1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին կոչ է արել իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, սակայն համակարգել իրենց գործողություններն ընդդիմության հետ՝ արյունահեղությունից խուսափելու համար: Այդ կոչը դեկտեմբերի 5-ին Կիևի Անկախության հրապարակում ընդդիմության հանրահավաքին ընթերցել է նախկին վարչապետի դուստրը՝ Եվգենյա Տիմոշենկոն: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր կարող են պայքարել. գործե՛ք,- ասվում է ուղերձում:- Դեռ ուշ չէ: Հրապարակներում միայն խոսակցությունները բավարար չեն: Ուկրաինայի ժողովուրդը պետք է անհապաղ իշխանությունն իր ձեռքը վերցնի»:
Մեր դիմակայությունը խաղաղ է, լեգիտիմ: Այն պետք է հաղթական դառնա, և ես դրանում համոզված եմ: Գործողությունների հստակ ծրագրի վերաբերյալ առաջարկը ես փոխանցել եմ ընդդիմության առաջնորդներին: Հուսով եմ՝ ականջալուր կլինեն»,- ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինական ընդդիմությունը մտադիր է այսօր անցնել անկախ իշխանության ձևավորման: Այս մասին երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ ասել է «Սվոբոդա» կուսակցության առաջնորդդ Օլեգ Տյագնիբոկը:
«Մենք սկսում ենք Կիևում անկախ իշխանություն ձևավորել՝ կիևյան տեղական ինքնակառավարում»,- ասել է նա:
Նա հավաքվածներին տեղեկացրել է, որ ընդդիմությունը միջազգային մեծ աշխատանք է տանում: Նրա խոսքով՝ իրենք դիմում են միջազգային հանրությանը՝ իրենց աջակցելու, Ուկրաինայում արյունահեղությունը դատապարտելու և ուկրաինացի ժողովրդի իրավունքները խախտողների դեմ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով:
Հանրահավաքին ելույթ ունեցած «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմության գործողությունների ծրագիրը դեռևս կազմված է 5 կետից: Այն նախատեսում է քաղբանտարկյալների ազատ արձակում, քրեական հետապնդում ցուցարարներին ծեծելու հրաման տվողների նկատմամբ, կառավարության հրաժարական, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, Ասոցացման համաձայնագրի ստորագրում ԵՄ-ի հետ: