Footsport.am-ը գրում է.
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում թիմերը հատեցին հասարակածը, իսկ առջևում 2-րդ կեսն է, որի մեկնարկը կտրվի գարնանը: Երևանի «Ուլիսը» առաջնության առաջին հատվածն ավարտեց նախավերջին տեղում` իրենից հետ թողնելով միայն «Ալաշկերտին»: Թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն ներկայացնում է առաջին կեսի մասին իր տպավորությունները, ինչպես նաև անդրադառնում հարակից մի քանի այլ հարցերի:
-Առաջին կեսից հետո ի՞նչ տպավորություններ ունեք առաջնության մասին:
-Հետաքրքիր առաջնություն ստացվեց, որովհետև անկանխատեսելի արդյունքները շատ էին, բացառությամբ մի քանի հանդիպման, խաղերի մեծ մասն ընթացան անզիջում պայքարում, ինչը ֆուտբոլի զարգացման ուղիներից մեկն է: Հուսով եմ` երկրորդ կեսն ավելի հետաքրքիր կլինի, թիմերը լավ կնախապատրաստվեն և ավելի հետաքրքիր ու անակնկալներով հանդիպումները շարունակություն կունենան: Մեր թիմի արդյունքները մեզ չեն բավարարում, քանի որ գտնվում ենք նախավերջին հորիզոնականում: Պատճառները շատ են, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու, քանի որ 2-րդ շրջանը մեզ համար շատ ավելի դժվար է լինելու: Պետք է աշխատենք, որ միավորների պաշարն ավելացնենք և պայքարենք ավելի լուրջ նպատակներ իրականացնել:
-«Ուլիսի» նախավերջին տեղում է: Սա թիմի իրակա՞ն տեղն է ցուցադրած խաղով
-Թիմի հետ աշխատելու շատ ժամանակ չենք ունեցել հայտնի պատճառներով, թիմից շատ ֆուտբոլիստներ հեռացան, և մենք ստիպված էինք գրեթե նոր թիմ ստեղծելու: Իսկ նոր թիմ ձևավորելու ժամանակ բազմաթիվ խնդիրեր են առաջանում, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Ես թիմի խաղից գոհ եմ, բացառությամբ մի քանիսի` ֆուտբոլիստների կատարած աշխատանքներից չեմ դժգոհում: Այն ֆուտբոլը, որ ցանկանում ենք թիմը խաղա, աստիճանաբար մոտեննում ենք դրան: Զբաղեցրած տե՞ղը… շատ միավորների անտեղի կորուստ ունեցանք, իսկ դա նշանակում է` ինչ-որ տեղ թերացել ենք, բացթողումներ ունեցել: Մի քանի խաղում գոլ խփելուց հետո չենք կարողացել առավելությունը պահպանել, իսկ երկու դեպքում էլ հաղթանակը ձեռքից բաց ենք թողել ամենավերջին պահին: Այս առումով խնդիրներ ունենք, սակայն թիմի խաղը հանդիպումից հանդիպում ինձ գոհացնում է, և հույս ունեմ, որ հետագայում, նախապատրաստական արդյունավետ շրջան անցկացնելուց հետո, կկարողանանք ավելի լավ խաղալ:
-Այս տարի մրցաշրջանն անցկացվում է աշուն – գարուն մրցակարգով: Որո՞նք են դրա առավելությունները և թերությունները:
-Արդեն առիթ եղել է այս հարցով արտահայտվելու: Մինչև ամբողջական գոնե մի շրջափուլ չանցնենք, դրական և բացասական կողմերի մասին խոսելը, կարծում եմ` վաղաժամ է: Իհարկե, կան դրական կողմեր, օրինակ, եվրագավաթի խաղերը, երբ մեր թիմերն այս տարի համեմատաբար ավելի բավարար վիճակում են եղել, քան գարուն – աշուն մրցակարգի ժամանակ: Կարող է բացասական ազդեցություն ունենալ եղանակային պայմանները: Բարեբախտաբար, եղանակային պայմաններն այս տարի լավ էին և հնարավորություն տվեցին նորմալ պայմաններում խաղալ: Բայց հնարավոր չէ, որ ամեն տարի նման բարենպաստ եղանակ լինի նոյեբերի վերջերին և դեկտեմբերի սկզբին: Սակայն, կրկնում եմ, ամբողջական կարծիք կարելի է ունենալ միայն ցիկլի ավարտից հետո: Ամեն դեպքում, մենք եվրոպական ֆուտբոլի հետ պետք է համաքայլ ընթանանք: Իսկ ընդհանուր առմամաբ` մեծ տարբերություն չեմ գտնում:
- Մրցաշրջանից առաջ մարզիչները նշում էին, որ բոլորը հավասարազոր են: Այժմ հայտնի են թիմերի դասավորությունն առաջին կեսից հետո: Ինչպիսի՞ անակնկալներ կան այդ դասավորության մեջ:
-Առաջնության սկզբում չեմ կարծում, որ մասնագետները կենթադրեին, որ «Արարատը» միավորների նման առավելությամբ կարող է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արարատն» ունի իր հաղթաթղթերը, ինչի հաշվին կարղացել է մեծ առաջընթաց ապահովել և այսօրվա դրությամբ համարվում է չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդը: Իր հաղթաթղթերի շնորհիվ թիմը կարողացավ լավ ֆուտբոլ խաղալ, ի տարբերություն մյուս թիմերի, որոնք, կարող է զավեշտալի թվալ, կարծես խաղացին «Արարատի» համար: Ստացվեց այնպես. որ «Արարատն» իր միավորները արժանիորեն վաստակում էր, իսկ մյուս թիմերը փոքր-ինչ դանդաղում էին, արգելակում, և արդյունքում` «Արարատն» այսօր միավորների մեծ առավելություն ունի: Ցանկացած մարզչի, որ հարցնենք, կասի, որմրցաշարային աղյուսակում իրենց զբաղեցրած տեղը չի համապատասխանում, և իրենք ավելիին են ձգտում: Դա նորմալ երևույթ է, պրոֆեսիոնալ մոտեցում` ձգտել ավելի բարելավելու դիրքերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ