Newsbook.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել է «Երկրամաս» թերթը, Ռուսաստանի հայերի միությունից հրաժարական է տվել հայկական բանակի ստեղծողներից մեկը՝ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Պատճառը, ըստ գեներալի, եղել է այն, որ նա երիտասարդության հետ հանդիպում է ունեցել, ինչը դուր չի եկել այս միության որոշ անդամների, որոնք էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հաղորդել ՌՀՄ նախագահին: Newsbook-ի տեղեկություններով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետը երիտասարդության հետ հանդիպման ժամանակ սուր քննադատության է ենթարկել հայաստանյան իշխանությունների պարտվողական քաղաքականությունը, խոսել այն մասին, որ վտանգված է Արցախի անկախությունը: Ավելին, գեներալը հիշեցրել է, որ Մաքսային միության պահանջներից մեկն էլ ԼՂՀ հետ մաքսային սահմանի ստեղծումն է, ինչը նշանակում է, որ չճանաչված պետությունը հայտնվելու է շրջափակման մեջ: Իհարկե, ՌՀՄ-ում քիչ չեն նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի նշանավոր ու ճանաչված ռուսաստանյան հայերը հայտնվեն «խաղից դուրս վիճակում», ուստի այս անգամ էլ թիրախ են դարձրել գեներալին, որն իր մտահոգություններն է հայտնել իբրև հայ մարդ: