1in.am-ը գրում է.

«Մտահոգիչ է այն ամենը, ինչ ասում է մարդու իրավունքների պաշտպանը: Խնդիրները չեմ կարող ասել՝ ինչքան, բայց այդ խնդրի մասին բարձրաձայնել են և՛ ՀՀ նախագահը, և՛ միջազգային կազմակերպությունները»,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Պետք է տեսնենք, թե այդ խնդիրների լուծումները որոնք են, որովհետև զանգ տալով՝ խնդիրը չի լուծվի, պետք է տեսնել՝ որոնք են լուծումները: Իմ կարծիքով՝ դատաիրավական բարեփոխումների այն ծրագիրը, որ կա, պետք է այս վիճակից մեզ հանի, և մենք նոր հարթության մեջ կլինենք»,- ասաց նախարարը՝ մասնավորեցնելով, որ դա հրապարակայնությունն է, պատասխանատվությունը:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ կան դրվագներ, որոնց մասին ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանը պետք է բարձրաձայնի, այլ քննչական մարմինները: Օրինակ՝ երբ խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի մասին: «Դատարանների վիճակը կաշկանդում է հասարակության բոլոր ոլորտների զարգացումը, և եթե մենք առաջիկա մեկ-երկու տարում էական փոփոխությունների չհասնենք, ապա այլ ոլորտներում փոփոխություններ պետք չէ ակնկալել:

Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում օդի մեջ արդարության բաղադրամասը պետք է մեծանա, այլ ճանապարհ, այլ ելք չկա»,- ասաց նախարարը:

Նրա դիտարկմամբ՝ օմբուդսմենն ինքն է որոշում իր գնահատականները, «սակայն չի կարելի ասել բաներ, որոնք իրավական հետևանքներ չեն ունենալու: Այսինքն՝ հենց այնպես պետք չէ: Ես ուզում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի ասածները առօրյա խոսակցությունների վրա հիմնված չլինեն, դրանք պետք է հիմնավոր լինեն: Այսինքն՝ չլինի՝ ասում են… և շարունակությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել