A1plus.am-ը գրում է.
Քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների կողքին հայտնվեց եւս մեկ կառույց՝ «Քաղաքացիական պայմանագիր», որն ի տարբերություն նախաձեռնությունների՝ կփորձի խնդիրներին ավելի լայն լուծումներ գտնել։
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսին հայտարարեց Արայիկ Հարությունյանը. «Քաղաքացիական պայմանագիրը ենթադրում է քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, անհատ քաղաքացիների ներգրավվածությունը այս գործընթացի մեջ»։
«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառույցի հիմնական և ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ հարուցել հայրենադարձության մեծ պրոցես դեպի ՀՀ։
«Հասնելու ենք նրան, որ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը չեն լինելու իշխանություն: Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք իշխանափոխության, եւ հասնելու ենք նրան, որ Հայաստանում լինեն ազատ եւ արդար թափանցիկ ընտրություններ եւ ստանալու ենք ՀՀ քաղաքացիների վստահության քվեն:
Եվ ես կարող եմ ասել, որ «Քաղաքացիական պայմանագրի» կարեւորագույն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը չեն լինելու իշխանության եւ նրանք չեն ունենալու այն ինչ հիմա ունեն»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամների հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են նախաձեռնության անդամները պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ինչ վերաբերում է համագործակցությանն այլ քաղաքական ուժերի հետ, պարոն Փաշինյանի պատկերացմամբ այդ համագործակցության համար նախ պետք է հստակ ձեւակերպեն, թե ինչ ասել է համագործակցություն. «էդ ժամանակ պատկերացնումների համընկնման դեպքում հնարավոր կլինի նաև համագործակցությունը։ Կարևոր են, որ համագործակցությունները տեղի ունենան բոլորին տեսանելի ասելիքի շուրջ»։
Ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ասում է. «Մենք չենք հավաքվել կուսակցություն ձեւավորելու, այլ խորհուրդ, որը հավատ կներշնչի ժողովրդի մեջ, և ժողովուրդը կգա մեր հետևից։ Ժամանակն է գիտակցել, որ այս օրհասական պահին պետք է համախմբվել»։