որ բավարարում է: 

Ի դեպ, 845 ուսանող «Փարոս» ծրագրով պետության կողմից կստանա աջակցություն՝ ուսման վարձի տեսքով: Զեղչերի մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հավանության է արժանացել. ԱԺ-ում այս օրենքը օրակարգում կլինի փետրվարին: 

Վեց նախակրթարանների լիցենզիաներ կասեցվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել