Այն պահից ի վեր, երբ նստում ես տաքսի, ծնվում է վարորդի հետ պատշաճ հաղորդակցության բացակայության մի գերխնդիր: Տաքսու վարորդը անձի մի տեսակ է, որն ամբողջ օրվա ընթացքում մեքենա է վարում քաղաքային խցանումների պայմաններում. մի գործունեություն, որը այլ մարդկային վարորդների հետ ընդհանրումների պատճառով հանգեցնում է կամ սրտի կաթվածի, կամ նյարդային զառացանքների: Նա ի սկզբանե նյարդային է և ատում է մարդակերպ ցանկացած էակի: Սա ստիպում Radical chic-ին ասելու, որ տաքսու բոլոր վարորդները ֆաշիստներ են: Ճիշտ չէ, տաքսու վարորդներին չեն հետաքրքրում են գաղափարախոսական խնդիրները, նա ատում է քաղաքային ցույցերը, բայց ոչ նրանց բնույթի պատճառով, այլ որովհետև դրանք խոչընդոտում են երթևեկությանը: Նա անգամ կատեր բալիլաների* երթը: Պահանջում է միայն հզոր կառավարություն, որը կգնդակահարի բոլոր մասնավոր տաքսու վարորդներին և կսահմանի խելքին մոտ պարետային ժամ` առավոտյան 6-ից մինչև կեսգիշեր: Կնատյաց է, բայց միայն տնից դուրս եկող կանաց դեպքում: Նրանք, ովքեր տանն են մնում և մակարոն են պատրաստում, նրանց մի կերպ հանդուրժում է:
Իտալացի տաքսու վարորդը բաժավում է 3 կատեգորիայի: Նրանք, ովքեր արտահայտում են իրենց տեսակետներն ամբողջ երթուղու ընթացքում, նրանք, ովքեր համառորեն լռում են և արտահայտում իրենց մարդատյացությունը ղեկի միջոցով և իհարկե այն վարորդները, ովքեր իրենց լարվածությունը մեղմում են խոսելու միջոցով` պատմելով այն, ինչ պատահել է մեկ այլ հաճախորդի հետ: Խոսքը ցանկացած այլաբանական նշանակությունից զուրկ կյանքի դեպքերի մասին է, որ եթե պատմվեն պանդոկներում, պատմող սուբյեկտին դուրս կհանեն` ասելով, որ արդեն քնելու ժամն է: Բայց ըստ տաքսու վարորդի այդ պատմությունները շատ հետաքրքիր են և զարմանալի, և դուք լավ կանեք, եթե հաճախ միջամտեք` ասելով. «Բայց այս ի՜նչ մարդիկ են: Իսկապես ձեզ հետ նման բա՞ն է պատահել»: Այս մասնակցությունը թույլ չի տալիս տաքսու վարորդին դուրս գալու իր ֆաբուլատոր աուտիզմից, ավելին` թույլ է տալիս ինքներդ ձեզ ավելի լավը զգալու:
Նյու Յորքում իտալացին մեծ ռիսկի է դիմում, երբ, համարանիշի վրա կարդալով De Cutugnatto, Esippositto, Perquocco, բացահայտում է իր արմատները: Այդ տաքսու վարորդը սկսում է խոսել մի լեզվով, որ դուք երբեք չեք լսել և չափազանց շատ վիրավորվում է, երբ նրան չեք հասկանում : Պետք է առանց հապաղելու նրան անգլերենով ասել, որ բացի ձեր շրջանի բարբառից ուրիշ լեզու չգիտեք: Նա արդեն համոզված է, որ ձեզ մոտ ազգային լեզուն անգլերենն է: Սովորաբար Նյու Յորքի տաքսու վարորդները կամ ունեն հրեական անուն կամ ունեն ոչ հրեական անուն: Նրանք, ովքեր ունեն հրեական անուն, հետադեմ սիոնիստներ են, իսկ նրանք, ովքեր չունեն հրեական անուն, հետադեմ հակասեմիտներ են: Հաստատումներ չեն անում, պահանջում են վճիռ: Դժվար է կողմնորոշվել ինչպես պահել քեզ նրանց հետ, ովքեր ունեն միջինարևելյան կամ ռուսական ծագմամբ անուն. չես հասկանում` հրեա են, թե ոչ: Անհարմար իրավիճակներից խուսափելու նպատակով հարկավոր է ասել, որ մտափոխվել ես և ուզում ես գնալ ոչ թե Յոթերորդ ու Տասնչորսերորդ փողոցների անկյուն, այլ Չարլթոն Սթրիթ: Այդ ժամանակ տաքսու վարորդը բարկանում է, արգելակում և պահանջում, որ իջնեք, քանի որ Նյու Յորքի տաքսիստները փողոցները գիտեն միայն թվերով և ոչ թե անվանումներով:
Իսկ օրինակ Փարիզի տաքսիստները ոչ մի փողոց էլ չգիտեն: Երբ նրան խնդրում ես, որ քեզ տանի ՍենՍյուփլիս հրապարակ, նա քեզ տանում է Օդեոն` ասելով, որ այդ վայրից հետո չգիտե, ինչպես շարունակել: Բայց մինչ այդ ասելը, վերջինս երկար կմռթմռթա ձեր հավակնությունից` ասելով «Ah ça monsieur, alors…». Ուղեցույցը նայելու ձեր առաջարկին նա կա՛մ չի պատասխանում, կա՛մ հասկացնել է տալիս, որ եթե բիբլիոգրաֆիկ խորհրդակցության կարիք ունեիք, ապա պետք է դիմեիք Սորբոնի հնագետ-արխիվիստին: Մեկ այլ տեսակին են պատկանում արևելցիները. ծայրահեղ ջերմությամբ հորդորում են չանհանգստանալ, որ հենց հիմա կգտնեն այն վայրը, որ փնտրում եք, երեք անգամ պտտվում են նույն բուլվարների շուրջ, հետո հարցնում, թե ինչ տարբերություն, թե ձեզ Գար դյու Նոր (հյուսիսային կայարան ) են բերել թե Գար դե լ՛Էստ (արևելյան կայարան), չէ՞ որ երկու վայրերում էլ գնացքներ կան:
Նյու Յորքում չեք կարող հեռախոսով տաքսի պատվիիրել, եթե ինչ-որ մի ակումբի անդամ չեք: Փարիզում կարող եք: Միայն թե չեն գալիս: Ստոկհոլմում կարող եք միայն հեռախոսով պատվիրել, որովհետև պատահական անցորդներին չեն վստահում: Բայց տաքսու հեռախոսահամար ունենալու համար պետք է փողոցում կանգնեցնեք մի պատահական տաքսի և հարցնեք, բայց նրանք, ինչպես ասացի, չեն վստահում:
Գերմանացի տաքսիստները բարեհամբույր են և պատշաճ պահվածքով, չեն խոսում, սեղմում են միայն արագացման ոտնակը: Երբ մեքենայից իջնում եք ծեփի պես գունատ, հասկանում եք, թե ինչու են նրանք հետո գալիս Իտալիայում հանգստանալու և ձեր առջևի վազանցի գծի վրայով վարում վաթսուն կիլոմետր ժամ արագությամբ:
Եթե իրար հետ մրցեն Ֆրանկֆուրտի տաքսիստը Պորշե մակնիշի մեքենայով և Ռիոյի տաքսիստը ջարդուխուրդ եղած Ֆոլցվագենով, ապա կհաղթի Ռիոյի տաքսիստը, միայն նրա շնորհիվ, որ լուսաֆորների տակ չի կանգ առնի: Եթե կանգ առներ, նրա կողքին կկանգներ մեկ այլ ջարդուխուրդ եղած Ֆոլցվագեն` տղաներով լցված, որոնք, ձեռքերը երկարացնելով, կթռցնեին կողքի մեքենայի ուղևորի ժամացույցը:
Ինչևէ, ուր էլ որ լինես, տաքսիստին ճանաչելու մեկ անսխալ միջոց կա: Դա այն մարդն է, ով երբեք մանր չունի