Ինձ` որպես ՀՀ քաղաքացու, ՄՄ մտնելու ողջ գործընթացի ընթացքում չի գոհացրել միայն ՀՀ նախագահի պահվածքը՝ առանց քննարկման, առանց կարծիքներ հաշվի առնելու՝ միանգամից համաձայնություն։ Եթե անգամ ՀՀ նախագահը տեղյակ էր, թե ինչ է սպասվում մեզ այնտեղ, որպես ժողովրդավարական հանրապետության նախագահ, պարտավոր էր հաշվի առնել շահագրգիռ կողմերի կարծիքը։ Ինչևիցէ, ներկա պահին դա ինձ համար երկրորդական հարց է, քանզի ՄՄ մտնելու դեպքում, ես ինքս տեսնելով Հայաստանի ներկայիս տնտեսության, ինչպես նաև ռազմական սպառազինության «բացերը», եկա եզրահանգման, որ պետք չէ հիստերիայի մեջ ընկնել և մտածել, որ այդ կերպ մենք կկորցնենք մեր անկախությունը, այլ պետք է սառը դատել և նկատել, որ մտնելով ՄՄ, մեր երկիրը իրոք շահում է` հաշվի առնելով ներկայիս Հայաստանի վիճակը։ ՌԴ նախագահը մի շարք, այսպես ասած, «բոնուսներ» է առաջարկել մեզ ՄՄ մտնելու դիմաց, և փոխանակ ուրախանանք, որ առանց այդ էլ սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված ՀՀ հասարակության բեռը ինչ-որ չափով կթոթափվի, դրել ինչերից ենք խոսում։ Ոչ ոք չբարձրաձայնեց չէ՞, որ հետայսու Հայաստան ներմուծվող գազի սակագինը մինիմում 30%-ով իջնելուա, այսինքն 1000 խոր․ մետր գազի դիմաց վճարելու ենք 189$՝ ներկայիս 270 $-ի փոխարեն։ Ոչ ոք չբարձրաձայնեց չէ՞, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող նավթամթերքի արտահանման մաքսատուրք այլևս չի լինելու, այստեղից ևս հետևություն, որ կոնկրետ բենզինը պետք է էժանանա մոտավորապես 10%-ով: Ոչ ոք չբարձրաձայնեց չէ՞, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող չմշակված ադամանդի արժեքը ևս կիջեցվի 6.5%-ով՝ արտահանման մաքսատուրքը այլևս չկա։ Ոչ ոք չբարձրաձայնեց չէ՞, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանի երկաթգծի կառուցման գործում, որը կձգվի Վրաստանով, Ռուսաստանով և այլ երկրներով, ինչից եզրակացություն, որ այդ ժամանակ մեր երկիրը փաստացիորեն դուրս կգա այսպես ասված «փակուղուց, օղակից» և կունենա արտաքին կապ այլ պետությունների հետ` երկաթգծի օգնությամբ։ Ոչ ոք չբարձրաձայնեց չէ՞, որ Ռուսաստանը բացառիկ առաջարկ է արել մեր երկրի համար` կապված ռազմական տեխնիկա ձեռք բերելու հետ, այն է գործարանային գնով տրամադրել Հայաստանին։ Մի խոսքով, ՄՄ մտնելով, կարող ենք ապավինել տնտեսական, ռազմական, էներգետիկ, միջուկային և այլ ոլորտներում համագործակցությանը։ Իսկ ինչի՞ չբարձրաձայնվեց, որովհետև մենք սովոր ենք քննադատելուն․․․ Հաշվի առնենք նաև, որ ներկա պահին մենք ունենք լարվածություն սահմանում, իսկ Պուտինը իր խոսքում հստակ ասեց, որ Ռուսաստանը ցանկանում է Կովկասում ունենալ հզոր և կայուն դաշնակից։ Այսինքն, ռուսական զորքերը կմնան ՀՀ-ի սահմանին և հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտան մեր զորքերի հետ միասին թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային (ՀԱՊԿ շրջանակներում)։
Հ․Գ․ Հարցս ուղղում եմ բոլոր այն անձանց, ովքեր մտածում են, որ ՄՄ մտնելով մենք կկորցնենք մեր անկախությունը՝ Հայաստանը խորհրդային տարիների՞ն էր ավելի անկախ, թե 1991թ․-ից ի վեր։ 

Հ․Գ․Գ․ Մեկ էլ մի բան, ես ռուսներին «բարի քյալա» չեմ ասում, ուղղակի մեր կարգավիճակում ՄՄ մտնելը ձեռնտու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել