Newsbook.am-ը գրում է.

Արդարադատության նախարարությունն պարբերաբար զարմացնում է «փող շինելու» իր մոլուցքով։ Բանն այն է, որ հիմա էլ այս նախարարության ջանքերով մի նոր տուրք է սահմանմվել. Վճռաբեկ դատարան բողոքներ ներկայացնելու համար հարկավոր է վճարել 20 հազար դրամ: Իսկ եթե չունես այդ գումարը, նշանակում է՝ չես կարող դիմել և հասնել արդարադատության։ Նման տուրքի ներմուծման մասին զրուցեցինք մի շարք իրավաբանների, դատարաններին մոտ կանգնած մասնագետների հետ: Ոմանք նշեցին, թե որոշ երկրներում գոյություն ունեն նման տուրքեր, իսկ շատերն էլ պնդեցին, թե սա մարդու իրավունքների սահմանափակում է, ինչն էլ տանում է դեպի  «ընտրովի արդարադատություն»: Միաժամանակ, այս տուրքի ներմուծումն արդեն նախադրյալներ է ստեղծում այն բանի համար, որ շուտով նախարարությունը կարող է առաջարկություն անել՝ վճարելու դատական նիստերի գումարման համար ևս: Այսինքն, վճարիր այսքան գումար, որպեսզի նիստ կայանա։ Թե ինչ նպատակների համար են ծախսվելու տուրքից գոյացող գումարները, ոչ ոք չի բացատրում, սակայն չի բացառվում, որ նախարարությունը նպատակ է ունեցել հենց այս տուրքերի միջոցով լուծել դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Մնում է միայն գուշակել, որ հեռու չէ այն օրը, երբ ինչպես Վճռաբեկ, այնպես էլ Ընդհանուր իրավասության և Վերաքննիչ դատարաններում նախարարությունը կկիրառի այնպիսի տուրքեր, որոնք մատչելի չեն դարձնի արդար դատաքննությունը, ու կշահեն դարձյալ փող ունեցողները։ 

Լ.Մ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել