Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ «Սիվիլիթաս» հիմնադրամի և «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք «փողերի լվացման և հարկերից խուսափելու» մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին:

Ազգային անվտանգության ծառայությանը շեղել են ազգային իսկական անվտանգությունն ապահովելու նրա կարևոր առաքելությունից և ստիպել զբաղվել ինչ-որ փաստերի փնտրտուքով, որոնք հարկավոր են կայացրած եզրակացությունը հիմնավորելու համար: Ակնհայտ է, որ այս ամենը միտված է խոչընդոտելու «Սիվիլիթասի» և «ՍիվիլՆեթի » գործունեությունը:
«Սիվիլիթասի» նախաձեռնած ծրագրերը այս չորս տարիների ընթացքում իրականացվել և իրականացվում են Հիմնադրամի կանոնադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խստագույն կատարմամբ: Մեր ամբողջ գործունեությունը կանոնավոր աուդիտ է անցնում:
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի որևէ անդամի և/կամ որևէ աշխատակցի քրեական հանցագործության մեջ կասկածելը ահազանգ է Հայաստանի՝ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված նոր սերնդին, որը գիտակցում է, որ իր պատասխանատվությունն ու իրավունքն է մասնակցելու այս երկրի կառավարմանը:
Առհասարակ, անընդունելի և պարսավելի է, երբ այս ամենի մեջ շոշափվում է այնպիսի մեծ բարերարի անուն, ինչպիսին Ջոն Հանթսմանն է, մարդ, որն անկախությունից ի վեր Հայաստանում անգնահատելի բարեգործություն և ներդրումներ է արել: Մի՞թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են օտարել բոլոր այն մարդկանց և հաստատություններին, որոնք մեր երկրի ժողովրդավարացման ու զարգացման գործում այդքան մեծ ներդրում են ունեցել:
Հասարակական այն լայն աջակցությունը, որ «Սիվիլիթասը» ստանում է այս օրերին, ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու մեր գործը շարունակելու ենք միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել