Վերջին 1 տարում կառավարությունն անընդհատ  խառնում է թոշակների բաշխման ժամկետները: 2008 թվի նախագահական ընտրությունների  նախօրյակին որպես բաշխման սկիզբ էր նշանակված յուրաքանչյուր ամսվա 1-ը՝ մայրաքաղաքի համար, 2-ը՝ մարզերի: Եւ այդ  կարգը հստակ պահպանվում էր: Այս տարվա  նախագահական ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո արդեն սկսեցին ժամկետները  խախտել՝ տարբեր անհամոզիչ  պատճառաբանություններով. մեկ՝ ցուցակներում  անճշտություններ կան, մեկ՝ տոնական կամ  կիրակի օրերն են կառավարության «ջաղացին  ջուր  լցրել»: Հետո էլ բաշխման սկիզբ սահմանեցին յուրաքանչյուր ամսվա 3-ը, մինչ այդ էլ  վարչապետը ներողություն խնդրեց թոշակառուներից՝ թոշակների ուշացման համար, ու  հավաստիացրեց, թե այլեւս ուշացումներ չեն լինի, մինչդեռ նոյեմբեր ամսին նույն Հանրայինով ցույց  տվեցին, որ մայրաքաղաքի թոշակառուները կրկին բողոքում են ուշացումներից: Դա էլ «Հանրայինով» պատճառաբանեցին, թե ուշացումներ չկան, պարզապես մարդիկ «անհամբեր» են, ուզում են օր առաջ  ստանալ թոշակները: Թվում  էր, թե առնվազն դեկտեմբերից ուշացումներ չեն լինի, բայց  Հանրային 1-ի «Ինդեքս»-ը հերթական անգամ թոշակների  ուշացման մեղքը գցեց ցուցակային անճշտությունների  վրա, հայտնելով, թե  բաշխումը կսկսվի 4-ից: Դեկտեմբերի 6-ի  դրությամբ` Սպիտակի երկրաշարժի  25-ամյակի  նախօրյակին, Վանաձորի թոշակառուների մի մասը՝ չջեռուցվող  բնակարաններում  սառած-«սքթած», իրենց մաշկի վրա հերթական արհավիրքը զգալով՝ դեռ մնացել էին  փոստատարների «նամակին  սպասող», քանի որ մեր «խելոք» կառավարողները գտել են, որ  տներում թաշակ  ստացողները (որոնց թվում, բնականաբար, հիվանդ, անկողնուն գամված ծերեր են) «կարիքավոր» չեն, ու  նրանց  «կարելի» է թոշակ հատկացնել միայն բաշխման 3-րդ օրվանից սկսած (Այստեղ են ասել՝ «կեցցե  մեր  կառավարությունը, աշխարհի  ամենամարդասեր  կառավարությունը»). եւ սա այն դեպքում, երբ այդ թոշակառուները, ինչպես նաեւ՝ նպաստառուները, վերջին երկու  ամիսներին իրենց աղքատիկ թոշակ-նպաստներից մուծումներ էին կատարել «Հայաստան» հիմնադրամի ֆոնդին՝ 100-200 դրամի  չափով: Դե  սովորաբար  այդչափ  մուծումներ (ավելի  ճիշտ ՝ գանձումներ) միշտ  են  արվում, պարզապես այս անգամ անունը  դրել էին «Հայաստան» հիմնադրամ:  Հետաքրքիր  է, այդքան  որ հավաքում են ամեն տարի «Արցախի» բարօրության  համար, ինչո՞ւ մինչ օրս Քաշաթաղում  հոսանք չկա. համենայն  դեպս՝ ամիսներ  առաջ  «Ազատություն» ռադիոկայանով այդ  առթիվ  ռեպորտաժ  կար:    

ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել