Խորհուրդ տալուց առաջ պետք է գործել: Օրվա խորհուրդ:

Ազգ, բարի լույս: Այսօր աշխատանքի շտապելիս Կարեն Ավագյանին չե՞ք տեսել բահով մարմնամարզություն անելուց: Դե երեկ խոսում էր կալորյաներից, առողջությունից, ասում էր, որ պետք չի բողոքել, այլ պետք է բահով մաքրել փողոցները: Այսքանը խորհուրդ տալուց հետո ես մտածում եմ, որ նա առաջինն է այսօր շտապել մարմնամարզության: Կարեն Ավագյան ջան, ես ու դու, որ դուրս գանք մարմնամարզության, բա քաղաքապետարանն ի՞նչ անի: Ավելի լավ է ամեն մեկս մնանք մեր գործին:

Գալուստ Սահակյանը երեկ ասում էր, որ ՀՀԿ-ն դեռ 50 տարի մնալու է իշխանության ղեկին: Փաստորեն Գալուստ պապին ցանկանում է, որ իր անունը գրեն ֆրանսիացի աստղաֆիզիկոս, բժիշկ և գիտնական Նաստրոդամուսի անվան կողքին՝ որպես մեծն գուշակ: Արդեն երկարաժամկետ բաներ է սկսել գուշակել: Այս ամենին դեմ է Րաֆֆին, որովհետև նա քրիստոնյա է, իսկ քրիստոնեությունում ակուլտիզմը բացառված է:

Իրավապաշտպան «Ժառանգություն» կազմակերպության անդամ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, երեկ որոշել է, որ պետք է դիմի վերաքննիչ դատարան Փակ շուկայի հարցով: Երեկ հաղորդագրություն ստացա, որ Փակ շուկան առևտրային ապաստարան է խնդրել Մոզամբիկից, իր անվան շուրջ այսքան վեճերից ազատվելու համար: Րաֆֆի՛, հետ արի՛, կուսակցությունդ քանդում են, քանդում, քաղաքականությունից անցել են դատավարությունների: Չնայած, երբ կա՞ր քաղաքականություն որ:

Հաջորդ մարդը, ում անունը գրելու եմ, Անի Զախարյանն է: Անին հիմա էլ սպառնում է Հովիկ Աբրահամյանին: Անիին լուրջ հակադեպրեսանտներ են պետք, որպեսզի հանգստանա ու հասկանա՝ ինչ է ուզում այս կյանքից: Թե չէ ազատ սեքսից մինչև մոլի հայրենասիրություն քարոզում է, որը կպավ, կպավ:

Վայ, բարով գայիր, ձյուն ջան: ՖԲ-ում համարյա խոսելու բան չկար, դու եկար շատ-շատ ստատուսներն էլ քո հետ: Մեկը գրում է՝ մաքրել են, մեկը գրում է՝ չեն մաքրել: Մեկը ուզում է, որ իր սեփական բնակարանի բակն էլ մաքրեն, մեկը հորդորում է ամբողջ քաղաքը մաքրել: Ինչպես միշտ, մեր ազգին բնորոշ գծերով՝ ծայրահեղությունից ծայրահեղություն:

Բարի օրվա ընթացք ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել