Kinoashkharh.am-ը գրում է.
-Անցած հանդիպման ժամանակ, երբ խոսում էիք երրորդ իրականության մասին, ասացիք, որ կինոյի հիմքը քանդվել է, Ձեր արտահայտությունն է, քանի որ կինոն սկսել է սուտը ներկայացնել որպես ճշմարտություն, այսօրվա կինոյում բացակայում է մարդը, սովորական մարդուն փոխարինելու է եկել մոնստրը… Ուրեմն, ի՞նչ, կինոն ապագա չունի՞:
- Գիտեք, մեկ-մեկ, կատակով, հերթական ֆիլմի պրեմիերայից հետո դահլիճից դուրս գալով, սկսում եմ հայհոյել իմ սիրած ռեժիսորներին` Ֆելինիին, Փարաջանովին, Փելեշյանին և մյուսներին: Ասում եմ` ախ, դուք չհասկացաք, թե ինչ արեցիք: Հատկապես Ֆելինիին. «Ութ ու կեսն» իմ սիրած ֆիլմն է: Վերջերս ուսանողներին էի ցույց տալիս և նորից հիացա, թե ինչ զգուշությամբ էր մատուցում իրականությունից անցումը երևակայությանը: Անցումն անում էր այնպես նուրբ, որ չզգաս` անցում կատարվեց: Նա թույլ էր տալիս մտնել ենթագիտակցության ոլորտը զգուշությամբ, չխախտելով իրականությունը: Ճիշտ են ասում, որ կինոն բաժանվում է երկու փուլի` մինչև Ֆելինի և Ֆելինիից հետո: Բայց ի՞նչ հետևանքներ թողեց նրա այդ հայտնագործությունը: Ինչպե՞ս սկսեցին շահագործել այդ հնարքը:
Եկավ մի պահ, որ սկսեցին այլևս չտեսնել իրականությունը: Երևակայությունը լավ բան է, ենթագիտակցությունը շատ լավ է արվեստում, նույն բանը գրողներն են արել, բայց դա չի փոխարինում իրականությանը: Իսկ կինոյի համար գլխավորն իրականությունն է: Վավերագրական կինոյում միշտ արգելված են եղել խաղարկային տեսարանները: Վավերագրական կինոյում չպետք է լիներ հնարած տարր: Հիմա հակառակն է: Սա այլասերում է արդեն: Հիմա տեսնում ես վավերագրական ֆիլմ Վիսոցկու մասին, որում ինչ-որ մեկը դերասանություն է անում: Ինձ պետք չէ կեղծ Վիսոցկի, երբ կա իրական Վիսոցկի: Եթե խաղարկային կինո ես անում, ուրիշ բան: Հիմա ես տեսնում եմ վավերագրական ֆիլմեր` մեկը մյուսից թույլ, խնդիրը դա չէ. նաև` սուտ: Իսկ կինոյի արժեքը իրականությունն է:
Ինձ պետք չէ 3D, ո՞ւմ ես խաբում: Թվային տեխնոլոգիան կարևոր բան է տեխնիկական առումով, օպերատորին մեծ հնարավորություններ է տալիս, բայց մենք ծնում ենք դիլետանտներ, որոնք պրոֆեսիոնալիզմի հավակնություններ ունեն: Եվ մթնոլորտ չկա: Չկա այսօր կինոքննադատություն: Ես դեռ խոսում եմ ոչ թե արվեստի, այլ ուղղակի կինոյի մասին: Ու դա խափանված է` կինոն որպես դոկումենտ: Մենք պարտական ենք մեր պապերին, որոնց շնորհիվ պահպանվել են անգնահատելի կադրեր Եղեռնի վերաբերյալ: Ֆրանսիացիներ են նկարել թե ուրիշներ, կարևոր չէ: Այդ կադրերով մենք կարող ենք մտնել ՄԱԿ և ապացուցել, որ ցեղասպանություն է եղել: Եվ ավելի ճիշտ են նկարված, քան այսօրվա մեր ֆիլմերում: Որովհետև այն ժամանակ չեն մտածել ինչ-որ օյինբազ հնարքների մասին, այլ նկարել են այն, ինչ որ կա: Այդ երևույթը կարող է կորչել մոնտաժի միջոցով: Մոնտաժը Էյզենշտեյնը հնարել է մի նպատակով, իսկ այսօր օգտագործվում է այլ նպատակով: Մոնտաժը շուռ է գալիս նույն կինոյի դեմ` լինելով նրա հիմնական զենքը:
Այդ պատճառով ես առայժմ ուզում եմ հավատալ միայն կադրին: Եվ այդ կադրը փրկելու համար մտածում եմ` երևի պետք է վերադառնալ իտալական նեոռեալիզմի սկզբունքին: Փորձենք վերադառնալ մարդկային կենցաղ: Կատակով եմ ասում` ավելի լավ է նկարել հանրային զուգարան, որտեղ համակարգիչ չկա, որտեղ մարդը մարդուն կարող է հանդիպել և խոսել, դեմ առ դեմ հանդիպել ու հարցնել` ինչպե՞ս եք, չնայած նույն մարդուն մինչ այդ մի տասն անգամ հանդիպել է և ուշադրություն չի դարձրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ