Ք.Ա. III դ. երկրորդ կեսը Առաջավոր Ասիայում ուժերի նոր վերախմբավորումների ժամանակաշրջան դարձավ: Սելևկյան պետությունը հետզհետե թուլանում էր, քանզի գրեթե չընդհատվող պատերազմների, ներքին երկպառակությունների և ապստամբությունների պատճառով նրա տիրակալները չէին կարողանում պահպանել Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան ձգվող իրենց հսկայական տիրույթները: Ք.ա. 255թ. անկախացած և հետագա մեկ և կես դարերի ընթացքում հզորացող Պարթևստանն արևելքից, և Առաջին ու Երկրորդ Պունիկյան պատերազմներում (Ք.ա.264-241թթ. և 218-201թթ.) Կարթագենին հաղթած ու Բալկաններում հիմնավորվող Հռոմը` արևմուտքից, հզոր ախոյաններ էին դարձել Սելևկյանների համար:
   Այդուհանդերձ, Սելևկյան պետությունից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Հայկական լեռնաշխարհը Ք.ա. III դարում գտնվում էր նրա տիրակալների քաղաքական շահերի ոլորտում: Սակայն արդեն Ք.ա. II դ. սկզբին իրավիճակը կտրուկ փոխվում է: Ք.ա. 190թ. Մագնեսիայի մոտ հռոմեական բանակից ծանր պարտություն կրելով՝ Սելևկյանները ստիպված էին հրաժարվել տարածաշրջանային առաջատարի իրենց դերից:
ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԵՊԱՇՏ
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ, 
ՄԻԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՐՇԱՎՆԵՐ

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160թթ.) հիմնադիրն է Արտաշեսյան հարստության, որն իշխել է Հայաստանում Ք.ա. 189- Ք.հ. 1թթ.։ Նա հայտնի է որպես մեծագույն բարեփոխիչ, պետական և ռազմական արտասովոր հեռատեսություն և գթասրտություն ունեցող գործիչ, ինչի համար էլ արժանացել է «Բարեպաշտ» մականվանը: Դժվար է առանձնացնել նրա գործունեության բնագավառներից կամ իրականացված բարեփոխումներից մեկը: Բայց որքան էլ մեծ լինեն Արտաշեսի ռազմական հաջողությունները և որքան մեծ` նրա տարած հաղթանակների նշանակությունը, նրա ամենակարևոր ձեռնարկումն, այնուամենայնիվ, սահմանների ձևավորումն (սահմանաքարերի տեղադրման միջոցով) ու հողային բարեփոխման իրականացումն էր: Հայոց արքան հողաբաժանման այնպիսի հիմնարար համակարգ է ձևավորում, որն առանց էական փոփոխությունների, գործում էր նաև միջին դարերում:



Ռազմավարությունը

Երկրի ռազմաքաղաքական հզորացման գործընթացն Արտաշեսը շրջահայացորեն սկսեց ռազմական բարեփոխումներից:
Աշխատանքները սկսվում են հայոց բանակի համալրման համակարգի վերակառուցումով: Զորահավաքի կազմակերպումը հեշտացնելու համար երկիրը բաժանվում է 120 վարչական միավորների` գավառների, որոնք անտիկ պատմիչները կոչել են ստրատեգիաներ: Դրանցից յուրաքանչյուրի ռազմական պետին` ստրատեգոսին (գավառապետին) է հանձնվել իր շրջանի զինված ուժերի ղեկավարումը: Պատերազմների ժամանակ գավառապետերը թագավորի առաջին իսկ կոչով պարտավոր էին իրենց հեծյալ ու հետևակ ջոկատներով ներկայանալ նրան: Գավառների կողմից թագավորին ներկայացվող զորքի թիվը որոշվում էր ըստ բնակչության քանակի:
     Արտաշես Ա-ն ուշադրություն դարձրեց երկրի սահմանների ամրացման խնդրին, քանզի օտար ուժերի հարձակման թիրախ հանդիսացող երկիրը նույնիսկ հաղթական պատերազմի ժամանակ չէր խուսափում ավերածություններից: Հակառակորդի առաջխաղացմանը խոչընդոտելու նպատակով սահմանամերձ հյուսիսային, արևելյան, հարավային, արևմտյան շրջաններում (Գուգարք, Նոր Շիրական, Կորդուք և Աղձնիք) ստեղծվում են մշտական զորք պահելու իրավունք ունեցող չորս բդեշխություններ:
 «Զորքի իշխանությունն էլ չորս մասի է բաժանում (Արտաշեսը). արևելյան կողմի զորքը թողնում է Արտավազդին, արևմտյանը տալիս է Տիրանին, հարավայինը վստահում է Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ Զարեհին»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 
 
Գիրք Բ, Գլուխ ԾԳ
Բդեշխներն իրենց զորամասերով պետք է կաշկանդեին հակառակորդի գործողությունները, խոչընդոտեին նրա առաջխաղացմանն ու ժամանակ շահեին, որպեսզի թագավորի շուրջը միավորված զորքերը հակառակորդին ընդառաջ շարժվեին: Առանձին դեպքերում, երբ պետություն ներխուժած հակառակորդը փոքրաթիվ էր, բդեշխն իր ուժերով էր կարողանում ջախջախել նրան ու դուրս շպրտել երկրից:

Արշավանքների նախապատրաստումը
Սելևկյան պետության թուլացումով` տարածաշրջանում ուժերի վերաբաշխումը որակապես նոր հնարավորություններ էր ստեղծում Մեծ Հայքի հզորացման համար, և պետք էր փոխել պետության արտաքին քաղաքականության կարևորագույն կողմնորոշիչները: Սակայն Արտաշես Ա-ի գործունեության համար բնութագրական չէր ավելորդ շտապողականությունը: Նախկինում կորցրած ծայրագավառների միավորման նպատակով Արտաշեսը քայլեր է ձեռնարկում նախապատրաստական բոլոր միջոցառումների ավարտումից և այդպիսով ակտիվ ռազմական քաղաքականության համար նախադրյալների ստեղծումից հետո: 
Ք.ա. III դ. Սելեևկյան տերության դեմ պայքարում Մեծ Հայքը տարածքային կորուստներ էր կրել: Մակեդոնացիներին դաշնակցած Վիրքը Հայաստանից խլել էր հյուսիսի սահմանային շրջանները, իսկ երկրի արևելքում անջատվել էր Փայտակարանը, որը պատմիչներին հայտնի է նաև Կասպիանե կամ Կասբից երկիր ձևերով: Այստեղ Ք.ա. II դ. սկզբին իշխում էր Զարդամանոսը։ Իրենք` Սելևկյանները, հարավում գրավել էին Տմորիքը: Արևմուտքում Մեծ Հայքից առանձնացած էին Ծոփքի անկախ թագավորությունը և Բարձր Հայքի մի մասը (տե՛ս քարտեզը): Այժմ Արտաշեսի խնդիրն էր վերականգնել թագավորության նախկին սահմանները։ Ուստի, երբ ապագա հաղթարշավի համար բոլոր նախապայմանները ստեղծված էին, նա կազմակերպում է ռազմական արշավանքներ այդ չորս ուղղություններով (տե՜ս քարտեզը)։

Արշավանքները

Արևելքում Սմբատ Բագրատունու գլխավորած ուժերը ազատագրում են Փայտակարանը, Պարսպատունիքը և դրանց միջև ընկած տարածքները։ Հայոց բանակի տարած հաղթանակն էլ ավելի մեծ արժեք է ստանում, քանի որ, Մովսես Խորենացու վկայությամբ, Կասբից երկրի թագավոր Զարդամանոսը պատերազմում գերվում է։ 
 Հյուսիսում Սմբատ զորավարն ազատագրում է Պարխարի լեռնալանջերը, Կղարջքը և Գուգարք աշխարհի մի մասը։ Զարգացնելով հաջողությունները` հայոց զորքերը հյուսիսային արշավանքի արդյունքում հպատակեցնում են Վիրքը, ուր կուսակալ է կարգվում արքայազն Զարեհը։
   Հետագայում վրացիները երկու անգամ ապստամբում են և, նույնիսկ, գերում Զարեհին։ Սակայն Արտաշեսի և Սմբատ Բագրատունու զորքը երկու անգամ էլ հնազանդեցնում է ապստամբներին ու ազատում արքայազնին։ Մեծ Հայքի ազդեցության ոլորտում հայտնվելով՝ Վիրքը երկար ժամանակով դադարում է խոչընդոտ լինել արևմուտքում և հարավում ակտիվ քաղաքականության պատրաստվող Արտաշեսի, ինչպես նաև նրա հաջորդների համար: Ի վերջո, Վիրքը պարտավորվում է 10 հազարանոց օգնական զորք տրամադրել Մեծ Հայքին և Արտաշեսի պատկերով դրամ հատել։
    Արևմուտքում իր գործունեությունը ծավալելիս` Արտաշեսը համագործակցում է Ծոփքի արքա Զարեհի հետ։ Համատեղ ուժերով նրանք Կատաոնիայից (Ծոփքից արևմուտք ընկած երկիր) հետ են գրավում Եկեղյաց գավառը, Անտիտավրոսի արևելյան ստորոտի հողերն ու բաժանում միմյանց միջև։ Պոնտոսում բնակվող քալյուբներից ու մոսյունոյկներից հայկական զորքերն ազատագրում են Կարինի և Դերջանի շրջանները։ Հարավում տակավին Սելևկյանների տիրապետության տակ էր մնում Տմորիքը։ Օգտվելով Եգիպտոսի դեմ Սելևկյան տերության պատերազմից` հարավակողմի հայկական զորքերի հրամանատար նշանակված Սմբատ Բագրատունին Ք.ա. 168թ. ազատագրել է հայկական այդ երկրամասը։ Երեք տարի հետո Սելևկյանները փորձել են հետ նվաճել այն, սակայն հայոց զորքերի համառ դիմադրության արդյունքում անհաջողության են մատնվել (տե՛ս քարտեզը)։
    Արտաշեսի ծրագրերի մեջ էր մտնում նաև Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։ Սակայն դա իրականացվեց շուրջ յոթ տասնամյակ անց միայն` Տիգրան Բ Մեծի օրոք (Ք.ա. 94թ.)։ 
  Մեծ Հայքի միավորմամբ Արտաշեսի ռազմաքաղաքական գործունեությունը չի սահմանափակվել։ Սելևկյանների (ինչպես նաև վերջիններիս դաշնակցած Պոնտոսի ու Փոքր Հայքի) դեմ տարվել է նաև դիվանագիտական պայքար։ Ք.ա. 183թ. Պոնտոսն ու Փոքր Հայքը պատերազմ են սկսել Կապադովկիայի և վերջինիս դաշնակիցների դեմ, սակայն քառամյա պայքարից հետո պարտություն են կրել։ Այս պատերազմում Արտաշեսը պաշտպանում էր երկրորդ խմբավորմանը՝ ձգտելով թուլացնել Սելևկյանների ազդեցությունը և գրավել Փոքր Հայքը։ Իսկ պատերազմի վերջում նա հանդես եկավ միջնորդի դերում։ Բացառված չէ, որ Կատաոնիայից գրավված վերոհիշյալ տարածքներն իրականում ձեռք են բերվել Փոքր Հայքից՝ այդ միջնորդության արդյունքում։
    Սելևկյանների դեմ պայքարի վերջին դրվագն էր Արտաշեսի աջակցությունը Մարաստանի սատրապ Տիմարքոսին, որը Սելևկյան տերության դեմ Ք.ա. 162-160թթ. ապստամբության արդյունքում ստեղծեց անկախ պետություն։ 

 

Արշավանքների արդյունքների ամրագրումը
Հայաստանի հզորացման ու բնական սահմանների վերականգնման քաղաքականությունը հենց սկզբից ավելի մեծ, բարեկարգ ու պաշտպանված մայրաքաղաք հիմնադրելու անհրաժեշտություն էր առաջ բերել։ Մայրաքաղաքն Արտաշեսը կառուցում է Արաքս և Մեծամոր գետերի միախառնմամբ կազմված թերակղզում՝ մի բլրի վրա և իր անվամբ կոչում Արտաշատ։ Այն երեք կողմից շրջապատված էր գետով և հզոր պարիսպներով, իսկ չորրորդ կողմից՝ խրամով ու պատվարով։ Արտաշեսը շենացնում է քաղաքը՝ այն բնակեցնելով տեղացիներով և նախկին մայրաքաղաք Երվանդաշատից բերված բնակչությամբ։ Պատմիչների պնդմամբ` Արտաշատը կառուցելիս Արտաշես Ա-ին օգտակար խորհուրդներով օգնել է կարթագենցի տաղանդավոր զորավար Հաննիբալը (Հաննիբալ Բարկա, Ք.ա. 247-183թթ.), որն այդ ժամանակ հանգրվանել էր Մեծ Հայքում։ Հաննիբալին է վերագրվում նաև քաղաքի հատակագծի կազմումը և շինարարական աշխատանքների ղեկավարումը:

«Հայաստանի քաղաքներն են Արտաքսատան (որը կոչում են և Արտաքսիասատա, որը Հաննիբալը կառուցել է Արտաքսիաս թագավորի համար) և Արքսատան, երկուսն էլ Արաքսի վրա... Արտաքսատան երկրի արքայանիստն է. գտնվում է գետա(թևի) կազմած թերակղզու վրա, նրա պարիսպը շուրջանակի պատում է գետը՝ բացի պարանոցից, իսկ պարանոցը շրջափակված է փոսով և պատնեշով»:

Ստրաբոն, Աշխարհագրություն, XI, 14
«Պատմում են, թե կարթագենցի Հաննիբալը... գնաց Արտաշես Արմենի արքունիքը, որին բազում պիտանի խորհուրդներ և հրահանգներ տվեց: Բացի այդ, նկատելով չօգտագործված ու լքված, սակայն բացառիկ հարմարագույն և ակնահաճո մի վայր` նա այդ տեղում ուրվագծելով քաղաքի հատակագիծը՝ կանչեց Արտաշեսին և ցույց տալով նրան այդ վայրը՝ համոզեց քաղաք կառուցել այստեղ: Թագավորն ուրախությամբ համաձայնվեց և խնդրեց Հաննիբալին, որ նա անձամբ իր վրա վերցնի շինարարական աշխատանքների վերակացությունը: Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի մայրաքաղաք»:
Պլուտարքոս, Զուգահեռ կենսագրություններ, Լուկուլլոս, XXXI

Եզրակացություն Արտաշես Ա-ի բուռն գործունեության արդյունքն էր Մեծ Հայքի հիմնական մասի միավորումն ու հզորացումը, որով պետությունն աստիճանաբար վերածվում էր տարածաշրջանի զորեղ պետության: Իր գահակալման ամբողջ ընթացքում ակտիվ արտաքին քաղաքականություն վարող Արտաշես Ա-ն թեև երկրի միավորումն իրականացնում էր զինված ուժի կիրառմամբ, սակայն ինքնանպատակ բռնություններ թույլ չէր տալիս: Այդ է պատճառը, որ հայ ժողովրդի հիշողության մեջ նա մնաց նաև «Բարի» պատվանունով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել