Դեկտեմբերի 12-ին աշխտանքային այցով Երևան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն, ով հրավիրված է մասնակցելու Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին: Վլադիրմիր Պուտինի հայաստանյան այցի բարձրացրած տեղեկատվական աղմուկի ֆոնին, այս մի իրադարձության նյուանսները կարելի է ասել աննկատ մնացին, մինչդեռ Թուրքիան հարցին մոտեցել է ողջ լրջությամբ ու ձեռնամուխ է եղել այս՝ առաջին հայացքից շարքային իրադարձությունը ներառելու փիառ քայլերի այն համակարգի մեջ, որը գործարկվել է, որպեսզի բեկի Թուրքիայի արտաքին բացասական ընկալումը՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:
Որպեսզի հասկանալ, թե որքան լուրջ է Թուրքիան տրամադրված, հարկ է ծանոթանալ, թե ինչ ինֆորմացիոն մթնոլորտ է տիրում Թուրքիայում՝ այս այցելության առնչությամբ: Ի հեճուկս այն հանգամանքի, որ այցը զուտ աշխատանքային է, այլ ոչ պաշտոնական և նմանօրինակ հրավերք ուղղարկվել է նաև Ադրբեջանին, թուրքական մամուլն ու քաղաքական դաշտը բուռն քննարկումների մեջ են: Դավութօղլուն անգամ սկանդալային հայտարարություն էր առել այցի առնչությամբ, որտեղ ասել էր, որ Հայաստանի ղեկավարության հետ կա բանավոր համաձայնություն, որ Հայաստանը զորքերը դուրս կբերի 2 ազատագրված շրջաններից, ինչը դրական նախադրյալներ կստեղծի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար: Ավելին, Դավութողլուն շտապել էր ավելացնել, որ այս ամենի համար Հայաստանի իշխանությունները պետք է պաշտոնապես հայտարարեն իրենց որոշման մասին:
Եթե սա դեռ կարելի է ներքին լսրանի համար կերտված պոպուլիզմ համարել, ապա Թուրքիայի մնացյալ քայլերն արդեն հստակ մեսսիջներ են պարունակում՝ ուղղված միջազգային հանրությանը: Օրերս հայտնի դարձավ, որ TANGO Network (Turkish Armenian NGO Network) վերտառությամբ կազմակերպության կողմից Թբիլիսիում կազմակերպվելու է ամենաերկար ձեռքսեղման արարողությունը՝ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ մասնակիցները պետք է միմյանց ձեռքերը սեղմած պահեն այնքան ժամանակ, որքան կրողնան: Ըստ կազմակերպիչների, սա պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Սա թերևս մեկն է այսպես կոչված «Փափուկ ուժի» կիրառության բազմաթիվ օրինակներից, որոնք գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում աշխարհաքաղաքական խաղերում:
Բացի այս ամենից, արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիան իր վրա է փորձարկում տարածաշրջանային առանցքային գերտերության դերը և պարբերաբար հայտարարվում է, որ Թուրքիայում հիմա աշխատում են խաղաղ Հարավային Կովկաս ունենալու պլանի ճանապարհային քարտեզի վրա, որը թուրքերը պատրաստվում են ներկայացնել շահագրգիռ կողմերին՝ մոտ ապագայում: Սրա մասին խոսում են նաև թուրքական ղեկավարության ակտիվ շփումները տարածաշրջանային այլ տերությունների և հատկապես Ռուսաստանի հետ:
Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Հայոց Ցեղասպանության 100-երորդ տարելիցի նախաշեմին Թուրքիան ձեռնամուխ է եղել փոխելու իր բեկված վարկանիշը և այժմ դիվանագիտական ու հումանիտար ծուղակ է լարում Հայաստանի դեմ: Ինչպե՞ս խուսափել այդ ծուղակից... Լուծումն իրականում ավելի քան տրիվիալ է. մենք հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ պարզորոշ ցույց տվեցինք, որ պատրաստ ենք բանակցությունների՝ առանց նախապայմանների, իսկ Թուրքիան արեց հակառակը և հիմա էլ շարունակում է ինչ որ նախապայմաններ առաջ քաշել՝ ազատագրված շրջանների ու Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ուստի պետք է էլի ու էլի մատնանշել, որ հենց Թուրքիան է ոչ կառուցողական կողմը և հենց Թուրքիան խնդիր ունի մեզ հետ այս պարագայում, այլ ոչ մենք՝ Թուրքիայի:
Մենք արդեն իսկ համաձայնել ենք բանակցել Արցախյան հակամարտության վերաբերյալ Մինսկի խմբի համատեքստում և ամեն ինչ պետք է անել, որ նորանոր միջնորդներ չներգրավվեն այս գործընթացին, առավել ևս՝ ի դեմս Թուրքիայի, իսկ Թուրքիայի տեսակարար կշիռը տարածաշրջանում ու առավել ևս աշխարում դեռ շատ փոքր է, որպեսզի իր նախաձեռնությամբ Թուրքիան կարողանա նման ֆորմատ թելադրել մեզ:
Դե իհարկե նաև պետք չէ հալչել թուրքկան սիրալիրություններից ու ձեռքսեղմումների արարողություններից ու հիշել, թե ում հետ գործ ունենք, որովհետև եթե Ռուսաստանի պարագայում վիճելի է այն պնդումը, որ մեր հյուսիսային հարևանը մեր դարավոր բարեկամն է, ապա Թուրքիայի դեպքում վստահորեն կարելի է պնդել, որ այս երկիրը մեր դարավոր թշնամին է, իսկ ինչ վերաբերում է Դավութօղլուի աշխատանքային այցին, ապա Հայաստանի շահերից է բխում, որ այն հենց այդպիսին էլ մնա՝ աշխատանքային: Դրանից ոչ պակաս, ոչ էլ ավել:



