Բաղրամյանի ճամփան հանդի կալերով, կամ՝ յո՞ երթաս, վճռակա՛ն

Irates.am-ը գրում է.

Պուտինը եկել էր ֆորպոստ: Ու նրան ազգիս հավաքական արժանապատվությունը ցուցադրելու վճռականությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մինչ գալը facebook սոցիալական ցանցում դիմադրության նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: Ոգևորության աղբյուրն էլ Կիևի մայդանում ալիք տված հեղափոխությունն էր, որ ուղիղ եթերում Երևանի վճռականների արյունն էր եռացնում: Ես էլ` այդ թվում, պատրաստվում էինք դեկտեմբերի 2-ին, Պուտինի գալը եթե չկանխել, գոնե գլխին հարամ անել, որ իմանա՝ Հայաստանում ոչ բոլորն են խեղճ ու ստրկացած ու դեմ են գաղութացմանը, ոչ մի թշնամություն, իհարկե, չունենալով ռուս ժողովրդի ու ռուսական մշակույթի դեմ, բայց խիստ վիրավորված մեր երկիրը մշակութային էքսպանսիայի ենթարկելու նպատակ հետապնդող պուտինյան ռեժիմից: Հայաստանի Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ իր հերթին ուղղակի խուսանավելու տեղ չէր թողել, գրել էր. «Ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու, ու ասի՝ ռա՛դ եղիր, ուրեմն քուչի թուլա է՝ անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից․ ուրեմն ստրուկ է, տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ: Սա՛ է: Եթե կա այլ տարբերակ՝ ասեք»: Սա իրոք լուրջ մեղադրանք էր, ապառիկ, ու չգնացողը կհամապատասխաներ: Շատերը շտապեցին, կրկին ապառիկ, ներկա գրվել նույն facebook-ում բացված «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության էջում, որ, հեչ որ չլինի, Սաքունցի թուղթ ու գիրը փորձանք չդառնա գլխներին: Ընկերուհիս իր ընտանիքով հատուկ մի օր մնաց Երևանում, որ մասնակցի, նոր գնա Ստեփանավան: Մի խոսքով, պահը լուրջ էր, թեման` պատասխանատու: Եվ դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակը լցվեց: Դե, ոչ ամբողջությամբ, բայց facebook-ում գրանցված մասնակիցները պատշաճ կերպով ներկայացան: Մարդիկ իրենց հետ բերել էին Ուկրաինայի դրոշներ, Հայաստանի խեղճացած կյանքի իրական ճապաղությունը թոթափելու և հավաքվածներին Մայդանի ոգեղենությունից մի քիչ ներշնչելու համար, երևի: Բերել էին նաև կրավորական բովանդակությամբ պաստառներ`բոլորը հայերեն, իբր հայեցի ենք ընդվզում, ու թող Պուտինը մարդ գտնի, որ իր համար թարգմանեն՝ վճռական կեցվածքով: Նշանակված ժամին հարթակ բարձրացավ նախորդ դարասկզբի «էսեռ» ուսանողի կերպարով մի երիտասարդ ու կարդաց մի տեքստ հետևյալ նախաբանով. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին…»: Գոնե ինձ համար սա ակնհայտորեն ՍՍ-ին հրապարակավ ՀՀ նախագահ անվանելու և այդպիսով նրա լեգիտիմությունը հաստատելու հնարք էր: Տեղեկացնեմ, որ ֆեյսբուքյան նախաձեռնության պատին այդ տեքստը առանց նշված նախաբանի էր համակիրներ հավաքել: Երկրորդ անակնկալը հարթակում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտնվելն էր` եռագույնն ուսին: Ֆեյսբուքյան նախաձեռնությունը սա նույնպես չէր նախատեսել, ու Փոստանջյանի հայտնվելը կրկին ազդակ էր, որ հերթական ազնիվ ու ինքնաբուխ հանրային ակցիան «Ժառանգությունն» իրենով կանի ու կտապալի, ինչպես անում էր մինչ այդ: Կտապալի իր անհետևողական, պոպուլիստական հնարքներով հասարակական-քաղաքական հարթակը վերահսկելի ճանապարհով տանելու իմաստով: Տարօրինակ էր նաև հրապարակներում հայոց լեզվի անխոնջ պաշտպանությամբ աչքի ընկնող Արմեն Հովհաննեսյանի կատաղի դիմադրությունը ուկրաինական դրոշ պարզելու ցանկություն հայտնածների նկատմամբ, որ գոռգոռաց, բայց հանկարծակի տեղի տվեց, առաջադրելով Հայաստանի դրոշն առաջին շարքում տանելու անհեթեթ պայմանը: Ինչևէ, ակցիան վերածվեց երթի` դեպի Բաղրամյան փողոց, որտեղ գտնվում է ՀՀ նախագահական նստավայրը, բայց տարօրինակ ու տրամաբանության չենթարկվող երթուղով` տրամագծորեն հակառակ ճանապարհով, դեպի ներքև, դեպի Հյուսիսային պողոտա: Երթը ակնհայտ անկազմակերպ ու տարերային էր: Մասնակիցների կեսից ավելին տարակուսանքի մեջ էր, չէր հասկանում՝ ինչո՞ւ մի քանի կիլոմետր հետ գնալ, նորից Բաղրամյան վերադառնալու համար: Բայց, քանի որ արդեն եկել էինք ու արդեն վճռական էինք, սկսեցինք գոռալ` ամեն մեկն իր դարդի թեման: Կեսը գոռում էր «Սերժիկ, հեռացիր», կեսը` «Ազատ, անկախ, Հայաստան» առանձին ձայներ մրմնջում էին. «Պուտին, հեռացիր»: Այսպես հասանք Հյուսիսային պողոտայի հրապարակ-խաչմերուկն ու դեմ առանք պատի` ոտիկանական: Երբևէ տեսե՞լ եք ուղղաթիռից նկարահանված վայրի ձիերի երամակի խռիվ վազքը` կտրուկ շրջադարձերով: Այսպես մեր բազմության ալիքը շուռ եկավ ու հոսեց դեպի հետ, դեպի Հյուսիսային պողոտայի սկզբնամասը և կրկին դեմ առավ ոստիկանական ցանկապատներին: Էն տեսա, որ Օսիպովը կազմակերպիչներից վերոնշյալ «էսեռին» ասաց, որ գնանք դեպի Հանրապետության հրապարակ, դեպի կառավարության շենք: Նկարագրված միջոցառումների կազմակերպչական դրսևորումներից ինձ, թվում էր, այլևս ոչինչ չի զարմացնի, բայց դեկտեմբերի 2-ին հայ ժողովրդի կամքը Պուտինին ցուցադրելու այս դրսևորումն ուղղակի ապշեցուցիչ թվաց: «Ժառանգությունը», հասկացանք, հանրության ցանկացած ազնիվ կամարտահայտության դրսևորում օպերատիվ կերպով վերահսկելի հոսքերի մեջ ուղղորդելու լուրջ առաքելություն ունի, բայց մնացած կազմակերպիչնե՞րն ինչու չհասկացան, որ մինչև իրենք, պատկերավոր ասած, Համզաչիմանով դեպի Բաղրամյան բողոքի երթ են կազմակերպում, իրենց գտնվելու վայրից մի քանի կիլոմետր այն կողմ պաշտոնական պրոտոկոլն անխաթար կյանքի է կոչվում: Իսկ միգուցե հասկացե՞լ էին, ո՞վ գիտի: Ինչևէ, Օսիպովի թույլատրած ու նախանշած երթուղով ցուցարարները հասել են ՀՀ կառավարության դատարկ շենքի մոտ, հետո թեքվել դեպի Ամիրյան փողոց, որ մտնեն Մաշտոցի պողոտա (վտանգավոր ուղի, որ պաշտոնական շարասյուների երթուղի է ու ճանապարհ դեպի Բաղրամյան, եթե աջ թեքվեին), ու այնտեղ ենթարկվել բերման` մի 100 հոգի: Երևի այդքանն էլ մնացած են եղել, որովհետև ակցիայի մեկնարկին հավաքված մի 2000 հոգուց «վճռական երթի» կեռմաններում շատերն ուղղակի հետ էին դարձել: Ես էլ գնացի տուն ու իրական կյանքի ճապաղությունից փախա դեպի հիպերռեալիզմ և սկսեցի դիտել տեղադրված լուսանկարներն ու տեսագրությունները: Բավականին ազդեցիկ էին, համոզիչ և ցավեցնելու աստիճան հուզիչ: Հայերը պայքարում են շատ վճռական ու կազմակերպված, ամոթ մնացածին, որ չեն միանում. այսպես կարելի է մտածել, եթե իրականությունը չես տեսել, միայն լուսանկարներն ես դիտել:

 

Գայանե ԱՌՈՒԱՏԱՄՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել