Footsport.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ իր մարզական կենսագրության լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացրած, Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից, 21-ամյա Արթուր Դավթյանը, Մոսկվայում ընթացած օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի մարմնամարզության գավաթի միջազգային 20-րդ խաղարկությունում իրեն որպես շնորհալի բազմամարտիկ դրսեւորեց: Բոլոր վեց գործիքների վրա էլ Արթուրը գրեթե անթերի ելույթներ ունեցավ ու առաջ թողնելով միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին, բազմամարտում գրավեց պատվավոր երկրորդ տեղը` իրենից ետ թողնելով ճապոնացի անվանի մարմնամարզիկ Նաոտո Հայասակոյին: Հաճույքով պիտի նշել, որ բոլոր վեց գործիքներում էլ Արթուրը մտավ եզրափակիչ:
Այս պարագայում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հարմար գտավ Արթուրի ծանրաբեռնվածությունը «կիսել» և նրան թույլատրեց մասնակցել միայն հենացատկ, նժույգթափեր և օղակների վրա վարժությունների եզրափակիչներին: Մարզիչը ճիշտ գտնվեց, մանավանդ որ հենացատկերում Եվրոպայում երրորդը ճանաչված հայ մարմնամարզիկը այս անգամ իր սիրելի մրցաձեւում անգերազանցելի էր և 14,737 միավոր արդյունքով վստահորեն գրավեց առաջին տեղը:
Մասնակցած մյուս երկու գործիքների եզրափակիչներում էլ խոստումնալի երիտասարդ հայ մարմնամարզիկը իրեն լավագույն կողմերով դրսեւորեց: Այսպես` օղակների վրա վարժության եզրափակչում ետ մնալով միայն ռուսաստանցի Պավել Պավլովից (15,375) 15,025 ցուցանիշով արծաթե պարգեւի արժանցավ: Նժույգթափերի վրայի վարժության եզրափակչում էլ իրենից առաջ թողնելով միայն ռուսաստանցի Մատվեյ Պետրովին (15,175) , եւ Բելառուսի պատվիրակ Վասիլի Մետլիցինին (14,425) 14,2 արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ