Օրերս ռուսաստանյան հեռուստաալիքները հայտնեցին, որ Ռուսաստանում ձվի շուկայում չարաշահումներ են հայտնաբերվել (ականջը կանչի մեր ՏՄՊՊՀ-ի): Պարզվում է, Ռուսաստանում ձվի թանկացումն սկսվելուց հետո նվազագույն գինը դարձել է 10 հատը 38 ռուբլի (ինչը համարժեք է ՀՀդրամով 1 հատը 47-50 դրամի), առավելագույնը՝ 10 հատը՝ 66ռուբլի (ՀՀ դրամով՝ 1 հատը 80 դրամ), եւ առավելագույն գինը հեռավոր Չուկոտիայում է արձանագրվել: Հիշեցնենք, որ դեռ մինչեւ թանկացումը Ռուսաստան հասնելը՝ աշնան սկզբից Հայաստանում արդեն իսկ ձվի գինը հասավ 70 դրամի, ու հիմա, Նոր տարվա նախաշեմին արդեն 80 դրամն էլ է սկսում հատել, ինչը օրերս հավաստեց անգամ պետական Հ1 ալիքի «Ինդեքս» տնտեսական հավելվածը, ու մեղքը գցեց ձու արտադրողների վրա, որոնք «խաբեցին» տնային տնտեսուհիներին, ու ձվի գինը Ամանորի շեմին բարձրացրին: Բայց, որպես մխիթարանք, նշվեց, որ դրանից ավել չի բարձրանա: Ստացվում է, որ ձվի գնով անգամ Ռուսաստանին ենք սկսում անցնել, ու հասնում ենք Չուկչստանի մակարդակին: Դե, սա պարզապես նշանակում է ժողովրդին չուկչիի տեղ դնել՝ ձվի գնի բարձրացումը կապելով ինչ-որ կերի, տուփի ու գազի գնի բարձրացման հետ (ինչպես վերջերս հեռուստատեսությամբ հավաստիացնում էին ձու արտադրողները): Ամենեւին չենք կասկածում, որ մինչեւ Ամանոր ժողովրդին մի լաաա՜վ «կկթեն-կմզեն» հետո նոր՝ ՏՄՊՊՀ-ն կսկսի ծանրումեծ ուսումնասիրությունն ավարտել (դե ասում են սեպտեմբերից «ուսումնասիրում» են ձվի շուկան), որից հետո մի գուցե մի քանի տնտեսվարողներ կտուգանվեն (եթե, իհարկե, տուգանքը թղթի վրա չմնա): Իսկ եթե անգամ կիրառվի տուգանքը, միեւնույն է, ժողովրդի կորցրածը հետ չի գալու), իսկ տուգանքն էլ այս ոլորտի օլիգարխների ստացած գերշահույթի չնչին մասն է կազմելու: Բագրատյանին էին օրերս հիշեցրել, որ իր վարչապետության օրոք խորհուրդ է տվել ձու չուտել, ի՞նչ տարբերություն, հիմա էլ այնքան են թանկացնում, որ շատերն ի վիճակի չեն լինի ձու ուտել:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/12/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել