1in.am-ը գրում է.
Ազգային ժողովում աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայում քննարկման դրվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների կատարման հարցը: Օրենքը թույլ է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդներին սահմանված ժամկետներում կատարել համապատասխան վճարումը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:
Փաստաբան Հայկ Ալումյանն այս օրենքն ինչ-որ առումով դրական է գնահատում: «Որքանով ես առնչվել եմ այս խնդրին, կարող եմ ասել՝ հետախուզվող այդ երիտասարդները, եթե այդ ելքը չունենան, ուղղակի երբեք չեն գա Հայաստան կամ կգան այն ժամանակ, երբ բոլոր վաղեմություններն անցած լինեն: Դա ուղղակի հնարավորություն է, որ այդ մարդիկ, այնուամենայնիվ, ինչ-որ ելք ունենան, և այդ ելքը չլինի Հայաստան չգալը: Սա երևի չարյաց փոքրագույնն է, հնարավոր չէ ասել, որ սա լավ տարբերակ է, բայց ուղղակի, ելնելով իմ շփումներից, կարող եմ ասել՝ սա չարյաց փոքրագույնն է»,- ասաց նա:
Փաստաբանը նկատեց, որ դժվար է ասել՝ որքանով այս օրենքը ներգաղթին կնպաստի, բայց դրա շնորհիվ գոնե կգան Հայաստան, թեկուզ՝ ոչ մշտապես: Ալումյանին այս հարցով բավական շատ են դիմել: Օրենքի օգնությանը դիմում են հենց այն տարիքում, երբ արդեն ծառայելու խնդիր չունեն, բայց ցանկանում են այս խնդիրը լուծել՝ Հայաստան գալ-գնալ կարողանալու համար: Թե ինչ սկզբունքով է որոշվել նախատեսվող տուգանքի չափը, որ տրամաբանությամբ, փաստաբանը դժվարացավ նշել:
«Ես չեմ ասում՝ դա շատ է կամ քիչ, ուղղակի հիմնավորումը չգիտեմ: Երևի փորձ է արվում դրանով գումարային ձևով փոխհատուցել պետության կորուստները: Խնդիրն այն է՝ կատարե՞լ է արդյոք պոտենցիալ զինակոչիկը հանցանք՝ նախատեսված ՀՀ Քրեական օրենսգրքով: Եթե նա, ժամանակին պարտավոր լինելով բանակում ծառայել, խուսափել է այդ զորակոչից, նույնիսկ եթե հետագայում զորակոչման ենթակա չի ինչ-ինչ պատճառներով (տարիքն անցել է, երեխաներ ունի, առողջական վիճակից ելնելով, այլ երկրի քաղաքացի է), այնուամենայնիվ, համարվում է հանցագործություն կատարած, քանի որ ինչ-որ փուլում զորակոչման ենթակա լինելով՝ խուսափել է ծառայությունից, հետևաբար, պիտի կրի պատասխանատվություն, եթե, իհարկե, վաղեմությունը չի անցել կամ համաներում չի կիրառվել»,- ասաց նա:
Եթե հետախուզման մեջ է գտնվում երիտասարդը, ով բանակից ազատվելու հիմքեր է ունեցել, նա կարող է ապացուցել (դա կարող է անել նաև միայն փաստաբանը՝ առանց իր ներկայության), որ ինքը զորակոչի ենթակա չի եղել, և այդ վարույթը կկարճվի: Ըստ փաստաբանի՝ կա նաև վաղեմության ժամկետ (հինգ տարի), որից հետո անձն այլևս ենթակա չի պատասխանատվության. այդ ժամկետը սկսում է հաշվարկվել հանցագործության ավարտման պահից, այսինքն այն պահից, երբ անձն արդեն ենթակա չէր զորակոչման:
Սահմանված գումարը չվճարող, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց պատժաչափը սահմանվում է Քրեական օրենսգրքի 327 հոդվածով (Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը, որով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Նույն արարքը, որը կատարվել է՝ իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, պատժվում է կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: Ալումյանը նշեց, որ օրենքին դեմ կլիներ, եթե դրա բացակայության դեպքում երիտասարդները վերադառնային և հայրենիքին իրենց պարտքը տային, բայց այս դեպքում գոնե նրանց հնարավորություն է տրվում չլինել միշտ հանցագործի կարգավիճակում, հայրենիքից կտրված: