NewsBook.am-ը գրում է.
Չինարիում բոլորը ցնցված են՝ լսելով համագյուղացի Վանիչկա Հովհաննիսյանի ինքնասպանության մասին, ինչը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի Խաչիկի զորամասում: Ինչպես հաղորդել են համագյուղացիները, Վանիչկան զանգահարել է տուն, խոսել հոր հետ և ասել, որ ինքնասպան է լինելու։ Րոպեներ անց նա իրագործել է իր որոշումը։
Ընդամենը վեց ամիս էր մնացել ծառայության ավարտին, և հանկարծ ԵՊՀ ուսանող զինվորը նման քայլի է գնում: Ինչու՞:
NewsBook.am-ին հաջողվեց պարզել, որ սա հարկադրված ինքնասպանություն է, ինչին զինվորին դրդել են մի խումբ ծառայակիցներ՝ մեղադրելով նրան գողության մեջ։
Զորամասում հեռախոս է կորել, և ահա մի քանի հոգի հավաքվել և որոշել են, որ հեռախոսը գողացել է Վանիչկա Հովհաննիսյանը և պարտադրել են նրան վերադարձնել։
Մինչդեռ համեստ ու խելոք զինվորը, որն իր ինտելեկտուալ պատրաստվածությամբ բարձր է եղել շատերից, չի կարողացել տանել այդ վիրավորանքն ու ինքնասպանություն է գործել՝ մտնելով զինապահեստ և այնտեղից վերցնելով զենքը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան ցավով տեղեկացրել էր, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։ Լ․Մ․