1in.am-ը գրում է.
Ուկրաինան արդեն կողմնորոշվել է դեպի Եվրոպական միություն, արդեն հայտարարվել է անգամ, որ ստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը: Նույնը կարող էր լինել նաև Հայաստանում՝ որոշակի պայմանների դեպքում: Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Հիանալի ժողովուրդ են ուկրաինացիները: Մեր ժողովրդի նման, պայքարում են, բայց, ի տարբերություն մեր ժողովրդի, որ հոգնում է, նրանք անընդհատ թարմ են: Դրան նպաստում է նաև այն, որ ընդդիմությունն այնտեղ միասնական է, իսկ մեզ մոտ նստում-խոսում ենք, ասում՝ իրար վրա ցեխ չենք շպրտում, հաջոդր օրը բացում ես այդ ուժի թերթը, տեսնում ես՝ ինչ ասես գրված է: Դա հենց ցեխ է. քննադատությունը ես ընդունում եմ, բայց դա ցեխ է»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ արտաքին ուժերը ևս դեր են խաղում այստեղ: Ուկրաինայում նրանք պաշտպանում են ժողովրդին, իսկ մեզ մոտ նմանատիպ աջակցություն չեղավ, ուստի այս ամենը բերում է այստեղ առկա վիճակին, ուկրաինացիների մոտ այն դրությանը, որին հայերը ևս, առավոտից իրիկուն նստած հետևում են՝ Ուկրաինայի Մայդանում ինչ է կատարվում:
Բանախոսը նշեց, որ ժամանակին պայքարելով՝ ինքը մենակ մնաց: «Ես ճեղքեցի ոստիկանական շղթան, բայց ես մենակ անցա, ոչ ոք չկար: Այսօր փորձում են վիրավորական արտահայտություններ անել՝ աղոթեցին, չգիտեմ ինչ արեցին, բայց ո՞ւր էին իրենք, չկային:
Մենք ունեցել ենք լիդեր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն առաջին գծում կանգնել է, այն էլ՝ ոչ թե միայնակ, այլ ընտանիքի հետ, էլ չասեմ մեր «զինակից» ընկերների մասին»,- ասաց նա: Ըստ Մարտիրոսյանի՝ մեզ մոտ ավելի լավ վիճակ է. թյուր է կարծել, որ եթե մեզ մոտ 60-80 հազար մարդ հավաքվի, ոստիկաններն իրենց այնպես չեն պահի, ինչպես Ուկրաինայում: Նրա համոզմամբ՝ այս պարագայում մեր ոստիկանությունն անմիջապես անցնելու է քաղաքացիների կողմը. այդպես եղել է նաև մարտի 1-ին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը հիմա պետք է շատ կոշտ քաղաքականություն վարի, քանի որ երբ նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը, մենք ժամանակ կորցրինք, իսկ Թուրքիան շահեկան դիրքում հայտնվեց:
«Երբ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, Հայաստանը ևս պետք է իր պայմանները դնի բանակցությունների սեղանին»,- ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան դեռ պետք է հաղթահարի 2015 թվի հոգեբանական պատնեշը:



