Ամառ, շոգ, քիչ-քիչ դիրքերը զիջող արև: 

Չարբախի չգիտեմ՝ որ հատվածում է գտնվում հանրապետական հավաքակայանը: Առավոտվանից տարբեր մարզերից ու քաղաքի տարբեր զինկոմերից երեխաներին ճանապարհ դրած ծնողներն ու բարեկամները երեկոյան արդեն հավաքվել են էստեղ՝ տղաների ծառայության տեղն իմանալու ու մի անգամ էլ ավտոբուսների միջից, թեկուզ հպանցիկ, էդքան միանման դարձած քաչալ գլուխների միջից իրենց հարազատ ու միակինը տեսնելու ու ձեռքով անելու համար... Որ վերցնում ես՝ ի՞նչ, կարող է սկի չտեսնեն էլ, բայց կարո՞ղ ես համոզել, որ տնեցիք տանը նստեն: 


Տղաներն առավոտյան, մինչև ավտոբուս նստելը կատակում էին, ծիծաղում: Հետո հենց ավտոբուս նստելու հրամանն արձակվեց, վայրկենապես մեծացան մի քանի տարով, տխրեցին, լրջացան, հուզվեցին: Երկու տարվա հաշվարկի մեկնարկը տրվեց: Սկսվեց անհայտը: Երկու երկար ու ձիգ տարի, որ հետո երազ են թվալու, ոչ իրական: Մենակ թե հետ վերադառնան: Մենակ թե անփորձանք: Մենակ թե զգույշ: Մենակ թե խելացի: 

... Ժամը մոտավորապես 6-7-ից հարազատների զանգվածն սկսում է աճել: Դեռ երկար պիտի կանգնեն: Հնարավոր է մինչև 11-12-ը: Արևածաղիկ, բլիթներ, ջրեր, պաղպաղակ՝ ավելի շատ ինչ-որ բանով սպասումն ու ժամանակը լցրած լինելու համար: 

8-9-ի կողմերը թեթև շարժ է սկսվում: Մեկ ու մեջ բացվում են դարպասներն, ու մեքենաներ են դուրս գալիս: Դարպասի ամեն բացվելու հետ, մարդկային զանգվածը լող է տալիս դեպի էդ կողմ:

- Ա, չէ, սրանք լեխկավոյներ են...
- Խոսացածներին են տանում լավ տեղեր... 
- Օֆ, Հայկ ջա՛ն, տեսնես ի՞նչ ես անում...

Քիչ անց սկսում են դուրս գալ վերջին ու գլխավոր բուժհանձնաժողովի կողմից ազատվածները: Պատրաստված եկել են, որ գնան՝ գլուխները քաչալ, փոքր ուսապարկի մեջ մի քանի կտոր հագուստ, ուտելիք... 

Ու հետո, արդեն 10-ի կողմերը սկսում են րոպեների տարբերությամբ դուրս գալ ավտոբուսները: Ավտոբուսների բոլոր հնարավոր ու անհնար տեղերից դուրս են նայում քաչալ գլուխներն ու միանման դեմքերը: Մարդ կա հասցնում է հարազատներին տեսնել, գոռալ՝ Հոկտեմբերյան, Լուսակերտ, Ղարաբաղ...

Ու մարդիկ տարերայնորեն վազում են ամեն ավտոբուսի հետևից: 
- Տեսա՞ր
- Չէ, հաստատ մեջը չէր:
- Էս մեկը Ղարաբաղ էր, Վաղոն մեջը չի լինի: Ավարտած ա...

Արցունքներ, հուզմունք, նյարդեր:

- Ո՞նց ենք հասնելու էդքան հեռու,-լաց է լինում մեկի քույրը: -Ո՞նց ենք հասնելու: Ինչի՞ էդքան հեռու:

Մթան մեջ արդեն դեմքերը չեն էլ երևում: Վերջին ավտոբուսը մեկնելուց մի 15 րոպե հետո հին բարձրախոսը սկսում է կարդալ անուններն ու հայտնել ծառայության վայրերը: Իրենց երեխայի անունը լսելուց հետո մարդիկ սկսում են ցրվել տներով՝ արդեն կարոտած: Երկու տարվա վերջը չի երևում: Ժամանակը սկսում է դանդաղել, կյանքը՝ բաժանվել երկու իրար չհատող հարթությունների: Մեկում ապրում են իրենք, ու իրենց օրերը թռնում են, մյուսում իրենց զինվոր զավակներն, ու նրանց դանդաղ անցնող օրերը: Երկու տարի անգամ էսքան օր անգամ էսքան ժամ... 

Անփորձանք, տղանե՛ր: Ու բարի վերադարձ բոլորիդ: 



Հ.Գ. abrosha-ի էս պատմության վրա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել