1in.am-ը գրում է.
Թուրքիայի Քոնիա նահանգում «Ալ-Քաիդայի» հետ կապված երեք մարդ է ձերբակալվել: Նրանցից առգրավվել է 250 կգ նյութ, որը կարող է կիրառվել պայթուցիկների արտադրության համար: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Նահանգի Անվտանգության դեպարտամենտի Ահաբեկչության դեմ պայքարի բաժինը, կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալով, օպերացիա է անցկացրել երեք հասցեներով:
«Խուզարկության ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են 7-8 տեսակի քիմիական նյութեր: Դրանց որոշ տեսակներ կարելի է հանդիպել ցանկացած տանը, սակայն 7-8 բաղադրիչների միացմամբ կարելի է պայթուցիկ ստանալ: Առաջին ցուցմունքները տալու ժամանակ կասկածյալները բացատրել են, թե այդ նյութերը կիրառում են սպիտակեղենը լվանալու համար»,- պատմել է Քոնիայի Անվտանգության դեպարտամենտի պետ Հուսեյն Նամալը:
Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության, սակայն արդեն հարցաքննության ժամանակ պարզվել է, որ դրանք նախատեսված են եղել Սիրիա ուղարկվելու համար:
Ընթացիկ տարում Թուրքիայում 25 մարդ է ձերբակալվել՝ սիրիական տարածք զենք ուղարկելու մեղադրանքով: