Հերթական լուրը, որ հիացական վերաբերմունքի արժանացավ Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի հասարակության արևմտամետ հատվածի կողմից, դա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարրոզոյի արած հայտարարությունն է Ուկրաինայի մասին:
Բարրոզոն ելույթ ունենալով Միլանում` հայտարարել է.
«Եվ եթե երբեմն Եվրոպայում մեզանից մի քանիսը կասկածում են այդ արժեքների կարևորության վերաբերյալ, ապա պարզապես նայեք Ուկրաինային: Ուկրաինայի փողոցներում այդ երիտասարդները սառնամանիքին գրում են Եվրոպայի համար նոր պատմությունը»:
Նա նաև հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որտեղ մասնավորապես նշել է.
«Ես նրան խնդրել եմ վերջին իրադարձությունների ֆոնին զսպվածություն դրսևորել, խաղաղ ցույցեր անցկացնող մարդկանց դեմ ուժ չկիրառել և հետևել ազատության նորմերին, որոնք այդքան կարևոր են Եվրոպայում մեր բոլորի համար»:
Ու մինչ արևմտասեր հանրությունը հիանում է, ավելի խոհեմ մարդիկ սարսափում են, որովհետև ստացվում է, որ ԵՄ-ն ուղղակիորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում Ուկրաինայում: Պետք է մանկամիտ լինել, որպեսզի չհասկանաս, որ մի երկրում, ինչպիսին Ուկրաինան է, քաղաքական նման դիմակայությունը կարող է հանգեցնել արյունահեղության, որովհետև Ուկրաինան այս 20 տարիների մեջ այդպես էլ չկարողացավ միասնական ժողովուրդ կերտել: Փոխարենը, ուկրաինական հասարակությունը բաժանվեց մի քանի իրար սուր հակասող ճամբարների, որոնք իրար բալանսավորում են, բայց պայմանով, որ ուժեղ իշխանություն կլինի, իսկ եթե իշխանությունները անվստահ են ու թույլ, ապա իրար հակասող շերտերը արդեն վեր են ածվում հակամարտող ճամբարների, ու ԵՄ-ն հիմա ուղղակիորեն նպաստում է դրա նման հայտարարություններով, քաղաքական աջակցությամբ և, ըստ ամենայնի, նյութական ներդրումներով:
Ուկրաինան կործանման է գնում:



