cute-girl-i-miss-you-love-saudade-Favim.com-114395_large

Ահա մատներս սահում են թղթի վրայով, ապա բռնում գրիչն ու սկսում գրել այն, ինչ սիրտս պիտի թելադրի հիմա…

Ես կարոտել եմ քեզ: Ուրիշ միտք հիմա ինձ չի այցելում ոչ մի կերպ, չեմ կարողանում այլ բանի մասին մտածեմ, քանի որ կարոտում եմ: Նույնիսկ կարծում եմ, որ կարոտը այնքան էլ վատ բան չէ, ինչքան թվում է: Կարոտն ու ցավը միշտ իրար հետ զուգահեռ են գնում, կարոտը միշտ ասոսացնում ենք արցունքների ու տառապանքների հետ, բայց առանց կարոտի ավելի ցավոտ է: Ցանկացածս վիրավորվում է, տխրում, երբ իրեն չեն կարոտում կամ կարոտող չկա: Իրականում կարոտը զուգահեռվում է ամենանվիրական զգացումների ու զգացմունքների հետ… ես կարոտում եմ, երբ սիրում եմ, երբ ունեմ նրա կարիքը, երբ ինձ միշտ ինչ-որ բան պակասում է: Աստվածաշունչն ասում է. «Դուք եք երկրի աղը»: «Դու ես իմ կյանքի աղը»,- ասում եմ ես…

Ես կարոտում եմ քեզ… ամեն վայրկյան, ամեն րոպե, ժամ… Ես հազար ու մի աղբով զբաղվում եմ ու ժամանակ եմ ծախում, որ այդքան շատ չմտածեմ քո մասին, որ կարոտի քաղցր հոտից ու ջերմությունից չխեղդվեմ կամ հիվանդանամ:

Սարսափելի անտարբեր եմ դարձել բոլորի հանդեպ, ծանոթ-անծանոթ, որովհետև ես ու կարոտս առանց քեզ ենք մնացել: Կարոտն ինձ հետ բարեկամացել է, հավանել ինձ ու տաքուկ անկյուն պատկերացրել, որտեղ հանգրվանել է արդեն տևական ժամանակ:

Կարոտս ու սերս միախառնվել են…Ի՜նչ հաճելի է, ի՜նչ անտանելի…. Առանց սեր կարոտ չկա և հակառակը: Ես կարոտում եմ քեզ հատուկ, բնորոշ կամ պատկանող ցանկացած բան` աչքերդ, ձեռքերդ, քեզ հետ անցկացրած 27-րդ րոպեն, բանալիներդ, շնչառությունդ… ամեն բա՜ն… առանց սեր կարոտ չկա, մի շփոթեք կարիքը կարոտի հետ… Ես ունեմ քո կարիքն ու կարոտում եմ քեզ…

Խոստանում եմ ինքս ինձ, որ էլ չեմ գրելու քեզ ու ձանձրացնեմ սեփական զգացմունքներով, սիրով, կարոտով, կարիքներով…. Բայց միաժամանակ գիտեմ, որ քանի դեռ կաս իմ կյանքում ես գրելու եմ քեզ…Բոլորի՜ն, բացառապես բոլորին հետաքրքրում է իմ սերը քո հանդեպ, նրանք ավելի են տարված այդ սիրով, քան դու, որովհետև հենց այդ սիրուց են ծնվում իմ բոլոր մտքերն ու ստեղծագործությունները…

Հ.Գ. Ես սիրում եմ քեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել