Ուկրաինայի այսօրվա դեպքերի առթիվ կարելի է հիշել Կորեայի պատմությունը: 1950-ականներին այնտեղ պատերազմ էր գնում, թե որ ուղղությամբ երկիրը պետք է շարժվի՝ կոմունիստակա՞ն, թե՞ կապիտալիստական: Ավարտվեց նրանով, երկիրը երկու մասի բաժանեցին. այդ ժողովրդի վրա կարծես էքսպերիմենտ արեցին: Հյուսիսային Կորեան Սովետի օգնությամբ, էժան նավթի ու գազի միջոցով սկսեց կառուցել իր պայծառ ապագան, թափով շարժվեց դեպի կոմունիզմ, Հարավայինում էլ, որը երկար ժամանակ Ասիայի ամենաթույլ զարգացած երկրներից էր, տարին տարվա վրա, գոտիները կապած, կռվով, դավով, բազմաթիվ զրկանքներ կրելով, բայց համբերատար սկսեցին երկիր կառուցել: Դա մի տարվա գործ չէր, այլ տասնամյակների:
Այս էքսպերիմենտը ավարտվեց նրանով, որ հենց ԽՍՀՄ-ը քանդվեց, Հյուսիսային Կորեան էլ հետը պրծավ: Առանց Սովետի շուկայի, առանց էժան նավթի ու գազի այս երկրի տնտեսությունը զրոյացավ ու հիմա սովետական այս Կորեան աշխարհի ամենաաղքատ եւ արհամարված երկրներից է, որտեղ մարդիկ երեք բան են կարողանում անել՝ սովից մեռնել, հպարտանալ իրենց նախնադարյան բանակով ու օրը 10 անգամ վախից խոնարհվել իրենց հերթական «իմաստուն», աստվածատուր առաջնորդի առջեւ: 
Հարավային Կորեայի ժողովուրդն էլ իր տասնամյակների համառ աշխատանքի շնորհիվ բարեկեցիկ պետություն սարքեց, որն ունի աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը՝ իր «Սամսունգներով», ու գերժամանակակից տեխնոլոգիական ոլորտներով, որը շատ ճյուղերում նույնիսկ ճապոնացիներից առաջ է ընկել, որը միջազգային ասպարեզում իր արժանապատիվ տեղն ունի, որի ժողովուրդը հպարտանում է իր երկրով եւ այդ երկրում իր տեղով ու դերով: 
Հիմա Ուկրաինան կարծես նման մի էքսպերիմենտի առջեւ է կանգնած...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել