Դավութողլուի երևանյան այցի ընթացքում հայերի տեղահանման վերաբերյալ հայտարարությունից հետո (ի դեպ, այս տեղեկատվական առիթը թարմ պահելու համար Էրդողանի կուսակցության ներկայացուցիչներից մեկը իրենց նախարարի դեմ անգամ հոխորտացել է, թե իբր սրանով իշխող կուսակցությունը ցույց է տալիս, որ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը) մեր որոշ քաղաքական և քաղաքականամերձ շրջանակներից կարծիքներ հնչեցին, թե կարծես պաշտոնական Անկարան ուզում է հաշվի նստել իր պատմության հետ և առաջիկայում կոշտ ժխտողականությունը, գուցե տեղ չգտնի նրա արտաքին քաղաքականության մարտավարական առաջնահերթություններում: Անկեղծ ասած, ես էլ շատ կցանկանայի հավատալ այս ամենին, բայց գոնե այս փուլում նման լավատեսության համար որևէ ծանրակշիռ առիթ չեմ տեսնում: Փոխարենը` ինձ համար պարզ է, որ այս երկիրը իր դիվանագիտությանը հարիր մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով ապագայում նույնպես փորձելու է «սիրաշահել» մեզ` կարևոր մեսիջներ ուղարկելով որոշումներ կայացնող այն կենտրոններին, որոնք շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրներով: Բնականաբար, այս համատեքստում շարժառիթները ավելի քան ակնհայտ են. մեկ տարուց մի փոքր ավել ժամանակ է մնացել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և իրենց համար հնարավոր տհաճ անակնկալներց (Հայոց Ցեղասպանության ճանաչում բազմաթիվ երկրների, հնարավոր է նաև ԱՄՆ-ի կողմից) խուսափելու համար, նրանք անշուշտ, կփորձեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված շատ կոնկրետ քայլեր անել` ընդհուպ մինչև նախապայմաններից հրաժարումն ու սահմանի բացումը, ինչպես նաև իրենց ձևակերպմամբ 1915 թ. հայերի տեղահանման դեպքերի հետ կապված խորը ափսոսանքի և զղջման շոուներ կազմակերպելը: Պետք է նշել, որ հատկապես տարաբնույթ քաղաքական շոուներ կամ իմիտացիաներ կազմակերպելու առումով Թուրքիան լուրջ մրցակիցներ չունի:
Մի խոսքով, այս երկիրը մոտ ապագայում, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում չի փոխելու իր ժխտողական կուրսը և ոչ միայն նրա համար, որ նա բավականաչափ արդար ու ազնիվ չէ իր նկրտումների մեջ, այլև որ իր տխրահռչակ անցյալի հետ առերեսվելով, գուցե միայն բարոյական կորուստներով չսահմանափակվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/266155386871798?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել